Տիգրան Նալչաջեան. «2018-ին ես սխալւել եմ. Սրբազանի մէջ տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիւ ներկայացնել»
Ես ներկայ պահին Կիրանցում եմ գտնւում, մուտքի մօտ, որտեղ ոստիկանները չեն թողնում, որ մենք շարժւենք դէպի գիւղ: Ինձ համար սա հայրենիքի համար պայքար է, որեւէ քաղաքական, կուսակցական կամ այլ նպատակներ ես չունեմ, բացառապէս հայրենիքի ու պետութեան համար եմ մտածում, այլ ակնկալիքներ չունեմ:
Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջեանը:
Դերասանը կարծում է, որ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը յաջողութիւն կունենայ, հէնց այն պատճառով, որ համախմբումը եկեղեցու շուրջ է:
«Մենք այս պահին գործ ունենք շատ մեծ հեղինակութիւն ունեցող հոգեւորականի հետ՝ ի դէմս Բագրատ Սրբազանի, ով կը կարողանայ համախմբել բոլորին, ու ինքը շատ ճիշտ ճանապարհով է գնում, ինքը միշտ ասում է, որ օրակարգ ունի, ու ես այդ օրակարգին հաւատում եմ, որովհետեւ տեսնում եմ, որ ինքը լաւ մոբիլիզացնում է մարդկանց՝ բոլոր ոլորտների մարդկանց հետ հանդիպելով: Եկեղեցին դառնում է մեր վերջին հանգրւանը, եթէ այս շարժումը չյաջողի ու եթէ յանկարծ եկեղեցին պարտւեց, ապա մենք բոլորս ենք պարտւում ու յաղթում է թշնամի պետութիւնը»,- ասել է դերասանը:
Անդրադառնալով 2018 թւականի յեղափոխութեանը, իր ակտիւ մասնակցութեանը, շարժումների տարբերութեանը՝ Նալչաջեանը նշեց.
«Ինձ մօտ մի բան չի փոխւել, որ երկու դէպքում էլ իմ մոտիւացիան ապահով, զարգացած Հայաստան ունենալն է, այն ժամանակ վիճակը օրհասական չէր, եւ ամէն ինչը դիտարկում էինք զուտ քաղաքական դաշտի տիրոյթում: Անձնական մի բան նշեմ, որ 6 տարի առաջւայ իմ գիտելիքները պետութեան, քաղաքագիտութեան եւ այլ հարցերում նոյնը չի ինչ հիմա»:
Նա նշում է, որ 2018 թ.-ին մտածում էի, որ գնայ այն մէկը որից մենք հոգնել էինք, գայ նոր թարմ ուղեղ, բայց եղաւ այն ինչ եղաւ:
«Ես համարում եմ, որ ես սխալւել եմ, ես նոյնիսկ գտնում եմ, որ մեղաւոր էլ եմ եղել, դրա համար ես հրապարակային ներողութիւն եմ խնդրել: Այն ամէնը ինչ տեղի է ունենում Հայաստանում լոգիկայից հեռու է, այն մարդիկ, որ եթէ մտածենք դաւաճան չեն, հող չեն յանձնել, պարզ է, որ չեն կարողանում կառավարել, ամօթ է այն, որ իրենք են ներկայացնում մեր երկիրը՝ պարտւած վիճակով, անընդհատ թշնամու ցանկութիւնները կատարելով: Այո 2018 թ.-ին ես սխալւել եմ»,- նշեց Նալչաջեանը:
Անդրադառնալով մշակութային գործիչների ակտիւութեանը եւ 2018 թւականին իր այն արտայայտութեանը, որ մշակութային գործիչները չպէտք է յեղափոխութեան վերջում միանան, այլ սկզբում, որ համախմբեն, դերասանը նշեց.
«Ես սովորութիւն չունեմ առաջին շարքում կանգնել, բեմահարթակ բարձրանալ չեմ սիրում, ես ընդամէնը +1 քաղաքացի եմ, որ գտնւում է այդ վայրում: Վերջին պահին շատերն են միանալու շարժմանը՝ գործարարներ, քաղաքական ուժեր, այդ թւում մշակութային գործիչներ, բայց այն մարդիկ ովքեր 2018-ին միացել են վերջին պահին, բայց հիմա ձայն չեն հանում, դա չեմ ընդունում, որովհետեւ, եթէ այն ժամանակ ամէն մէկն իր ոլորտից էր դժգոհում, հիմա աւելի կարեւոր արժէքային հարցեր կան, կորցրած տարածքները հետ բերելը կամ անհնար է, կամ արեան գնով»:
Խօսելով մտավախութիւնների մասին, որ պատմութիւնը կարող է կրկնւել՝ Նալչաջեանը նշում է.
«Հիմա օրինակ եթէ համեմատենք կրթական ցենզը, այն ժամանակ մենք գործ ունէինք կրթութիւն չունեցող վատ լրագրողի հետ, ով որ լաւ համբաւ չունէր լրագրողական դաշտում, որը ես յետոյ եմ իմացել, այս պարագայում եմ շատ լուրջ կրթութիւն ունեցող 6 գրքի հեղինակ, եկեղեցին ներկայացնող բարձրաստիճան հոգեւորականի հետ գործ ունենք:
Օրինակ ես 2021 թւականին առանց վարանելու գնացել եւ ընտրել եմ «Հայաստան» դաշինք՝ ի դէմս Ռոբերտ Քոչարեանի, որովհետեւ ինձ պէտք էր մարդ, ով ի վիճակի էր նստել Ալիեւի ու Էրդողանի դիմաց ու արժանապատիւ ներկայացնի Հայաստանը:
Ես չգիտեմ, Սրբազանը վարչապետ կառաջադրւի թէ ոչ, բայց ես տեսնում եմ իր մէջ այն, որ նա կարող է երկիրը արժանապատիւ ներկայացնել»:
Հեղինակ ԷԼԵՆ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ