Լեւոն Զուրաբեան. «Փաշինեանը խաղաղութիւն չի ստացել ու չի էլ կարող ստանալ, խաղը չի աւարտւել, ռումբ են դրել մեր ոտքի տակ»

«ԱԼԻՔ» – 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցութեան փոխնախագահ Լեւոն Զուրաբեանին:
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Այն փաստաթղթերը, որոնցում իբր պէտք է գրւած լինէր, թէ մենք ինչ ենք շահել Վաշինգտոնեան եռակողմ հանդիպումից, մինչեւ հիմա հրապարակւած չեն։ Նիկոլ Փաշինեանի կողմից ստորագրւել է 4 փաստաթուղթ, բայց մեզ ներկայացրել են միայն եռակողմ դեկլարացիան, որը սրանք կոչում են փրկութեան թուղթ։ 11 օր է անցել ստորագրումից յետոյ, բայց այդ 3 փաստաթղթերը հրապարակւած չեն։ Երկու «դեմոկրատական» երկրներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, փաստաթղթեր են ստորագրել, ինչո՞ւ դրանք չեն հրապարակւում։ Դեմոկրատիայի գլխաւոր բաղադրիչը թափանցիկութիւնն է, բա ո՞ւր է, ինչո՞ւ չէք հրապարակում։
– Սիւնիքում տարածք է վարձակալւել ԱՄՆ-ի կողմից, որը վերավարձակալութեան է տրւել ամերիկեան ընկերութեան։ Եթէ ես այդ փաստաթուղթը տեսնեմ, միգուցէ հաւատամ Փաշինեանին, բայց այդ փաստաթուղթը մեզնից թաքցնում են։ Հետեւաբար՝ ես հակւած եմ հաւատալ դրսի արտահոսքին՝ Reuters հեղինակաւոր լրատւական գործակալութեանը։
– Միակ բանը, որը ժամանակաւորապէս ստացել ենք, լարւածութեան լիցքաթափումն է, բայց խաղաղութիւն չկայ։
– Օգոստոսի 18-ի ուղերձում Փաշինեանն ասաց իր կեանքի ամենամեծ ստերից մէկը։ Բազմաթիւ ստեր ենք լսել այս տարիների ընթացքում, նա մեծագոյն ստախօս է։ Ստեց, երբ 2019 թ.,- ասաց՝ կարգաւորման պլան չկայ, բայց կար, ու ինքը մերժեց այդ պլանը, որը ենթադրում էր ընդամէնը 5 շրջանի վերադարձ Ադրբեջանին։
Իհարկէ, մենք սովոր ենք իր ստերին, բայց օգոստոսի 18-ին մեծագոյն սուտ ասաց, երբ ժողովրդին խաբեց՝ ասելով, թէ հաստատւել է խաղաղութիւն։ Եթէ այդպէս է, ապա Ադրբեջանը պէտք է դուրս գար իր զաւթած ստրատեգիական բարձունքներից, Հայաստանի տարածքներից, պիտի վերադարձրած լինէր գերիներին, ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարութեանը, որոնց նա պահում է իբրեւ պատանդներ ու շարունակում է հայի նկատմամբ ատելութեան քարոզը, պէտք է հրաժարւէր «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթից, մինչդեռ դրանք անխափան շարունակւում են… Բայց ամենակարեւորն այն է, որ անգամ այն պայմաններում, երբ Փաշինեանը զիջել է ամէն ինչ, Ադրբեջանը հրաժարւում է ստորագրել «Խաղաղութեան պայմանագիրը»։
– Ենթադրենք՝ անցկացւում է սահմանադրական հանրաքւէ, որտեղ յղում չկայ Անկախութեան հռչակագրին, ու ինչ-ինչ պատճառով այն մերժւում է։ Ի՞նչ է լինում այդ ժամանակ։ Սա նշանակում է՝ մենք Ադրբեջանին պատերա՞զմ ենք յայտարարում։ Ռումբ են դրել մեր ոտքի տակ։ Փաշինեանը մեր ժողովրդին շանտաժի է ենթարկելու։ Ասելու է՝ էս տեքստը, միեւնոյն է, պիտի ընդունէք, որովհետեւ եթէ չընդունէք, պատերազմ է լինելու Ադրբեջանի հետ։ Պատկերացնո՞ւմ էք՝ ինչ շանտաժ են կախել մեր ժողովրդի վզից։ Այդ փաստաթուղթը հնարաւորութիւն է տւել, որ Ադրբեջանն ամբողջութեամբ միջամտի Հայաստանի ներքին կառավարմանը։
– Նիկոլ Փաշինեանը խաղաղութիւն ստանալ չի կարող. չի ստացել ու չի էլ կարող ստանալ։ Միակ բանը, որը նա կարողանում է անել՝ զիջել, միայն զիջել։
– Նիկոլ Փաշինեանն ամբողջութեամբ ենթարկւել է Ադրբեջանի բանակցային տրամաբանութեանը՝ ստեղծել լարւածութիւն, ինչ-որ բան զիջել, մի քիչ շնչել, յետոյ նոր պահանջ դնել ու նորից զիջումներ ստանալ… Փաշինեանը գնալով իր ունեցած խաղաքարտերը տալիս է Ադրբեջանին՝ ժամանակաւորապէս թուլացնելով նրա ախորժակը։
– Փաշինեանին նւիրեցին թուղթ, որը թափահարելով՝ կընկնի գիւղէգիւղ ու քարոզարշաւ կանի։
– Փաշինեանն այլեւս խաղացող չէ. դա ակնյայտ է։ Նրան պարտադրում են ինչ-որ բաներ, ու նա կատարում է ինչ-որ մարդկանց պահանջները։
– Իրանի պահպանողական թեւը շատ մտահոգւած է «Զանգեզուրի միջանցք»-ով, ու համարում են, որ Ադրբեջանը մտել է Իսրայէլի սիոնիստական պլանների մէջ։ Իրանի նախագահ Փեզեշքիանի թեւը շատ աւելի մեղմ է։ Բայց փաստը մնում է փաստ, որ չի հրապարակւում ստորագրւած փաստաթուղթը։ 99 տարով մեր տարածքը յանձնւել է Ամերիկային, ինչ-որ համաձայնութիւն է կնքւել, որը չի հրապարակւել։
– Արդեօ՞ք անխոչընդոտ երթեւեկելու սկզբունքը գործելու է նաեւ մեզ համար։
Ժուլիկութիւն են անում, հռչակագրի անգլերէն տեքստը սխալ են թարգմանում։ Անգլերէն հնչած՝ «փոխադարձ օգուտներ» բառակապակցութիւնը հայերէն տեքստում թարգմանել են «փոխադարձ առաւելութիւններ»։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Ստորագրւած փաստաթղթում ոչ մի փոխադարձ բնոյթ գոյութիւն չունի։ Գործ ունենք պատմութեան մէջ երբեւիցէ եղած ամենախաբեբայ իշխանութեան հետ։
– Աշխարհաքաղաքական այս մեծ խաղում Հայաստանը, սկսած 2018 թ.-ից, չդրսեւորեց ադեկւատ մօտեցում։ Փոխարէնը ունենար ճկուն դիւանագիտութիւն ու փորձեր ներդաշնակեցնել մեծ պետութիւնների շահերը ռեգիոնում, սկսեց իրեն ասոցացնել Արեւմուտքի հետ։ Գոնէ դրա արդիւնքում դառնայինք Լիտւայի նման պետութիւն։ Բայց դա տեղի չունեցաւ, փոխարէնը՝ Հայաստանը ոչ միայն չյայտնւեց Արեւմուտքում, այլեւ յայտնւեց Արեւելքում, իսկ աւելի կոնկրետ՝ Ադրբեջանի դիկտատի տակ։ Փաշինեանը խայտառակ խաղ է խաղում հայ ժողովրդի հետ։ Անում է խայտառակ սխալ, յետոյ ասում՝ ժողովուրդ ջան, այլընտրանք չկայ, պէտք է գնանք այս զիջմանը… Որոշ ժամանակ անց նորից է ձախողում, պրօպագանդան մտնում է Հ1, ու նոյն ճանապարհն անցնում ենք նորից… Խաղը չի աւարտւել։ Մենք ընդամէնը մտնում ենք շատ բուռն միջնախաղի մէջ, որտեղ ամէն ինչ հնարաւոր է։
– Այն պահից, երբ Ռուսաստանն ուկրաինական հարցը կարգաւորւած համարի, դա բերելու է լուրջ վերանայումների հարաւկովկասեան քաղաքականութեան մէջ։ Եւ մեծ հարց է՝ Վաշինգտոնում մենք Հայաստանն աւելի խաղա՞ղ դարձրեցինք, թէ՞ աւելի խոցելի։ Աշխարհաքաղաքական մեծ պայքարն աւարտւած չէ։ Սիւնիքի վրայ բոլորը աչք ունեն։ Նիկոլ Փաշինեանի ամենամեծ յանցանքն է, որ մեր ադամանդը՝ Սիւնիքը, դարձրեց աշխարհաքաղաքական սակարկման առարկայ։
– Փաշինեանը գիտի, որ ինքն իրեն գժի տեղ դնելով՝ նա զոհաբերեց մեր ժողովրդի լաւագոյն զաւակներին ու Արցախը։
– Պէտք չէր փակել արցախահայերի վերադարձի իրաւունքի հարցը, պէտք էր այն ժամանակաւորապէս արխիւացնել։ Բայց նա կրկին շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին՝ ասելով՝ եթէ այդ հարցը չփակեմ, պատերազմ կը սկսւի։ Ինքը հիմա Ալիեւի սպառնալիքներն ու պրօպագանդան օգտագործում է՝ սեփական իշխանութիւնը պահելու համար։
– Զարմանում եմ՝ ինչո՞ւ է Փաշինեանն այդքան ուրախանում, որովհետեւ ներքին քաղաքական հարցերում ինքը շատ բան է կորցնելու։ Եթէ խաղաղութիւնը հաստատւի, ինքը կորցնում է իր հիմնական յաղթաթուղթը՝ շանտաժը սեփական ժողովրդի նկատմամբ։ Վերանալու է հիմնական պատրանքը, որ ինքը միակն է, որ խաղաղութիւն է բերում։ Մնալու է կառավարման որակը։ Իսկ ինքն ամենաանորակ կառավարիչն է, որը երբեւէ եղել է հայոց պատմութեան մէջ։