Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ռուբաեւ. «Եթէ Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագիրը չստորագրւի Մոսկւայում, դա ոչ մի լաւ բանի չի բերի Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համար»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ, յետխորհրդային երկրների հարցերով փորձագէտ Ասլան Ռուբաեւը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է այն տեղեկատւութեանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղութեան համաձայնագիրը ստորագրելու համար։

Փորձագէտը նշել է, որ ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդւել տարածաշրջանում՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով:

«Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի այս յայտարարութիւնն այն մասին է, որ նա կը կանգնեցնի պատերազմը, այն, իհարկէ, Թրամփի ոգով է, եւ դա վկայում է հայ-ադրբեջանական հակամարտութեան դիւանագիտական կարգաւորման մէջ Ամերիկայի Միացեալ Նահանգների ներգրաււածութեան բարձր աստիճանի մասին։ Այնուամենայնիւ, հիմա հաստատ կարող ենք ասել, որ այս պատերազմի հէնց սկզբից Նահանգներն իրենց պրոքսի ուժերի միջոցով ներգրաււած են եղել այս պատերազմում, նրանք կարգաւորել են այս պատերազմը, ինչպէս միշտ, ուրիշների ձեռքերով։

Եւ հիմա Թրամփը ցանկանում է սպիտակ ձիու վրայ նստած ասպետի նման երկու երեխաներին նստեցնել բանակցութիւնների սեղանի շուրջ եւ դուրս գալ որպէս յաղթող, խաղաղարար: Նա այդ ամէնն անում է, որ, ինչպէս հասկանում եմ, Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ ստանայ։ Ուկրաինայի հետ չի ստացւում, բայց փոխարէնը դա կարող է անել իր խամաճիկների հետ, եւ պէտք է նշել, որ Փաշինեանը արեւմտեան խամաճիկ է, նոյնքան խամաճիկ, որքան Ալիեւը»,- ասել է Ռուբաեւը։

Փորձագէտի կարծիքով՝ եթէ Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագիրը չստորագրւի Մոսկւայում, ապա այն ոչ մի լաւ բան չի բերի Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի համար:

«Եւ պէտք է, իհարկէ, հասկանալ ԱՄՆ-ի մոտիւացիան։ Նահանգների այս ակտիւ միջնորդութիւնը հակամարտութեան կարգաւորման գործում արտացոլում է տարածաշրջանում ամրապնդւելու ԱՄՆ-ի վաղեմի ձգտումը՝ նպատակ ունենալով թուլացնել Ռուսաստանը, Իրանը եւ վերահսկողութեան տակ վերցնել Հարաւային Կովկասի ենթակառուցւածքների զգալի մասը, ինչը թոյլ կը տայ ամերիկացիներին վերահսկողութեան տակ վերցնել տարածաշրջանի ե՛ւ տնտեսական, ե՛ւ էներգետիկ ենթակառուցւածքային բազան: Այստեղ, իհարկէ, Թրամփը մէկ հարւածով մի քանի նապաստակ է սպանում եւ իր հաշւին զգալի միաւորներ է աւելացնում։ Բայց Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի համար խաղաղութեան պայմանագրի ստորագրումը ո՛չ կարճաժամկէտ, ո՛չ երկարաժամկէտ հեռանկարում ոչ մի լաւ բանի չի բերի, եթէ այն չստորագրւի Մոսկւայում»,- եզրափակել է Ռուբաեւը։

Related Articles

Back to top button