Ուրիշի Նոբէլեան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգութեան երաշխիք»

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Մակրոնն ասում է, որ «Ռուսաստանի խօսքին չի կարելի հաւատալ, այն գիշատիչ է Եւրոպայի մատոյցներում, եւ Ուկրաինային պէտք է տրւեն անվտանգութեան իրական երաշխիքներ, անվտանգութեան իրական մեխանիզմներով, որպէսզի վտահ լինենք, որ Ռուսաստանը կրկին չի յարձակւի»։
Հայաստանին ոչ ոք անվտանգութեան երաշխիքներ չի ուզում տալ, չի ուզում նոյնիսկ դրա մասին խօսել։ Ասել է թէ՝ մենք պէտք է հաւատանք Ալիեւի խօսքին, որը, երեւի, գիշատիչ չէ։
Գիտէ՞ք ինչու է այդպէս. որովհետեւ մենք՝ Հայաստանը, իր անվտանգութեան երաշխիքների հարցը չի դնում կոշտ՝ որպէս նախապայման, որպէս հիմնական առանցք, առանց որի չի ստորագրի ոչ մի թուղթ եւ չի դառնայ ոչ մէկի համար «Նոբէլեան մրցանակի» մատերիալ։
Հա՜, մոռացանք, Թրամփն ասել է, որ եթէ հարց լինի՝ զանգէք։ Ու մի ամբողջ ժողովուրդ ապրում է նման սառոյցի վրայ գրւած անվտանգութեան երաշխիքների յոյսին։ Մի ամբողջ ժողովուրդ ապրում է խաղաղութեան բլէֆի արիւնոտ ստւերի տակ։
Աւելին, այդ երկրի հականիկոլական ընդդիմութիւնը չի կարողանում այս խնդիրը (անվտանգութեան երաշխիքները) ձեւակերպել որպէս քաղաքական օրակարգ, որի վրայ կը կառուցի իր բովանդակութիւնը, ցոյց կը տայ իր պատկերացրած անվտանգութեան համակարգը։ Եւ սա հնարաւորութիւն է տալիս Նիկոլին, երկիրը վարի տալուց յետոյ, դառնալ «խաղաղութեան օրակարգի» սիմւոլ։
Վիետնամի երկարատեւ հակամարտութեանը վերջ տալու նպատակով 1973 թւականի յունւարի 27-ին ստորագրւեց Փարիզի խաղաղութեան համաձայնագիրը, որն իբր պէտք է վերջ տար պատերազմին։ Դրանից յետոյ պատերազմը նոր ու արիւնալի թափ ստացաւ, իսկ Հիւսիսային Վիետնամը ոչ միայն չհանեց իր զօրքերը Հարաւային Վիետնամից, այլեւ անցաւ լայնածաւալ յարձակման։
Փարիզեան խաղաղութեան համաձայնագրի համար ամերիկեան եւ վիետնամական պատւիրակութիւնների ղեկավարները՝ Հենրի Քիսսինջերը եւ Լէ Դաք Թհոն արժանացել են խաղաղութեան Նոբէլեան մրցանակի։ Վերջինս, սակայն, իր մրցանակից հրաժարւել է՝ պատճառաբանելով, որ խաղաղութիւն չի հաստատւել։
Հայաստանը կարիք ունի լրջութեան, ոչ թէ շոուների, Հայաստանը կարիք ունի քաղաքական լիդերութեան, ոչ թէ իներցիոն շքախմբերի, Հայաստանը կարիք ունի ներսում մթնոլորտի էական փոփոխութեան, որ ունակ մարդիկ գտնեն մասնակցութեան ձեւաչափը, Հայաստանը կարիք ունի պետական մտածողութեամբ սոլիդ իշխանութեան, որը կարողանայ պահանջել եւ գտնել Հայաստանի համար իրական անվտանգութեան իրական մեխանիզմներով երաշխիքներ։