Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Չպէտք է թոյլ տալ Փաշինեանին կրկին խաբի ժողովրդին եւ հերթական զիջումը ներկայացնել իբրեւ բաղձալի ձեռքբերում»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը զգուշացրել է, որ չպէտք է թոյլ տալ Փաշինեանին, որպէսզի կրկին խաբի ժողովրդին եւ հերթական զիջումը ներկայացնել իբրեւ բաղձալի ձեռքբերում:

 «Փաշինեանի ուղերձը խոստովանութիւն էր Վաշինգտոնեան գործընթացի տապալման մասին: Ինչո՞ւ:

  1. Ադրբեջանի հետ «յարատեւ խաղաղութեան» հաստատման ու «կոնֆլիկտի էջը փակելու» մասին յայտարարութիւններից ընդամէնը մի քանի օր անց Փաշինեանը, քաջ գիտակցելով, որ այդ յայտարարութիւնները թողնում են տպաւորութիւն, որ այլեւս աւարտւած է մեր ժողովրդի ու երկրի հաշւին նոր զիջումներ իրականացնելու փուլը, ստիպւած էր ուղիղ եթերում խոստովանել, որ դեռեւս կան ադրբեջանական նոր պահանջներ, որոնց կատարման շուրջ ինքն այժմ բանակցում է: Հէնց այդ նոր զիջումներին նախապատրաստելու համար էին յայտարարութիւնները, որ մեր վերահսկողութեան տակ դեռեւս կան ադրբեջանական տարածքներ: Այսինքն՝ Փաշինեանը, իր իսկ խօսքերով, «դարի պայմանագիրը» նախաստորագրելուց ընդամէնը ժամեր անց ստիպւած էր յայտարարել, որ դրանով մեր զիջումները չեն աւարտւում:
  2. Աւելին, Փաշինեանն, ըստ էութեան, յայտարարեց, որ ադրբեջանական զօրքերը դուրս չեն գալու օկուպացւած տարածքներից: Մինչդեռ ընդամէնը մի քանի ամիս առաջ վարչախմբի ներկայացուցիչները յայտարարում էին, որ այդ հարցը լուծւելու է սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում: Սակայն, յայտարարելով, որ հայկական վերահսկողութեան տակ կան ադրբեջանական տարածքներ, Փաշինեանը փակեց ադրբեջանական զօրքերի դուրս բերման հարցը՝ դուռ բացելով նոր տարածքային զիջումներ համար:
  3. Չնայած իրականացւած տեղեկատւական ահաբեկչութեանը, չնայած Վաշինգտոնում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների վերաբերեալ հարցեր բարձրաձայնողներին «պատերազմ տենչողներ» պիտակաւորելուն ու սեփական ժողովրդին նոր պատերազմով սպառնալուն, Փաշինեանը ստիպւած էր խոստովանել, որ հանրութեանը խաբել, խոշոր հաշւով, չի ստացւել, եւ մարդիկ տալիս են պարզ հարցեր՝ «ինչպէ՞ս ենք խաղաղութիւն հաստատում, երբ.

– մեր գերիները չեն վերադարձել,

– երբ ադրբեջանական զօրքը ՀՀ տարածքում է,

– երբ չի քննարկւում Արցախի հայերի իրաւունքների հարցը, որից էլ ծագել է այս ամբողջ հակամարտութիւնը»:

Սրանք ամենաբնական հարցերն են, որոնք առաջինն են առաջանում մարդկանց մտքերում, երբ յայտարարում են, որ բացւել է «խաղաղութեան դարաշրջան»:

Սակայն, քանի որ այս հարցերին պատասխաններ չկան, վարչախմբի ներկայացուցիչները միայն պիտակաւորում են հարցեր տւողներին եւ շարունակում վախեցնել մեր ժողովրդին:

  1. Փաշինեանը նաեւ փորձեց ներկայացնել, որ իր գործունէութեան վերաբերեալ որեւէ ընդվզում չկայ, ուստի բոլորը համաձայն են դրանց հետ: Մինչդեռ բաց է մնում հարցը, եթէ մեւ երկրում իր վարած քաղաքականութեան դէմ ընդվզում չկար, 2022 թ. յունիսի 3-ին ինչո՞ւ կրակեցին ժողովրդի վրայ, 42 անձ կալանաւորցիք, ինչո՞ւ նոյնն արեցիք 2024 թ. յունիսի 12-ին՝ մարմնական վնասւածքներ պատճառելով 101 քաղաքացու, կալանաւորելով 18-ին, եթէ ընվզում չկայ` այսօր Սրբազան պայքարի ընկերների դատն ինչի՞ մասին է:

Իրականում այս պայմանաւորւածութիւնները ձեռք բերելու համար Փաշինեանը ստիպւած է եղել Հայաստանում բանտերը լցնել քաղբանտարկեալներով, արշաւ իրականացնել եկեղեցու, ընդդիմադիր բոլոր ուժերի եւ կառոյցների նկատմամբ:

Միշտ կարելի է ուժային ռեսուրսնեւով ճնշել բողոքի խաղաղ գործողութիւնները, բանտերը լցնել ընդդիմախօսներով ու յայտարարել, որ քո վարած քաղաքականութեան դէմ բողոք չկայ: Ուստի այս փաստարկը եւս որեւէ քննադատութեան չի դիմանում:

  1. Փաշինեանը, իհարկէ, լռեց այն մասին, որ համաձայնագրի ստորագրումից անմիջապէս յետոյ Ալիեւը կրկնեց ՀՀ սահմանադրութիւնը փոխելու պահանջի մասին՝ այն անւանելով Փաշինեանի «տնային աշխատանք»: Լռեց նաեւ այն մասին, որ Ադրբեջանում մէկ վայրկեան չդադարեցին Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու պահանջները:

Փաշինեանի ուղերձը ըստ էութեան հատատումն էր ընդդիմադիրների եւ փորձագէտների լուրջ մտահոգութիւնների, որ այս կերպ մենք պարզապէս չենք կարող ունենալ խաղաղութիւն, անկախ այն բանից՝ քանի անգամ կօգտագործւի խաղաղութիւն բառը:

Ուստի չափազանց կարեւորում եմ այս օրերին ընդդիմութեան ներկայացուցիչների, փորձագիտական դաշտի, լրագրողների կողմից իրականացւող հետեւողական աշխատանքը, որի շրջանակներում մեր ժողովրդին ներկայացւում է ճշմարտութիւնը: Այս ուղերձը հաստատումն է, որ այդ աշխատանքը տալիս է իր արդիւնքները: Ուստի պէտք է առանց հոգնելու շարունակել իրականացնել այդ չափազանց կարեւոր առաքելութունը՝ թոյլ չտալով Փաշինեանին` կրկին խաբել ժողովրդին եւ հերթական զիջումը ներկայացնել իբրեւ բաղձալի ձեռքբերում: Հէնց դա է հանդիսանալու իրավիճակի փոփոխութեան գլխաւորը նախադրեալը»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Related Articles

Back to top button