Եւլախ մեկնած Արցախի պատւիրակութիւնը դեռ չի հասել Ստեփանակերտ
Ադրբեջանի հետ բանակցութիւնների մեկնած Արցախի պատւիրակութիւնը դեռ Ստեփանակերտ չի հասել։
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանն Aysor.am-ին ասաց, թէ այս պահին որեւէ տեղեկութիւն չի կարող փոխանցել՝ ինչ են բանակցել Եւլախում։
«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, մեր պատւիրակութիւնը դեռ ճանապարհին է, Ստեփանակերտ չեն հասել»,- Aysor.am-ին ասաց Իշխանեանը։
Յիշեցնենք՝ Եւլախում աւարտւել են Արցախի Հանրապետութեան պատւիրակութեան ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ բանակցութիւնները։
Նշւում է, որ բանակցութիւններում քննարկւել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։
Հանդիպման վերաբերեալ այլ մանրամասներ դեռ յայտնի չեն։
Յիշեցնենք՝ արցախեան կողմից բանակցութիւնների մեկնել էին «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Մելքումեանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութեան անդամ Արէգ Աւագեանը, Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգէյ Մարտիրոսեանը։
Ադրբեջանական կողմին Եւլախում ներկայացնում էին խորհրդարանական պատգամաւոր Ռամին Մամեդովը, որին Ալիեւը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու, նաեւ՝ Ադրբեջանի նախագահի յատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիեւը, Յատուկ ներկայացուցչի գրասենեակի աշխատակից Իլքին Սուլթանովը։