Նեթանիահու. «Իսրայէլը Գազայում մարտերը կը վերսկսի, եթէ ՀԱՄԱՍ-ը մինչեւ շաբաթ օրը բոլոր պատանդներին չազատի»
![](/wp-content/uploads/2025/02/674-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Իսրայէլը Գազայում ինտենսիւ մարտերը կը վերսկսի, եթէ ՀԱՄԱՍ-ը մինչեւ շաբաթ օրը կէսօրին բոլոր պատանդներին չազատի, յայտարարել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն անվտանգութեան հարցերի շուրջ չորսժամեայ կաբինետի նիստից յետոյ տեսաուղերձում: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը նախօրէին «խախտել է պայմանաւորւածութիւնը»՝ յայտարարելով «մեր պատանդներին չազատելու մասին» իր որոշման մասին։
«Եթէ ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին մինչեւ շաբաթ կէսօր, հրադադարը կաւարտւի, եւ Իսրայէլի պաշտպանութեան բանակն ինտենսիւ մարտերի կը վերադառնայ, մինչեւ ՀԱՄԱՍ-ը վերջնականապէս ջախջախւի»,-ընդգծել է Նեթանիահուն:
Սակայն նա չի յստակեցրել, թէ շաբաթ օրը քանի պատանդ պէտք է ազատ արձակւի։ Ըստ գործարքի՝ շաբաթ օրը նախատեսւում է երեք իսրայէլցի պատանդների ազատ արձակում:
Իսրայէլին մեղադրելով համաձայնագիրը խախտելու մէջ՝ ՀԱՄԱՍ-ը նախօրէին յայտարարել էր, որ կասեցնում է պատանդների ազատ արձակումը մինչեւ հետագայ ծանուցումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ՀԱՄԱՍ-ին կոչ է արել մինչեւ շաբաթ օրը կէսօր ազատ արձակել բոլոր պատանդներին: