Վեհափառի օրհնութեամբ լոյս է ընծայւել Արցախի մշակութային ժառանգութեան nչնչացման մասին ուսումնասիրութիւնը

Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւնը լոյս է ընծայել պ․գ․թ․ Արմինէ Տիգրանեանի «Արցախի մշակութային Ժառանգութեան ոչնչացման եւ բռնաիւրացման՝ Ադրբեջանի քաղաքականութիւնը (2020-2025 թթ․)» վերնագրով ուսումնասիրութիւնը։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւնից:
Սոյն ուսումնասիրութեամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման եւ ռասայական խտրականութեան հետեւանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգութեան համակարգւած ոչնչացման եւ իւրացման քաղաքականութեանը, մշակութային ժառանգութեան միջազգային պաշտպանութեան գործիքակազմին։
Մենագրութեան մէջ քննւում են զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան միջազգային համակարգը, Ադրբեջանի կողմից 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Արցախի հայկական մշակութային ժառանգութեան՝ միջազգային սկզբունքների դիտանկիւնից անօրինական թիրախաւորման դէպքերը, դրա ոչնչացման եւ իւրացման միջոցները: Ներկայացւում են մշակութային արժէքների պաշտպանութեան միջազգային կանոնակարգերը, իրաւական եւ հումանիտար գործիքակազմը (միջազգային կոնւենցիաներ, հռչակագրեր, բանաձեւեր, կանոնադրութիւններ, սովորութային նորմեր)՝ ի պաշտպանութիւն Ադրբեջանի կողմից վանդալիզմի ենթարկւած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան։ Ակադեմիական յօդւածների, գրքերի, ԻՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, ԻԿՕՄՕՍ-ի, Եւրոպայի խորհրդի, Եւրոպական խորհրդարանի բանաձեւերի, Հռոմի կանոնադրութեան, տեսական եւ իրաւական համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրութիւնը հնարաւորութիւն է տւել գտնելու Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղիները՝ համամարդկային արժէքների պահպանութեան կարեւորութեան, անկախ քաղաքական իրավիճակից միջազգային հումանիտար իրաւունքի գործարկման, մշակոյթի իրաւունքի յարգման շարակարգում։
Նախատեսւած է մշակութային ժառանգութեան պահպանութեամբ զբաղւող մասնագէտների, պետական կառոյցների, գիտական հաստատութիւնների, ուսանողների եւ արցախահայութեան մշակութային ժառանգութեան պաշտպանութեամբ ու պահպանութեամբ մտահոգ ընթերցողների լայն շրջանակի համար։



