Վարդան Օսկանեան. «Քանի դեռ Երեւանը չի խոչընդոտում էներգետիկ հոսքերը, ԵՄ-ն պատրաստ է աչք փակել ներքին բռնաճնշումների վրայ»

«ԱԼԻՔ» – «Հայաստանը հրաժարւում է ժողովրդավարութիւնից ու խորանում աւտորիտարիզմի մէջ, մինչդեռ Եւրոպական միութիւնը լռութեամբ հետեւում է այդ ընթացքին։ Իրականում, դա պարզապէս լռութիւն չէ»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախակին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը:
«ԵՄ-ն՝ իր անդամ պետութիւնների դեսպանատների հետ միասին Երեւանում, մեղսակից է՝ դիտաւորեալ անգործութեամբ, դիւանագիտական յապաղումով եւ ռազմավարական ցինիզմով։ Տասնամեակներ շարունակ Արեւմուտքը հարիւր միլիոնաւոր եւրոներ է ներդրել Հայաստանում բարեփոխումների խթանման նպատակով՝ աջակցելով նրա դատական համակարգին, ոստիկանութեանը, մամուլին եւ քաղաքացիական հասարակութեանը։ Այսօր այս բոլոր հաստատութիւնները Նիկոլ Փաշինեանի կառավարութեան կողմից օգտագործւում են որպէս ճնշման գործիքներ՝ վերածւելով ժողովրդավարութեան յենասիւներից բռնաճնշման միջոցների։ Բայց ԵՄ-ն շարունակում է մնալ պասիւ դիտորդ՝ ակնյայտօրէն չցանկանալով, որ սկզբունքները խանգարեն քաղաքական նպատակայարմարութիւններին։
Վերջին հինգ տարիները աղէտալի են եղել Հայաստանի համար։ Երկիրը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ Կորցրել է իր ինքնիշխան տարածքի մի մասը։ Նրա իսկ անկախութիւնն է սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի կողմից իրականացւող սահմանային ներխուժումներով եւ արտատարածքային միջանցքների պահանջներով։ Իսկ հիմա երկիրը կորցնում է իր ժողովրդավարութիւնը՝ սասանւած մի իշխանութեան կողմից, որը աւելի շատ զբաղւած է ընդդիմախօսներին լռեցնելով, քան պետութիւնը պաշտպանելով։
Այսօր տասնեակ քաղաքական բանտարկեալներ պահւում են Հայաստանի բանտերում։ Նրանց միակ «յանցանքը» Փաշինեանի քաղաքականութիւնը քննադատելն է։ Սա պատահական դէպք չէ, այլ՝ բռնաճնշման համակարգւած արշաւ։ Ընդդիմութեան առաջնորդները հետապնդւում կամ բանտարկւում են։ Դատական համակարգը վերածւել է գործադիրի կամքն իրականացնող մեխանիզմի։ Կանխարգելիչ կալանքը չարաշահւում է։ Կառավարութիւնը ժողովրդավարական շրջանակները օգտագործում է հէնց այդ ժողովրդավարութիւնը վերացնելու համար, իսկ Եւրոպական միութիւնն իբր թէ չի նկատում։
Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ուղղւած արշաւը եւս մէկ վտանգաւոր սրացումն է։ Փաշինեանի ջանքերը՝ վարկաբեկելու, օրինականութիւնից զրկելու եւ ի վերջոյ եկեղեցին կազմաքանդելու, զուտ քաղաքական չեն՝ դրանք քաղաքակրթական են։ Այլ երկրում նման պետական գրոհ պատմական ազգային ինստիտուտի դէմ՝ իրաւական ճնշումներով, մամուլում սեւացմամբ եւ վարչական ահաբեկմամբ, դիւանագիտական վրդովմունք կառաջացներ։ Իսկ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչները պարզապէս աչք են փակում։
Ակնյայտ է, որ Բրիւսէլը Հարաւային Կովկասին նայում է ոչ թէ ժողովրդավարական արժէքների, այլ բացառապէս աշխարհաքաղաքական շահերի տեսանկիւնից՝ որպէս Կասպեան նաւթի ու գազի տարանցիկ ուղի, Ռուսաստանի ազդեցութեանը հակակշիռ եւ Իրանի ու Սեւ ծովի միջեւ բուֆերային գօտի։ Այսօր խաղաղեցման տրամաբանութիւնն է ձեւաւորում ԵՄ-ի մօտեցումը Հայաստանի նկատմամբ։ Քանի դեռ Երեւանը չի խոչընդոտում էներգետիկ հոսքերը կամ կասկածի տակ չի դնում Ադրբեջանի հետ «խաղաղ գործընթացի» պատրանքը, ԵՄ-ն պատրաստ է աչք փակել ներքին բռնաճնշումների վրայ։
ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին։ Այժմ աչք փակելով՝ այն նաեւ ապագայ կառավարութիւններին թողնում է անպատժելիութեան զգացում՝ անկախ նրանց գաղափարախօսութիւնից։ Բրիւսէլն անտեսում է իր իսկ ժողովրդավարական սկզբունքները՝ կորցնելով այն քիչ հեղինակութիւնը, որ դեռ ունի։ Երբ Եւրոպան վերջապէս որոշի բարձրաձայնել իր ձայնը, գուցէ Հայաստանում այլեւս ոչ ոք չցանկանայ լսել։
Դեռ ժամանակ կայ ուղղելու ընթացքը, բայց պատուհանը փակւում է։ Լռութիւնը չէզոքութիւն չէ՝ այն մեղսակցութիւն է։ Եթէ ԵՄ-ն շարունակի բռնաճնշումներին չարձագանքել, այն կը կորցնի ոչ միայն իր բարոյական հեղինակութիւնը Հայաստանում, այլեւ իր ռազմավարական կարեւորութիւնը ամբողջ տարածաշրջանում»,- գրել է նա: