ԻրանՔաղաքական

Բաղայի. «Բանակցել կարելի է միայն նրա հետ, ով չի խօսում  պատերազմի լեզւով»

«ԱԼԻՔ» – ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային շաբաթական մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է, որ տարածաշրջան զօրք ուղարկելը եւ սպառնալիքներով հանդէս գալը հակասում է միջազգային օրէնքի բոլոր սկզբունքներին՝ ընդգծելով, որ բանակցութիւններ կարելի է վարել միայն այն կողմի հետ, որը պատերազմի ձգտում չունի։

«ԻՍՆԱ»-ի համաձայն` Բաղային ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ վերջին ռազմական քայլերին եւ նշել, որ Իրանն այսօր կանգնած է բացւած նոր ճակատի՝ համակցւած պատերազմի առաջ: Նրա խօսքով՝ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի կողմից շարունակւող սպառնալիքները չեն կարող ազդել Իրանի վճռականութեան վրայ՝ պաշտպանելու իր անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը։

ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ցանկացած ոտնձգութիւն Իրանի նկատմամբ կստանայ ափսոսանքի արժանի պատասխան՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները գիտակցում են՝ անկայունութիւնը վարակիչ է եւ չի սահմանափակւելու միայն Իրանի դէմ ուղղւած վտանգներով։

Բաղային անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձեւին՝ նշելով, որ այն խորացրել է պառակտումը միջազգային հանրութեան մէջ, քանի որ անդամ երկրների զգալի մասի աջակցութեանը չարժանացաւ արեւմտեան պետութիւնների առաջ քաշած նախաձեռնութիւնը։

Արձագանքելով ամերիկեան «Աբրահամ Լինքոլն» աւիակիրի տարածաշրջան մուտքի վերաբերեալ հարցին՝ նա յայտարարել է, որ նման քայլերը չեն կարող կոտրել Իրանի կամքն ու կարողութիւնները՝ պաշտպանելու իր ազգային անվտանգութիւնն ու արժանապատւութիւնը։

Խօսելով հնարաւոր բանակցութիւնների մասին՝ Բաղային ընդգծել է, որ հակասական է միաժամանակ ռազմական սպառնալիքներով հանդէս գալը եւ բանակցութիւնների կոչ անելը։ Նրա խօսքով՝ Իրանը երբէք չի ձգտել պատերազմի, սակայն նախկինում հէնց ԱՄՆ-ն է, սիոնիստական ռեժիմի հետ համագործակցութեամբ, տապալել բանակցային գործընթացը։

Իրանի ԱԳՆ խօսնակը նաեւ նշել է, որ Թեհրանը սերտ շփման մէջ է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, իսկ ԱՄՆ-ի մօտեցումը մարդու իրաւունքների հարցում բնութագրել է որպէս երկերեսանի եւ կեղծիքներով ուղեկցւող ու քաղաքական շահարկումներով բեմականացում։

Related Articles

Back to top button