Իրանի պատմամշակութային կոթողները՝ Իրանահայ լուսանկարչի բացառիկ մեկնաբանութեամբ
![](/wp-content/uploads/2025/02/5781-780x470.jpg)
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երէկ՝ փետրւարի 5-ին, «Իրանի ազգային թանգարան»-ի կենտրոնական պատկերասրահում բացումը կատարւեց «Իրան. Սրբացած երկրի» խորագրով Հերբերտ Քարիմ Մասիհիի լուսանկարչական ցուցահանդէսի:
Պատկերասրահի չուրս դահլիճներում ցուցադրութեան հանւած աւելի քան 60 լուսանկարներով, իրանահայ լուսանկարիչը պատմում է հազարամեակների քարակերտ կոթողների մասին, որոնք լուսանկարելու համար նա տրամադրել է աւելի քան 10-ը տարի: Հերբերտն արդէն իսկ յայտնի է որպէս պատմական կոթողների լուսանկարիչ եւ հնագոյն արտեֆակտներ լուսանկարելու ուրոյն ոճ ունի: Նրա հայեացքը սիւժէին կարելի է մեկնաբանել որպէս՝ վաւերագրականի ու կերպարւեստի ոճերի միաձուլում։
Ցուցահանդէսը նախքան մայրաքաղաքի ամենահեղինակաւոր թանգարանում յայտնւելը ցուցադրութեան էր հանւել Պերսեպոլիսում եւ Շիրազի Շահչերաղում:
Հերբերտն Իրանի պատմական եզակի կոթողները լուսանկարելու նախագիծն իրականացնելու ընթացքում, ինչը նրա կարծիքով պեղումների իւրատեսակ աշխատանք է նաեւ, բացայայտել եւ լուսանկարել է Պերսպոլիսը կառուցող քանդակագործների եւ ճարտարապետների ստորագրութիւնները: Ներկայացրած աշխատանքի համար Հերբերտն արժանացելէ «Պասարգադ» հիմնադրամի 1403-ի «Նովրուզ» մրցանակի եւ «Տարւայ մարդ» կոչմանը՝ տեսողական արւեստում:
Նա կարողացել է աւելի քան 700 վիմագիր ստորագրութիւն հաւաքել Պերսեպոլիսի կոթողների ու փորագրութիւնների վրայ՝ պարզելու, որ Պերսեպոլիսը ստեղծւել է հին ժամանակների միքելանջելոների ու պիկասոների ձեռամբ՝ տարբեր քաղաքակրթութիւններից, որոնցից իւրաքանչիւրն իր ժամանակի լաւագոյն նկարիչն ու քանդակագործ ճարտարապետն է եղել:
Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ փետրւարի 20-ը: Թանգարան այցելելու յարմարաւէտ միջոցը եւ հասցէն Թեհրանի մետրոպոլիտենն է եւ «Էմամ Խոմէինի» կանգառը: