Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Արցախի հարցն օրակարգում ունենալով՝ Էրդողանը փորձում է տարածաշրջանի ապագայի հետ կապւած բանակցութիւնները վարել ՌԴ-ի հետ»
Թուրքական լրատւամիջոցները յայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ մեկնելուց առաջ ճեպազրոյցի ժամանակ, ասել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ի դէպ, Էրդողանը նաեւ ասել է, որ առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, բայց դեռ արձագանգ չի ստացել:
«168.am»-ի հետ զրոյցում քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանն ասաց, որ Թուրքիան վաղուց է հասել իր նպատակին՝ դառնալով արցախեան բանակցութիւնների կողմ։
«2020 թւականի արցախեան 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ, պայմանաւորւածութիւնների մէջ էր նաեւ այդ փաստը, որ Թուրքիան, բացի նրանից, որ ռազմական ներկայութիւն է բերում Արցախ՝ օկուպացւած Ակնայի շրջան, նաեւ ըստ էութեան դարձել է բանակցող կողմ։
Կարելի է ասել, որ ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմաքաղաքական իր ներկայութիւնն է ապահովել բանակցային այս գործընթացում»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարեանը։
Նրա խօսքով՝ բանակցային գործընթացում իր ներկայութիւնն ապահովելու մասին Թուրքիան յայտարարել էր Արցախի դէմ պատերազմ սկսելուց առաջ՝ իրեն հռչակելով հակամարտութեան կողմ։
«Թուրքիայի պաշտպանութեան նախարարը 2020 թւականին բաց տեքստով էր յայտարարում, որ իրենք մասնակից են լինելու այդ պատերազմին։ Դրա համար, ցաւօք, այո, այն խնդիրը, որը մօտաւորապէս 2 տասնամեակ եւ աւելին լուծւում էր ՀՀ նախկին իշխանութիւնների կողմից, այսինքն՝ Թուրքիային զսպում էին Հարաւային Կովկասում, սա Անկարան կարողացաւ յաղթահարել 2020 թւականին։ Հիմա էլ հասկանալի է, որ բանակցային գործընթացում Թուրքիան վճռական նշանակութիւն ունի։ Ընդորում, Հայաստանի հետ որեւէ մէկը չի էլ բանակցում։ Այսինքն՝ Արցախի խնդիրը հիմնականում քննարկւում է Մոսկւա-Անկարա-Թեհրան, Բրիւսէլ-Վաշինգտոն հարթակներում, իսկ Երեւանն ու Ստեփանակերտն ըստ էութեան դարձել են այդ կենտրոնների գործիքները տարածաշրջանում։ Այդ իմաստով Էրդողանի առաջարկը լիովին տեղաւորւում է այն իրողութիւնների մէջ, որոնք ձեւաւորւել են այս դաւաճանական իշխանութիւնների իշխանավարման արդիւնքում»,- յաւելեց քաղաքագէտը։
Հարցին՝ այս պարագայում ո՞վ է Հայաստանի դաշնակիցը, Հրանտ Մելիք-Շահնազարեանը պատասխանեց՝ աւելի ճիշտ է հարցնել, թէ ո՞վ է Արցախի դաշնակիցը, քանի որ այդ ձեւաչափում Արցախի շահերը որեւէ մէկը չի ներկայացնում։
«Այստեղ խնդիրը վերաբերում է հէնց Արցախին, Հայաստանի իշխանութիւնները, ցաւօք, Հայաստանը դուրս են բերել ընդհանրապէս Արցախի խնդրի ցանկացած տիպի քննարկման օրակարգից։
Էրդողանը, նման յայտարարութիւններ անելով, հիմա ըստ էութեան ոչ թէ Հայաստանից է ինչ-որ բան փորձում կորզել, այլ Արցախի հարցն օրակարգում ունենալով՝ փորձում է տարածաշրջանի ապագայի հետ կապւած բանակցութիւններ վարել Ռուսաստանի հետ։ Այս կերպ նաեւ ցանկանում է Իրանին դուրս բերել այս ֆորմատից, քանի որ իրանական կողմն էլ անընդհատ պնդում է «3+3» ֆորմատի շրջանակներում Հարաւային Կովկասի խնդիրները քննարկելու վերաբերեալ։
Ստացւում է, որ Արցախն այս առաջարկի մէջ պատրւակ է, Հայաստանն այն երկիրն է, որի պարագայում Թուրքիան վստահ է՝ անելու է այնպէս, ինչպէս իրենք են պահանջում։ Սրանով ձեւաւորւելու է ինչ-որ մեծամասնութիւն, որով Անկարան յոյս ունի ազդել Մոսկւայի դիրքորոշումների վրայ։ Կարծում եմ՝ նրանք սա են փորձում անել»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարեանը։