Կիրանցը հնարաւոր էր ամուր պահել, եթէ մարդիկ հեռատեսութիւն ունենային
«ԱԼԻՔ» – Մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կիրանց գիւղում ստեղծւած իրավիճակին.
«Թշնամիները արդէն մտել են Տաւուշի մարզի Կիրանց գիւղի տարածք։ Գիւղի դպրոցից մի քանի տասնեակ մետր հեռաւորութեան վրայ են։ Տեղացիներն արդէն մտահոգւում են՝ չպատկերացնելով, թէ ինչպէս են սեպտեմբերին իրենց երեխաներին դպրոց ուղարկելու։
Կիրանցի բնակիչները եւս մեր քոյրերն ու եղբայրներն են, եւ նրանց անվտանգութեան ու բարեկեցութեան համար պիտի ջանքեր գործադրենք, բայց շատ անկեղծ ասեմ՝ որպէս ազգային գործիչ՝ խորապէս վիրաւորւած եմ Կիրանցի բնակիչներից (մեծ մասից):
Դեռեւս 2021 թւականից, երբ ընկերոջս՝ Վահէ Սարգսեանի հետ մեկնում էի Տաւուշ ու մարդկանց հետ խօսում սպասւող վտանգների մասին, ցոյց տալիս կոնկրետ գծերը, որոնք Նիկոլը տալու է թշնամուն՝ հայերի երեխաների կեանքը վտանգի ենթարկելով, շատերը, այդ թւում Կիրանցի հանդիպող բնակիչները մեղադրում էին, թէ մի ասէք, որ չլինի, ուր գնում էք, յանձնւում է։ 2021-ի մայիսի վերջին, երբ Նիկոլը յանձնում էր Սիւնիքի Իշխանասարի գագաթն ու Սեւ լիճը, ես Տաւուշում զգուշացնում էի՛ պէտք է կանգնեցնել Նիկոլին, քանի որ հերթը հասնելու է նաեւ այստեղ, իսկ Կիրանցի բնակիչներից շատերը անձամբ ինձնից պահանջում էին Նիկոլին բան չասել, քանի որ նա է իրենց փրկիչը։
2021-ի յունիսի արտահերթ ընտրութիւնների ժամանակ Կիրանց գիւղի 301 ընտրողից 121-ն ընդհանրապէս չքւէարկեց ու անտարբեր մնաց, իսկ 182-ը գնաց քւէարկութեան, որից 140-ը իր ձայնը տւեց Նիկոլի ՔՊ կուսակցութեանը՝ վստահելով իր ապագան շնագայլերին։
Համարեցինք, որ խաբւեցին քարոզին։
Ես եւ ընկերներս շարունակեցինք Տաւուշի վտանգւած բնակավայրերում մարդկանց տեղեկացնել սպառնացող վտանգների մասին ու ներկայացնել դրանք կանխելու միջոցներ։ Դա կարող էինք, իշխանական ռեսուրսներ ու փող չունէինք, որ աւելին անէինք։ Եղան քիչ մարդիկ, որոնք ընդառաջ քայլ արեցին, միասին ամրացրինք, ուժեղացրինք Կիրանցի առաջնագծի դիրքերը՝ քողարկիչներ եւ այլ կարեւոր բաներ… բայց 2023-ի վերջին, յետոյ արդէն 2024-ի սկզբին իմանում ենք, որ Նիկոլը գնում է Կիրանց, հանդիպում տեղացիների հետ, ինչ-որ խոստումներ տալիս ու միաժամանակ խնդրում գաղտնի պահել իրենց խօսակցութեան բովանդակութիւնը, որ ինքը կարողանայ պաշտպանել Կիրանցը։
Ու այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ խաբւել են Նիկոլից եւ միաժամանակ անշահախնդիր օգնութիւն ստացել ինձնից ու ինձ նման մարդկանցից, մեզնից խիստ գաղտնի են պահում Նիկոլի հետ խօսակցութիւնը։ Յետոյ Կիրանցի բնակիչները պատւիրակութիւն են ուղարկում Երեւան, էլի հանդիպում են Նիկոլի հետ, դուրս են գալիս լացակումած, բայց էլի գաղտնի են պահում բոլոր խօսակցութիւնները՝ չվստահելով ոչ լրագրողներին, ոչ ազգային գործիչներին, ոչ որեւէ ընդդիմադիրի։
Նիկոլը խոստացել էր իրենց հարցերը լուծել։
Նիկոլը, իրօք, լուծեց Կիրանցի հարցերը՝ գիւղի մի մասը նւիրելով թշնամուն։ Ու այն ժամանակ, երբ թշնամու քարոզչութիւնը հորթի հրճւանքով պատմում էր Նիկոլից ստացած հերթական նւէրի մասին, Կիրանցի որոշ բնակիչներ թաքուն բանակցում էին Տաւուշի մարզպետի կամ նրա ներկայացուցչի հետ՝ իրենց ունեցւածքի դիմաց փող ստանալու համար։ Ոմանք երեւի ստացան ու լռեցին, ոմանք էլ սկսեցին օգնութեան կանչել ընդդիմադիրներին եւ իրենք էլ մտան պայքարի մէջ, բայց արդէն ուշ էր։
Ժողովուրդը ասում է՝ Զատիկից յետոյ կարմիր հաւկիթը պէտք չի…
Կիրանցը հնարաւոր էր ամուր պահել, եթէ մարդիկ հեռատեսութիւն ունենային։
Հիմա, ցաւօք սրտի, Կիրանցից շատերը կը լքեն գիւղը։ Մարդիկ չեն ապրի մի վայրում, որից մետրեր այն կողմ զինւած թշնամին է։ Նոյնը եղաւ Սիւնիքի Շուռնուխում, Որոտանում, Դաւիթ Բէկում, Ներքին Հանդում եւ այլուր։
Կիրանցի բնակիչները, նոյնիսկ նրանք, ովքեր այդքան մեծ վիրաւորանք են անձամբ ինձ հասցրել իրենց վարքով, շարունակում են մնալ ինձ համար եղբայրներ եւ քոյրեր, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են՝ յաճախ միամիտ, դիւրահաւատ, երբեմն էլ Նիկոլի ու նրա մանկլաւիկների խոստացած մեծ փողերից խաբւած։ Բայց Կիրանցը մերն է, Կիրանցի բնակիչն էլ է մերը, հետեւաբար ինքս եւ իմ ընկերները կը շարունակենք պայքարը յանուն հայրենիքի, որքան էլ սկզբում մեղադրեն մարդիկ, յետոյ օգնութեան կանչեն:
Հայրենիքը պէտք է սիրել՝ անկախ այնտեղ եղած քաղաքական ռեժիմից եւ ժողովրդի վարքից»,- գրել է նա: