Անկախութեան հռչակագիրը յայտարարում եւ ուղենշում է նորանկախ Հայաստանի ազգային պետականութիւն կառուցելու հաւատամքը
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման օրւայ առթիւ
Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը, որով պաշտօնապէս սկիզբ դրւեց Հայոց անկախ պետականութեան կայացման գործընթացին, սահմանւեցին պետականութեան զարգացման ուղենիշները։
1990 թ․ օգոստոսի 23-ի փաստաթուղթը սահմանում է ազգային պետութիւն կառուցելու տեսլականը՝ ինքնիշխանութիւն, ժողովրդավարութիւն, իրաւունքի գերակայութիւն, ազգային բանակ, խօսքի, մամուլի, խղճի ազատութիւն, օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարանջատման ու հաւասարակշռման սկզբունք, իրաւապահ մարմինների եւ զինւած ուժերի ապաքաղաքականացում, կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի սեփական համակարգ։ Հայաստանի Հանրապետութեան գերակայ յանձնառութիւններում ամրագրւեց 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը հետապնդելու հաստատակամութիւնը: Ըստ էութեան, Անկախութեան հռչակագիրը յայտարարում եւ ուղենշում է նորանկախ Հայաստանի ազգային պետականութիւն կառուցելու հաւատամքը, ճշտում իր համազգային յաւակնութիւններն ու իդէալները, սեփական անվտանգութեան եւ ինքնիշխանութեան բանաձեւն ու տեսլականը:
Այսօր Հայոց պետականութիւնը գոյութենական մարտահրաւէրներ է դիմագրաւում, իշխանութիւնների կողմից որդեգրւած ապազգային քաղաքականութեան հետեւանքով զիջւում են ազգային կենսական շահերը, Անկախութեան հռչակագրով ամրագրւած յանձնառութիւնները, թշնամու պատկերացումներով վերաձեււում է ապագայի մեր տեսլականը: Անկախութեան հռչակագիրը մեր համազգային պատմական երթի կարեւորագոյն հանգրւանն է, արժանապատիւ եւ կենսունակ պետականութիւն կառուցելու մեր հաւատամքը, որին պարտաւոր ենք անզիջում լծւել ազգովին:
Օրւայ առիթով շնորհաւորում ենք հայ ժողովրդին եւ վստահութիւն յայտնում, որ համազգային ուժերով կկարողանանք լուծել մեր առջեւ դրւած խնդիրը։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
23 օգոստոսի, 2024 թ․