Գալուզին. «Հայաստանի համար դժւար կը լինի մշտապէս պահպանել երկւեկտոր մօտեցումը. ինչ-որ փուլում Երեւանը ստիպւած կը լինի որոշում կայացնել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ»
![](/wp-content/uploads/2025/02/679-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Հայաստանի համար դժւար կը լինի մշտապէս պահպանել երկւեկտոր մօտեցումը՝ անդամակցութիւն ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթաց: Այս մասին ռուսական «Իզւեստիա»-ի հետ զրոյցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա ընդգծել է, որ ինչ-որ փուլում Երեւանն ամէն դէպքում ստիպւած կը լինի որոշում կայացնել:
«Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եւրամիութեան հետ մերձեցումը պէտք է ընթանայ փուլառփուլ, եւ որ Հայաստանը մնում է Եւրասիական տնտեսական միութեան անդամ: Այսպէս թէ այնպէս, հաւանաբար դժւար կը լինի մշտապէս պահպանել այս երկւեկտոր մօտեցումը՝ անդամակցութիւն ԵԱՏՄ-ին եւ Եւրամիութեան հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ փուլում ստիպւած կը լինեն որոշում կայացնել»,- ասել է Գալուզինը։
Յիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովը դրական եզրակացութիւն է տւել «Եւրոպական միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրէնքի նախագծին։