Նւիրւած՝ Հ. Մ. «Սիփան» միութեան հիմնադրման 60-ամեակին բացումը կատարւեց հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ծնողների 6-րդ մարզական մրցաշարի
«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, նոյն միութեան Մարզական բաժանմունքի նախաձեռնութեամբ բացումը կատարւեց հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ծնողների մարզական 6-րդ մրցաշարի: Խաղերը նւիրւած են լինելու «Սիփան» միութեան հիմնադրման 60-ամեակին:
Հանդիսատեսի շարքերն էին համալրել Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, ինչպէս նաեւ հայոց ազգային դպրոցների տեսուչներն ու ուսուցիչները, եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչները:
Մասնակցող կրթօջախների խմբերի անունով դաջւած ցուցատախտակներով մարզադահլիճ մուտք գործեցին «Սիփան»-ի մինի բասկետբոլի սաները, որոնց իրականացրած տողանցքին յաջորդեց գեղարւեստական ծրագիրը:
Երգային կատարումներով ելոյթ ունեցան երիտասարդ երգչուհիներ՝ Փաթրիշիա Դաւթեանը եւ Նարէ Դարուսին:
Կազմակերպիչ յանձնախմբի խօսքով՝ մրցաշարն անց է կացւում ֆուտսալ մարզաձեւում: Իսկ բասկետբոլիստ ծնողների յայտագրումն ու գրանցումն աւարտւելուց յետոյ որոշում կը կայացւի նաեւ այդ ուղղութեամբ:
Մրցաշարին մասնակցող խմբերի ցուցակն են համալրել «Ահարոնեան», «Արաքս», «Գիւլբենգեան», «Էլպիս Ֆերահեան», «Թունեան» (տարրական), «Մարիամ» հաստատութիւն, «Նայիրի» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցների ու մանկապարտէզների հայրիկները:
Ծրագրի պաշտօնական բաժինը մեկնարկեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնով, որի հետ միասին Հ. Մ. «Սիփան» միութեան Սկաուտական բաժանմունքի մասնակցութեամբ տեղի ունեցաւ ԻԻՀ ազգային դրօշի արարողակարգը:
Ծրագրի հաղորդավար՝ Ալենուշ Յովսէփեանը ներկայացնելով օրւայ ծրագիրը խօսքը փոխանցեց Քարմէն Չհարմահալիին «Սիփան» միւթեան վարչութեան խօսքն ընթերցելու:
Տարիների ընթացքում կատարած նւիրական աշխատանքների եւ միութենական կեանքի զարգացման գործում ցուցաբերած անկոտրում կամքի համար, բազմավաստակ միութենական գործիչներ՝ Վաչիկ Ղազարեանը, Անդրանիկ Իպարնոսեանը եւ Համբարձում Դարբիդեանը միութեան վարչութեան նախագահի ձեռամբ գնահատւեցին յուշանւէրներով:
Նոյն օրը առաջին հանդիպումներն են անց կացւել «Ահարոնեան»-«Թունեան» եւ «Շնաթ-Մարիամեան»-«Էլպիս Ֆերահեան» ֆուտսալի խմբերի միջեւ: Առաջին հանդիպումն աւարտին հասաւ 5-1 ելքով, իսկ երկրորդ խաղի դէպքում՝ 5-3 հաշւով առաւելութեան հասաւ «Շանթ-Մարիամեան»-ը:
Շուրջ 70 մարզիկների մասնակցութեամբ այս մրցաշարի հանդիպումները տեղի են ունենալու հինգշաբթի եւ ուրբաթ օրերը եւ տեւելու են շուրջ չորս շաբաթ:
Լուսանկարները՝ Հատիսի