Տէր Վրթանէս քահանայ Բաղալեան. «Եթէ ես լինէի Վեհափառ Հայրապետը՝ Փաշինեանի հետ հանդիպած Սրբազաններին կարգալոյծ կը հռչակւէին»

«ԱԼԻՔ» – Մենք մեր որդիական սէրն ու յարգանքն ենք արտայայտում Վեհափառ Հայրապետին, մեր աջակցութիւնն ենք ցուցաբերում մեր բարեպաշտ հաւատացեալ ժողովրդին եւ ուզում ենք, որ մեր Վեհափառ Հայրապետը ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաեւ սուտ խոստումների զոհ են դարձել։ Ինչպէս հաղորդում է Yereva.today-ը՝ այս մասին նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրոյցում նշել է Բիւրականի Սուրբ Յովհաննէս եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Վրթանէս քահանայ Բաղալեանը։
«Կը խնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարաւորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ, եւ նաեւ այնպիսի որոշում կայացնի, որը կը բաւարարի հաւատացեալ ժողովրդին։
Ես նոյնիսկ չեմ հմարում, որ դա իրենց ազատ կամարտայայտութիւնն է եղել։ Ես կարծում եմ՝ իրենք դա արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման ճնշման տակ։ Որովհետեւ երբ վարչապետը քննադատում էր եկեղեցականներին, այն բոլոր բաների մասին էր ասում, որոնք ունեն վերայիշեալ արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները»,- ասել է նա։
Հոգեւոր հովիւը նկատել է, որ այն, որ նրանք առանց կաթողիկոսի գիտութեան հանդիպման են գնացել վարչապետի հետ, դա արդէն իսկ ապօրինութիւն է, նրանք այդ իրաւունքը չունէին։ Նա առանց անուն տալու, նշել է, որ այդ հանդիպմանը մասնակցածները եւս խախտել են կուսակրօնութեան ուխտը։
«Նախկինում էլ նրանք այդ խնդիրը ունեցել են։ Վարչապետի կողմից յայտարարութիւնները այն վատ եկեղեցականների մասին, որոնց մասին ինքն ասում էր, հէնց իր շուրջն էին հաւաքւել։ Այդ հանդիպումով, վարչապետն ինչ-որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համաձայն չեն։
Եթէ իրենք զղջան, կարծում եմ՝ Վեհափառ Հայրապետը կարող է նաեւ ներողամիտ լինել։ Եթէ ես լինէի Վեհափառ Հայրապետը՝ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպած Սրբազանները դեռ երէկ (նոյեմբերի 27-ԽՄԲ.) կարգալոյծ կը հռչակւէին ու այս կիրակի վեց նոր եպիսկոպոսներ կօծէի։
Բայց, փառք Տիրոջը, որ ես չեմ Վեհափառ Հայրապետը, Վեհափառ Հայրապետը շատ աւելի ներողամիտ, շատ աւելի շրջահայեաց ու երկայնամիտ անձնաւորութիւն է, կարծում եմ՝ իրենցից ոմանց նկատմամբ ներողամիտ կը լինի, եթէ զղջան»,- նշել է Տէր Վրթանէսը։



