«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ երեկոյեան բացառիկ հարցազրոյց է ունեցել հեռուստատեսութեան լրատւական ծրագրի հետ, որի ընթացքում նշել է, որ ազգային շահերի, ազգային անվտանգութեան եւ ազգային արժանապատւութեան ապահովումը ԱԳ նախարարութեան երեք հիմնական առաքելութիւնն են:
«Մենք ձգտում ենք ապահովել երկրի ազգային շահերը, հիմնականում այդ շահերը տնտեսական շահեր են, բայց տնտեսութիւնից բացի այլ շահեր էլ ենք պատկերացնում։
Մեր երկրորդ առաքելութիւնը երկրի ազգային անվտանգութեանը նպաստելն է: Ազգային անվտանգութեան ամրապնդումը դիւանագիտական ճանապարհով, օգնում է երկրի զսպող ուժին: Իսկ երրորդը՝ Իրանի արժանապատւութեան եւ միջագային հեղինակութեան ապահովումն է»,- ասել է նա:
Արաղչին նշել է, որ ԱԳ նախարարութեան առաջնահերթութիւնը շարունակելու է մնալ հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդումն ու ընդլայնումը: Երկրոդ առաջնահերթութիւնը, ըստ նրա՝ աֆիրկեան, լատինամերիկեան եւ արեւելաասիական տարածաշրջանների երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնումն է, իսկ երրորդը՝ դժւար օրերին, պատժամիջոցների պայմաններում Իրանի կողքին կանգնած եւ Իրանին աջակցած երկրների, մասնաւորապէս Ռուսաստանի եւ Չինաստանի հետ յարարբերութիւնների էլ աւելի ամրապնդումն է:
Իսկ ինչ վերաբերում է արեւմտաեւրոպական երկրների հետ յարաբերութիւններին, մեր երկրի արտաքին գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ դրանք դեռեւս չեն գտնւում պաշտօնական Թեհրանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների ցուցակում: Ըստ նրա՝ դա պայմանաւորւած է վերջին տարիների ընթացքում Իրանի նկատմամբ նրանց որդեգրած հիմնականում սխալ, յաճախ նաեւ թշնամական քաղաքականութեամբ. «Մենք նրանց հետ կունենանք արժանապատիւ եւ հնարաւորութիւնայեն փոխգործակցութիւն՝ հիմնւած փոխադարձ յարգանքի վրայ եւ հաւասար դիրքրեից: Ինչպէս նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, եթէ նրանք մի կողմ թողնեն իրենց սխալ եւ թշնամական քաղաքականութիւնը, ապա կրկին կը յայտնւեն մեր առաջնահերթութիւնների ցուցակում»,- յստակեցրել է նա:
Արաղչին նաեւ անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնմանն ուղղւած բանակցութիւնների վերսկսմանը՝ նշելով, որ դա չափազանց բարդ գործընթաց է. «Այդ բանակցութիւնների վերականգնումը հիմա այնքան էլ հեշտ չէ, որքան նախկինում: Անհրաժեշտ է ըմբռնել, որ միջազգային յարաբերութիւններում պայմանները փոխւել են: Տեղի է ունեցել Ուկրանիայի պատերազմը, որը մեծ ազդեցութիւն է ունեցել եւրոպական անվտանգութեան դոկտրինայի, եւ միջազգային անվտանգութեան պայմանաւորւածութիւնների վրայ: Գազայի պատերազմի եւ այնտեղ տեղի ունեցած սպանդի արդիւնքում ամբողջովին փոխւել են տարածաշրջանի պայմանները: Միջուկային պայմանագրում էլ սահմանւած որոշ ժամկէտներ այլեւս ժամանակավրէպ են, եւ, հետեւաբար, Միջուկային համաձայնագիրը չի կարող վերականգնւել ներկայիս տեսքով: Այսինքն՝ այս փաստաթուղթը պէտք է վերանայման ենթարկւի եւ նրա որոշ մասերը պէտք է վերախմբագրւեն»:
ԱԳ նախարարը չի շրջանցել նաեւ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների թեման. «Մենք չենք ձգտում լուծել ԱՄՆ-ի հետ հակամարտութիւն եւ կարգաւորել լարւածութիւնը: Որովհետեւ այս լարւածութիւնը հիմնականում պայմանաւորւած է հիմնական հայեացքների մի շարք տարբերութիւններով, եւ դրանց կրճատումը հիմնականում ոչ մի օգուտ չունի: Մենք ձգտում ենք կառավարել հակամարտութիւնը: Եթէ գոյութիւն ունի հակամարտութիւն, ապա պարտադիր չէ, որ դրա գինը Իրանի ժողովուրդը վճարի: Արտաքին քաղաքականութեան ոլորտում, մենք պարտաւոր ենք հնարաւորինս նւազագոյնի հասցնել այս հակամարտութեան գինը՝ նւազեցնելով դրա ճնշումը ժողովրդի վրայ, եւ թոյլ չտալ, որ մեր դէմ միջազգային կոնսեսուս ձեւաւորւի»,- յստակեցրել է նա: