ԱԿՆԱՐԿ. ՎԵՐԱՆԱՅԵ՞Լ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԹԷ՞ ԽՄԲԱԳՐԵԼ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ

ՀԱՏԻՍ
Այս ակնարկը նախորդների շարունակութիւնն է՝ փորձելով պատասխանել երրորդ հարցին. հնարաւո՞ր է յարգել անցած ճանապարհն ու դերակատարներին՝ միաժամանակ վերանայելով այդ ճանապարհի քաղաքական սխալները։
Թերթում ես առաջին արցախեանի լուսանկարների գրքերն ու հանդիպում Ռուբէն Մանգասարեանի, Գագիկ Յարութիւնեանի, Գերման Աւագեանի եւ այլ պատերազմական լուսանկարիչների սեւ-սպիտակ կադրերին… ու պատմութիւնը յանկարծ դադարում է վերացական լինելուց։ Մարդկանց աչքերում յոգնածութիւն, վախ, կորուստ, երբեմն էլ՝ յաղթանակի կայծ ես տեսնում։ Բայց դրանց կողքին՝ նաեւ ինքնապաշտպանութեան ոգին ու անորոշութիւնը։
«Արցախեան առաջին»-ը հէնց այդպիսի սկիզբ ունեցաւ՝ յանուն ազգի եւ թշնամուն մատնւած անզէն ժողովրդի պաշտպանութեան, փրկել հողն ու հայրենիքը։
Գուցէ տարիների հեռաւորութիւնից մենք կարող ենք վիճել այդ պատերազմի քաղաքական որոշումների, սխալների եւ հետագայ ընթացքի շուրջ։ Բայց դժւարը խղճի հետ վիճելն է։ Լուսանկարներում երեւացող մարդկանց յոգնած աչքերի համար դա արդէն վերացական պատմութիւն չէր։ Դա իրենց կեանքի, կամ թիկունքում յայտնւած ընտանիքի կեանքի, եւ բռի մէջ պահած հայրենի հողի պատմութիւնն էր։
Գուցէ զգացական թւայ։ Բայց հէնց այդ սեւ-սպիտակ լուսանկարներն են, որ այսօր ստիպում են հարց տալ՝ ի՞նչ տեղի ունեցաւ «այն օրերի» եւ այն քաղաքական մտածողութեան միջեւ, որը տարիներ անց հայ հասարակութեանը պիտի բաժանէր «Սեւերի» ու «Սպիտակների»։
Քաղաքական ճանապարհը միշտ ենթակայ է վերանայման, պարտութեան պատճառները՝ առաւել եւս։ Ոչ ոք դէմ չէ նրան, որ պետական որոշումների մակարդակով գործած սխալները, յատկապէս, պէտք է անուններով կոչւեն։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ ճանապարհն անցած մարդկանց հաւաքական յիշողութիւնը պէտք է խմբագրւի։
Աւելին՝ այստեղ եւս մէկ հիմնական հարց է առաջանում․ պետութիւնը միայն կառավարման համակարգ է, թէ՞ պատմական շարունակականութիւն, որով իմաստ է հաղորդւում այդ համակարգին։
Հայաստանի ներկայ իշխանութիւնների պետական մտածողութեան մէջ «համակարգը» երբեմն կարծես դառնում է ինքնանպատակ։ Հայկականն ու ազգայինը այնտեղ ընդունելի են այնքանով, որքանով չեն խանգարում դրա աշխատանքին։ Բայց այստեղ մի պարզ հարց է առաջանում․ ի՞նչ կը մնայ պետականութիւնից, եթէ այն կտրում է սեփական պատմութեան հետ կապող այդ պորտալարը։ Իսկ վաղը ո՞վ պիտի պատասխանի ամենապարզ հարցին՝ այդ համակարգը ո՞ւմ եւ ինչի՞ն էր ծառայում։
Իշխանութիւնները կարող են փոխել քաղաքական գնահատականներն ու վերանայել անցած ճանապարհը։ Բայց այդ փոփոխութիւնը չի կարող պահանջել, որ ժողովուրդը փոխի նաեւ իր յիշողութիւնը։ Գերմանիան իր պատմութեան ամենամութ էջերի հետ առերեսւեց՝ առանց իր պատմութիւնը ջնջելու։ Ճապոնիան տասնամեակներ շարունակ վերանայել է պատերազմի իր ժառանգութիւնը՝ առանց հրաժարւելու պատմական յիշողութիւնից։
Հայաստանի դէպքում անցեալի վերագնահատումը, որը նաեւ արտաքին ճակատներին դիմակայելու հրամայականով էր պայմանաւորւած, չի կարող նշանակել հրաժարւել ժողովրդի այն հատւածի իրաւունքներից, որը այդ հրամայականի դիմաց ամենաբարձր գինն է վճարել։
Վերջապէս հասկանալ է պէտք, որ նոյնիսկ մեր հարեւանութեամբ ապրող ու տարածաշրջանի քաղաքակրթութեան հատորում խոր հետքեր չունեցող ցեղախմբերն աւելի պարզ են հասկացել, որ «Ազգային յիշողութիւնը պետականութեան պատասխանատւութեան նախապայմանն է»։



