Լիլիթ Բլէյեանը՝ շարժման մասին. «Այս պրոցեսն ինձ համար ջարդող, փշրող չէ՝ բուժող է»
«ԱԼԻՔ» – Այս պրոցեսն ինձ համար այն ջարդող, փշրող պրոցեսը չէ, այլ բուժողն է: Այս մասին ըստ News.am-ի՝ մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի եւ մշակոյթի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ասել է երգերի հեղինակ Լիլիթ Բլէյեանը:
«Ես կարծում եմ, որ մօտեցումը պէտք է ցանցային լինի: Մեզնից իւրաքանչիւրը շատ լաւ զգում է՝ ինչ է կատարւել, ինչ է կատարւում, եւ ինչ է սպասւում:
Գործողութիւնները փոխանցելու եւ տեղերում այդ փոքրիկ պղպջակները ստեղծելու հարցը պիտի լուծւի: Ես չեմ պատկերացնում, որ սա մի փողոց է, որտեղով երթը գնում եւ հասնում է մի տեղ, որտեղ անում է ինչ-որ գործողութիւն: Ես առողջացնող այս շարժումը տեսնում եմ տեղերում առողջացման պրոցեսի պէս: Ամէն մէկը իր շուրջ ստեղծում է այն առողջ միջավայրը, այն մաքրման պրոցեսը, որի համար ի վերջոյ այս ամէնը սկսւել է»,- ասել է Լիլիթ Բլէյեանը:
«Ցանկացած մարդ, ես իմ փոքրիկ համերգի ժամանակ խօսելով՝ չվախենալով քաղաքականացւելուց, կարող ենք շատ աւելի հեռուն հասնել, նոյնիսկ այս կարճ ժամանակում»,- ասել է նա՝ յաւելելով, որ միգուցէ, օգուտը ոչ թէ մէկ ամսից, այլ մէկ տարուց երեւայ, բայց արդիւնք անպայման լինելու է: