Բաղայի. Կանադայի աջակցութիւնը ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին՝ միջազգային օրէնքի խախտմանը մեղսակցութիւն է

ԱԳՆ խօսնակ Իսմայիլ Բաղային քննադատել է Կանադայի արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարների համատեղ յայտարարութիւնը, որով աջակցութիւն են յայտնում ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների քաղաքականութեանը։
Բաղային նշել է, որ Կանադան չի կարող միաժամանակ իրեն ներկայացնել որպէս խաղաղութեան, անվտանգութեան, ծովագնացութեան ազատութեան եւ միջազգային իրաւունքի պաշտպան, իսկ միւս կողմից աջակցել ԱՄՆ-ի ռազմական եւ տնտեսական գործողութիւններին տարածաշրջանում։
Նա յայտարարել է, որ եթէ Կանադայի համար իսկապէս առաջնային է ծովագնացութեան ազատութիւնը, ապա այդ երկիրը պէտք է պահանջի դադարեցնել պատերազմը եւ վերացնել ճգնաժամը խորացնող գործօնները, ոչ թէ աջակցի ԱՄՆ-ի գործողութիւններին։
Իրանի ԱԳՆ խօսնակը Կանադայի դիրքորոշումը որակել է որպէս «ռազմավարական շփոթ եւ տեղատւութիւն՝ բռնարար ուժի դիմաց», նշելով, որ նման քաղաքականութիւնը կարող է նաեւ Կանադային աւելի խոցելի դարձնել ԱՄՆ-ի ճնշումների եւ պահանջների նկատմամբ։



