Լոյս է տեսել Արմենակ Անդրանիկեանի «Դժոխքէն դրախտ (Հայոց Ցեղասպանութեան եւ Կամաւորական բանակի յուշեր)» գիրքը
Վազգէն Ղուկասեանի խմբագրմամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայոց կաթողիկոսութեան տպարանում (Անթիլիաս-Լիբանան) լոյս է տեսել Արմենակ Անդրանիկեանի «Դժոխքէն դրախտ (Հայոց Ցեղասպանութեան եւ Կամաւորական բանակի յուշեր)»գիրքը, որը Արմենակ Պետիկեան-Անդրանիկեանի կեանքի առաջին 3 տասնամեակների (1893-1920 թթ.) յուշագրութիւնն է:
Արմենակ Անդրանիկեանը ծնւել է 1893 թ., Էրզրումի նահանգի Քղի գաւառի Ագրակ գիւղում: Նա 1915-16 թթ., շուրջ մէկուկէս տարի, Քղիի եւ վերջինիս սահմանակից Դերսիմի քրդաբնակ շրջանում ապրել է Հայոց Ցեղասպանութեան սարսափն ու յաճախ հրաշքով է փրկւել ստոյգ մահւանից կամ իբրեւ ստրուկ քուրդ ընտանիքիների մօտ ապաստան գտնելուց: 1916 թ. դեկտեմբերին նա վերջապէս կարողանում է փախչել Դերսիմից, անցնել պատերազմի կովկասեան ճակատի ռուսական կողմն ու հասնել Կարին-Էրզրում, որտեղ եւ միացել է Կարնօ ինքնապաշտպանութեան հայ կամաւորների խմբին: 1918 թ.՝ շուրջ 6 ամիս, որպէս զինւոր նա ծառայել է Զօրավար Անդրանիկի հայ կամաւորական բանակում:
Արմենակ Անդրանիկեանը սկսել է իր յուշերը գրի առնել 1917 թ. Կարին-Էրզրումում: Յաջորդ տարի, Անդրանիկի կամաւորական բանակին միանալուց առաջ, յուշերի այդ տետրը յանձնել է կնոջ քրոջը՝ Գիւլնազին, որը նոյնպէս իբրեւ գաղթական նախ հասել էր Կարին-Էրզրում, ապա անցել Արեւելեան Հայաստան՝ Լոռի, ուր եւ նա մահացել է, եւ հետեւաբար, Անդրանիկեանի յուշերու այդ առաջին տետրը կորել է:
Ներկայ հատորը գրի է առնւել 1940-ական թթ. կէսերին, ԱՄՆ-ում: Հեղինակի թոռան՝ Յակոբ Անդրանիկեանի եւ նրա քրոջ՝ Լինդա Անդրանիկեան-Քեչեջեանի խնդրանքով, Վազգէն Ղուկասեանը յանձն է առել յուշերի հայերէն բնագիրը հրատարակելու աշխատանքը: