Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի ԱԺ-ն տեղահանւած ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետութիւններին

Արցախի ԱԺն տեղահանւած ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետութիւններին։ Դիմումի մէջ մասնաւորապէս ասւում է.

«Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց եւ երեխաների անունից, որոնք բռնի տեղահանւել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով եւ մտահոգութեամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։

Տասնամեակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրւած ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծւել է, նշանակում է անտեսել մեր ձայնը եւ մերժել մեր դերը գործընթացում։

Ամենայն յարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետութիւններին իրականացնել իրենց լիազօրութիւնները, այդ թւում՝ անհրաժեշտութեան դէպքում վետոյի իրաւունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչեւ չստեղծւեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանւած հայ բնակչութեան անվտանգ եւ արժանապատիւ վերադարձն ապահովելու համար։

Այս իրաւունքը ամրագրւած է Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 13(2) յօդւածում, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) յօդւածում եւ վերահաստատւել է Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թւականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։

Ցանկացած այլընտրանքային կարգաւորում պէտք է ապահովի հետեւեալ հիմնարար սկզբունքները՝

-Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի ապահովում։

-Երկխօսութեան եւ բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացւում են Մինսկի խմբի կողմից։

-Մեր ներկայացուցիչների լիարժէք ներգրաււածութիւնը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մէջ։

Հակամարտութիւնը չի կարող լուծւած համարւել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արւած, զրկւած իր անօտարելի իրաւունքներից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպէս Մինսկի խմբի մանդատին՝ հաստատւած 1995 թւականի մարտի 23-ին, այնպէս էլ 1994 թւականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի Փաստաթղթին։

Մեր տեղահանութիւնը ո՛չ կամաւոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի եւ ռազմական յարձակման հետեւանք էր, գործողութիւններ, որոնք միջազգային հանրութեան կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցէագրւել։

Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան յանձնառութիւնը խաղաղ, բանակցւած կարգաւորմանը, որը կապահովի անվտանգութիւն, ինքնորոշում եւ համակեցութիւն: Միջազգային ներգրաււածութեան վերջին հետքը վերացնելը՝ առանց հաւաստի եւ ներառական այլընտրանքի, արմատաւորելու է անարդարութիւնը եւ խաղաղութիւնը դարձնելու աւելի անհասանելի։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացւած Էթնիկ զտման հետեւանքը լեգիտիմացնելու եւ նման կերպով կոնֆլիկտը հանգուլուծւած համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արիւնոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմութեան, հեղինակութեան եւ սկզբունքայնութեան վրայ։

Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին եւ միջազգային իրաւունքի պարտաւորութիւններին համապատասխան։

Մենք շարունակում ենք պատրաստկամ լինել կառուցողականօրէն համագործակցել ԵԱՀԿ-ի եւ անդամ պետութիւնների հետ՝ արդար եւ կայուն լուծում գտնելու եւ մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ եւ արժանապատիւ վերադարձը հայրենիք ապահովելու համար։

Մեր ապագան եւ մեր գոյատեւումը կախւած է Ձեր այսօրւայ գործողութիւններից։

ԱՇՈՏ ԴԱՆԻԷԼԵԱՆ,

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ,

Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւնների եւ պատգամաւորների անունից»:

Related Articles

Back to top button