ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Այդ ներկայացման ամենահաւանական սցենարը Բաքւի ռեժիմի պատւէրն էր

«ԱԼԻՔ» – Իրանցի քաղաքագէտ Փոյա Հոսէյնին իր ֆէյսբուքի իր էջում գրառում է հրապարակել եւ նշել, որ բացառւած չէ, որ Երեւանի Հանրապետութեան հրապարակում կատարւածը տեղի է ունեցել Բաքւի պատւէրով, որի նպատակներից է եղել չափազանց խիստ զգայուն այս ժամանակահատւածում, Իրանի նկատմամաբ անվստահութեան մթնոլորտ ստեղծել հայութեան մօտ:

Փորձագէտը նշել է, որ դժւար չէ պատկերացնել այդ գործընթացը. «Վճարում ես մի քանի իրանցիների, որ գնան խմեն ու պար բռնեն Երեւանի կենտրոնում ու թուրքերէն երգեն Ղարաբաղի մասին այդ երգերը: Այդպէս ուշադրութիւն են գրաւելու, եւ մարդիկ տեսագրելու են ու, հաւանաբար, կատարւածը սոցցանցերում լայն տարածում կունենայ: Արդիւնքում, հայութեան արժանապատւութիւնն ու զգացումները վիրաւորելով  եւ այն բանից յետոյ, երբ պարզւեց դրանք Իրանի քաղաքացիներ են ու Հայաստան են այցելել Իրանի հետ սահմանից, հայութեան մօտ ծագելու է հակաիրանական զգացմունքներ եւ տրամադրութիւն (ամենահաւանական սցենարը)»:

Իրանցի քաղաքագէտը դատապարտելով կատարւածն ընդգծել է. «Կոչ եմ անում դատապարտել երկու հարեւան եւ բարեկամ եւ եղբայրական երկրների՝ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները վտանգող ցանկացած փորձ ու դաւադրութիւն, եւ  պահանջում եմ Իրանի եւ Հայաստանի անվտանգութեան ծառայութիւններից՝ համատեղ եւ համադրւած գործողութեամբ զբաղւել կատարւածով։ Սա, անշուշտ, Բաքւի ռեժիմի քարոզչամեքենայի կողմից ծրագրւած կեղտոտ ու նպատակային ներկայացում էր։ Բաքւի ռեժիմի խաբէութիւններին չտրւելը բոլորիս պարտքն է։

 Կեցցէ՛ Հայաստանը, կեցցէ՛ Իրանը, կեցցէ՛ Արցախի հերոս ժողովուրդը, կեցցէ՛ երկու եղբայր ազգերը»-, գրել է Փոյա Հոսէյնին։

Related Articles

Back to top button