Մեդւեդեւ. «Համուրաբիի, Հին Կտակարանի եւ Ղուրանի օրէնքները Ռուսաստանին «միջուկային զսպման» իրաւունք են ընձեռում»
«ԱԼԻՔ» – «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը պատմական է: Այն արդէն նշանակւած էր Համուրաբիի, Մանուի, 12 աղիւսակների օրէնքներում եւ, իհարկէ, Հին Կտակարանում եւ Ղուրանում: Այնպէս որ, չարին կարելի է եւ երբեմն պէտք է յատուցել չարով: Դրա մասին ըստ News.am-ի՝ ռուսական «Արգումենտի ի Ֆակտի»-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը։
«Սակայն ամէն ինչ այդքան պարզ չէ, երբ խօսքը միլիոնաւոր մարդկանց, իրականում ամբողջ մարդկութեան ճակատագրի մասին է: Ի տարբերութիւն մեր թշնամիների, մենք գիտակցում ենք ե՛ւ մեր հսկայական ուժը, ե՛ւ մեր պատմական պատասխանատւութիւնը։ Առայժմ շեշտում եմ՝ հէնց մեզ, յաջողւել է կանխել իրադարձութիւնների վատագոյն ելքը։ Միեւնոյն ժամանակ, մենք բարոյական եւ իրաւական իրաւունք ունենք մեր անվտանգութեանն ու ինքնիշխանութեանը հասցւած ուղղակի վնասին համարժէք, համաչափ կամ անհամաչափ պատասխան տալու։ Սա հաստատւած է, ի թիւս այլ բաների, միջուկային զսպման ոլորտում մեր պետական քաղաքականութեան հիմունքներում: Մենք ունենք աւելի քան բաւարար ներուժ (ռազմական, տեխնոլոգիական եւ տնտեսական)՝ մեր քաղաքացիներին եւ մեզ բարեկամ պետութիւնների բնակիչներին պաշտպանելու համար»,- ասել է Մեդւեդեւը։
Ըստ նրա՝ «ցանկացած դէպքում Ռուսաստանը խստօրէն կը գործի ըստ ՄԱԿ-ի Կանոնադրութեան եւ հիմնական փաստաթղթերի, միջազգային իրաւունքի ընդհանուր ընդունւած նորմերին համապատասխան»։
«Եւ քանի դեռ կարող ենք կանխել համաշխարհային աղէտը, ձգտում ենք դա անել: Ցաւալի է, որ մեր այսօրւայ թշնամիները նման շարժառիթներ չունեն։ Նրանց բանականութեան, կամքի ու խաղաղասիրութեան վրայ դեռեւս անհնար է ապաւինել։ Սա նշանակում է, որ ամէն ինչ հնարաւոր է»,- յաւելել է ՌԴ նախկին նախագահը։