Պաշտօնից հեռացած ամերիկացի պաշտօնեան Թրամփին առաջարկել է «երկու քայլ»՝ Մերձաւոր Արեւելքի ճգնաժամից դուրս գալու համար

ԱՄՆ-ի ահաբեկչութեան դէմ պայքարի ազգային կենտրոնի նախկին տնօրէն Ջօ Քենթը, որը հրաժարական էր տւել Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական գործողութիւնների նկատմամբ իր անհամաձայնութեան պատճառով, Թրամփին կոչ է արել փոխել ներկայիս քաղաքականութիւնը՝ Մերձաւոր Արեւելքում ճգնաժամի հետագայ խորացումը կանխելու համար։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Քենթը «X» սոցիալական հարթակում գրել է, որ Թրամփը պէտք է կենտրոնանայ երկու հիմնական քայլի վրայ։
Առաջինը՝ Իսրայէլին զսպելն է: Նա խորհուրդ է տւել մերժել Նեթանիահուի պահանջները, չտարւել «Քոլանգ լեռան» թեմայով եւ ճնշում գործադրել, որպէսզի Իսրայէլը դուրս բերի իր ուժերը Լիբանանից, հակառակ դէպքում՝ դադարեցնել ամերիկեան ռազմական աջակցութիւնը։
Երկրորդ քայլը՝ Հորմոզի եւ Բաբ Ալ-Մանդեբի նեղուցների վերաբացումն է։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը նախ պէտք է դուրս բերի իր ուժերը տարածաշրջանից, ապա դիւանագիտական եւ տնտեսական միջոցներով նպաստի նաւարկութեան ու նաւթի արտահանման վերականգնմանը։
Քենթը նաեւ նշել է, որ նոր պատժամիջոցներով հնարաւոր չէ ստիպել Իրանին փոխել իր քաղաքականութիւնը, քանի որ Իրանը չի փլուզւի տնտեսական ճնշման հետեւանքով։ Ընդհակառակը, ըստ նրա, Իրանի հնարաւոր ազդեցութիւնը Հորմոզի նեղուցի միջոցով կարող է աւելի ծանր հետեւանքներ ունենալ, քան ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները։
Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողութիւնների վերսկսումը կարող է վերաճել լայնածաւալ պատերազմի՝ մարդկային, տնտեսական եւ քաղաքական ծանր հետեւանքներով, որոնց պատասխանատւութիւնը կը մնայ Վաշինգտոնի վրայ։



