Արամ Վարդեւանեան. «Քաղաքական հետապնդման նման փորձ որեւէ երկրում երբեւէ չի եղել»

«ԱԼԻՔ» – Գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանեանի գնահատմամբ՝ ժողովրդավարական արժէքները կամ իրական են լինում, կամ՝ ձեւական: Հաղորդում է Yerevan.today-ը:
Ըստ նրա՝ ժողովրդավարական արժէքներից ամենակարեւորն իրապէս անկախ դատական համակարգն է:
«Իրապէս ակնախ դատական համակարգի գնահատման պարզ մեխանիզմը՝ քրէական գործերով կալանքի ընտրութեան կամ մերժման հարցն է: Մեր երկրում իշխանական դիրքերից խօսում են ժողովրդավարական արժէքների մասին, սակայն իրականութեան մէջ վախենում են այդ արժէքներից:
Յունիսի 17-ի գործադիր իշխանութեան ղեկավարի կողմից յստակ եւ տեսանելի ֆէյսբուքեան արդարադատութիւնը Սամուէլ Կարապետեանի նկատմամբ աննախադէպ էր, հակաժողովրդավարական էր: Քաղաքական հետապնդման նման փորձ որեւէ երկրում երբեւէ չի եղել եւ կանխատեսելիօրէն յունիսի 18-ից վերջինս կալանաւորւած է:
Ժողովրդավարական արժէքների պայմաններում չի կարող կալանքը, որը հանդիսանում է ամենածայրայեղ միջոցը (ultima ratio) կիրառւի այդքան յաճախ ու այդքան անհիմն, այդքան անհամաչափ: Եւրոպական երկրի ցանկացած դատաւորի կամ դատախազի կարելի է հարց ուղղել, քանի դէպք իրենք գիտեն, երբ անձը.
1. նախկինում արատաւորւած չի եղել,
2. երբեւէ չի թաքնւել քննութիւնից,
3. չունի ոչ մի շարժառիթ գործի քննութեանը խոչընդոտելու (յիշենք, որ մեղադրանքը զուտ տեսանիւթով ամրագրւած հարցազրոյցն է),
4. մեղադրւում է միջին ծանրութեան ենթադրեալ յանցանքի մէջ՝ կալանաւորւի:
Պատասխանը յստակ է՝ չկայ նման դէպք: Հէնց լինի նման դէպք, Եւրոպական այդ երկիրը պարզապէս կը դադարի ժողովրդավարական արժէքների հետ առնչութիւն ունենալուց»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա։