ԱԼՒԱՐԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Գրողը
Բան պիտի իմանաս, որ գրես։ Իմանաս եւ ապրես, պիտի կրթւած լինես ուղղակի։ Առնւազն Կարպիս Սուրէնեանցի նման, որը փայլուն էսսէիստ էր։ Ես գուցէ մի քիչ շփացած եմ. եթէ իմ 17 տարեկան թոռն արդէն Նիցշէ է կարդում, մտածում եմ` ուրեմն ինքը մենակ չի։ Շատ հազւագիւտ յատկանիշ է էդ սերնդի համար` աւելին իմանալու, աշխարհաճանաչողութեան գրգիռը: Ռաբիսական մի շերտ կայ դեռ, բայց միջուկը, կորիզը միշտ էլ փոքր է լինում։ Էդպիսի պտուղ չկայ, որի կորիզը մեծ լինի, եթէ մեծ է՝ էդքան լաւ պտուղ չի։ Մեր էս նոր սերնդի կորիզը շատ լաւն է՝ ամուր, շշմելու։ 16 եւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոները, ոսկէ մեդալակիրները հայ շախմատիստներն են։ Լացս հաճոյքից, հպարտութիւնից գալիս է։ Էդ էլ հո շախմատը, որ պարապ վախտի խաղալիք չի։ Պիտի ունենանս որոշակի ե՛ւ ազգային գենետիկ յակւածութիւն, ե՛ւ որոշակի ուղեղի կառուցւածք, չէ՞:
Կենդանի դասական
Ինձ միշտ կարելի է աւելորդ անկեղծութեան մէջ մեղադրել, հակառակը` չէ։ Ես մոդայիկ չեմ։ Միշտ ասում եմ մոդայիկ թիթեռները վառւում են։ Կենդանի բառը լաւ է, բայց ես շատ ամաչկոտ մարդ եմ: Ինձ ուղղափառ արձակագիր եմ անւանում։ Բայց կարծում եմ, այնուամենայնիւ, ես երեւի թէ պրոֆեսինալ եմ։ Իսկ էդ կենդանի դասականը գուցէ թոռներիս դուր կը գայ։ Թոռս իր մի նկարը ցոյց տւեց, որը դասատուները չէին հաւանել, իսկ ես հիացած էի։ Ուրախ եմ, որ ես էդ նկարը հաւանեցի: Ինքը վստահ էր, որ կարող է ես էլ չհաւանեմ, ասեցի` էս ինչ հրաշք է։ Այսինքն` ես դաական չեմ, որ դասական լինէի, պիտի չհաւանէի էդ նկարը:
Կուզէի
Երբ պատմւածքս տպւում էր «Գարունում», ինձ թւում էր, թէ ամբողջ Երեւանը հմայւած իմ յետեւից վազում է իմ պատմւածքով հիացած։ Էդ տարիքում լինէի, որովհետեւ դրանից աւելի չքնաղ վիճակ չեմ յիշում: Հիմա մի տեսակ կուշտ կատւի պէս չեմ ուզում ոչին։
Հաճոյախօսութիւն
Միշտ ասել եմ` թմբլիկ եմ, ստիպւած հանդիսաւոր եմ էդ թմբլիկութեան պատճառով, չեմ կարող թռչկոտել։ Բայց իմ ներսում բացարձակ ոչ մի հանդիսաւոր բան չկայ։ Տղաս ասում էր «իմ խուլիգան մամաս», եւ ես դա համարում էի հաճոյախօսութիւն։ Իմ հարսի հայրը, որը իմ ընկերն էր, ասում էր` «ըհն, եթերային թբմլիկը եկաւ»։ Համարում եմ` որպէս կին լաւագոյն հաճոյախօսութիւնն էդ է եղել։ Շատ շարժուն էի, հիմա ոտքերս գնում-գնում են «եարիս մօտ չեն հասնում»։ Հիւանդ եմ, բայց ուղեղս դեռ մնացել է նոյն անկարգ եւ ոչ դասական վիճակում։
Կանանց դարը
Գեղրաւեստում աղջիկներն են շատացել։ Օրինակ իմ սերնդի շրջանում մի քանի աղջիկ նկարիչներ կային, որոնցից մէկը՝ ընկերուհիս՝ Ադէլ Հայրապետեանն էր, հիմա Լեհաստանի առաջին գեղանկարիչներից մէկն է համարւում: Հարսս Թերլեմեզեանի տնօրէնն է, ասում է հիմա ֆանտաստիկ,անհաւատալի տաղանդաւոր աղջիկներ կան։ Ես վախենում եմ դրանից։ 21 դարը դառնում է կանանց դար, չեմ ուզում։ Տղամարդկանց դարում եմ ուզում ապրել։ Միշտ եմ էդպէս մտածել։ Հայրիշխանութեան կողմնակից եմ։ Վախենում եմ` ինչո՞ւ պիտի էսքան ակտիւանան կանայք, ուրեմն ինչ-որ մի տեղ տղամարդիկ ազնւացել են։ Ափսոս։
Իմ մտերիմները
Երախտամոռութիւնը ամենասարսափելի մեղքերից մէկն է։ Ես բարձրաձայն մտածողներից եմ, ում սիրում եմ՝ սիրում եմ։ Սիրում եմ նրանց, ովքեր ինձ են սիրում։ Էդ էլ Ալեքսանդր Դիւմայից գողացայ: Առողջ բան է էլի։
Իմ կռիւը
Նկարիչ ընկերներիցս մէկը` լուսահոգի Վիգէն Թադէոսեանը, մի օր ասաց. «Ստեղծագործական կիրքդ էնքան ուժեղ է, որ ուզում ես էս ինչքան ք-ով սկսւող վատ բառ կայ մարդ սարքել։ Բայց յետոյ, որ չի լինում, նստում ես ու զարմացած մտածում ես»։ Եղբայրս էլ ասում էր․«Հիանալի է, հոյակապ է, յետոյ թըրըխկ ընկնելու ես»։ Ես նախընտրում եմ միշտ սխալւել` լաւ մտածելով։ Ես հրեշտակ չեմ, ոչ էլ գառնուկ եմ։ Նաեւ յիշաչար եմ, եւ պատժել գիտեմ:
Իմ զարմանքը
Տափակ մարդիկ չեն զարմանում, իմ կարծիքով։ Ո՞նց կարող եմ չզարմանալ էս ծաղիկների գեղեցկութիւնից: Իմ եւ Սիլւա Կապուտիկեանի տարբերութիւնը դրանում է։ Նա մտածում էր`մեր համար առաջին տիկինն է, իրեն պիտի անպայման մեծարեն։ Մի անգամ իմ մասին մորաքրոջս ասել էր․«Խանումը շատ մեծամիտ է, ինձ տեսնում է չի բարեւում»։ Յետոյ ինձ տեսաւ, ասաց․«Քեզ բանբասել եմ, հո չե՞ս նեղացել»։ Ասացի- «Չէ, զարմացել եմ, որովհետեւ, եթէ ես Սիլւա Կապուտիկեանը լինէի, առաջինը ես կը բարեւէի ինձնից կրտսերներին, իսկ ես ոտքի տակ չեմ սիրում ընկնել»։ Չեմ կարծում, որ պարտաւոր են մեծարել ինձ, բայց յիշե՞լ. լաւ կը լինի, որ յիշեն։