Հայաստան - Արցախ

Երկրի ճակատագիրը քննարկւո՞ւմ է երկրի ներսում եւ երկրի հետ

Ալիեւն ասում է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանին է ներկայացւել «Խաղաղութեան պայմանագրի» տարբերակը։ Աշխարհի կենտրոնները պնդում են՝ շուտափոյթ կնքել այն։

Ո՞ւմ հետ է քննարկել այն Նիկոլը։ Ենթադրաբար, որպէս պատմական եւ պետական կարեւոր փաստաթուղթ այն պէտք է քննարկւած լինի.

– Խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թւում՝ ընդդիմութեան հետ։ Եղե՞լ է նման բան, թէ՞ ոչ։

– Փորձառու դիւանագէտների հետ, որոնք լաւ գիտեն կոնֆլիկտի էութիւնը, բանակցային պատմութիւնը, միջնորդների հակւածութիւնը։

– ԱԺ-ից դուրս տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, փորձագէտների այն խմբերի հետ, որոնք ունեն եւ համապատասխան գրագիտութիւն, եւ պարկեշտութիւն՝ գործարքի չգնալու երկրի ճակատագրին վերաբերող հարցերում։

– Նախկին նախագահների հետ. քննարկւե՞լ է։

– Միջազգային իրաւունքի լուրջ մասնագէտների հետ՝ Հայաստանում եւ Սփիւռքում։ Նման մասնագէտներ մենք ունենք. քննարկւե՞լ է նրանց հետ։

Վերջը Նիկոլը ո՞ւմ հետ է քննարկում եւ որոշումներ կայացնում՝ մի ամբողջ ժողովրդի եւ պետութեան ճակատագրի վերաբերեալ։ Սա ի՞նչ բացառիկ իրաւունք է, որ ինքը եւ մենք տւել ենք իրեն։

Հարցի միւս կողմը

Իսկ ո՞ւմ է հետաքրքիր այս ամէնը՝ պայմանագիրը, պետութիւնը… Ուսանողները, անկախ մասնագիտութիւնից, երբ մտնում են լսարան, իրենց դասախօսներին ասո՞ւմ են. առարկան դնենք մի կողմ, սեպտմեբերի 11-ից մեզ պայմանագիր է առաջարկւած, կո՞ղմ ենք, կողմ չե՞նք, քննարկենք։ Դասախօսները դիմո՞ւմ են նրանց նոյն հարցով։ Գիտական, ակադեմիական շրջանակներն իրենց ներսում հաւաքւո՞ւմ են այս հարցի շուրջ, կա՞յ քննարկում։

ԲՈՒՀ-երը, համալսարանները, որոնք ամբողջ աշխարհում համարւում են մտքի, առաջադիմութեան, դիմադրութեան օջախներ, լուռ նստած են։ Եթէ այս հարցում չկաք, բա էլ ո՞ր հարցում կաք։ Այս ի՞նչ մթնոլորտ է տիրում։

Ստեղծագործական միութիւնները, մշակութային օջախները. Ո՞ւմ են պէտք դրանք, եթէ նրանք ձկան պէս լուռ են եւ միշտ՝ անտեսակէտ։ Խոշոր կապիտալը, միջին բիզնեսը՝ այսպէս կոչւած բիզնես էլիտան, ունի՞ տեսակէտ։

Ազգային ահազանգի առաքելութիւնը վերցրել են եկեղեցին եւ անհատների ինստիտուտը։ Բայց դա ակնյայտ բաւարար չէ:

Այս ամէն ինչը Ադրբեջանը ֆիքսում է, Թուրքիան ֆիքսում է, միջազգային հանրութիւնը ֆիքսում է. բոլորը ֆիքսում են մեր պատմական անլրջութիւնը։

Ընդդիմութեան տապալւած դերը

Ընդդիմութեան կարեւորագոյն խորքային գործը, առաքելութիւնը երկրում մթնոլորտի փոփոխութիւնն էր։ Բոլոր ցնցումները, բոլոր ֆորսմաժորները երկրում կատարւեցին, բայց ընդդիմութիւնը չկարողացաւ փոխել մթնոլորտը։

Չկարողացաւ կամ չուզեց. ես չգիտեմ արդէն։ Դա անլուծելի խնդիր չէր՝ փոխել համատարած անտարբերութեան եւ յանձնւածութեան մթնոլորտը։ Դա պէտք էր անել սեփական վարքագծի փոփոխութեամբ, եւ ոչ թէ՝ բոլոր աղէտներից առաջ, ընթացքում եւ յետոյ՝ շարունակել հանդարտ եւ անհաղորդ «աշխատել»։

Ու հիմա ունենք ինքն իր համար իշխանութիւն, ինքն իր համար՝ խորհրդարանական ընդդիմութիւն, ինքն իր համար՝ հասարակութիւն, ինքն իր համար պայմանագիր ու ինքն իր համար՝ վտանգւած ապագայ։

Կան տարբեր ելքեր

Այս աննորմալ իրավիճակը, երբ կայ ռէալ հակառակորդ եւ ռէալ ռիսկեր ու իրականութեանն անհաղորդ Հայաստան, կարող է շատ արագ բերել արտահերթ ընտրութիւնների։ Սա ելքերից մէկն է, չգիտեմ՝ լաւագո՞յնը, թէ՞ ոչ, բայց «ոչ մի բանի մասին իրականութիւնը» չի կարող երկար շարունակւել։ Արտահերթ ընտրութիւնների եւ այլ հնարաւոր զարգացումների մասին՝ յաջորդիւ։

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր

Related Articles

Back to top button