Իրանը նոր հնարք է կիրառել Հորմոզի նեղուցը վերահսկելու համար
Իրանական ուժերի նախազգուշացումից յետոյ հինգ նաւ փոխել է երթուղին

Վերջին երկու օրերի ընթացքում առնւազն հինգ նաւթատար եւ էներգակիր բեռներ փոխադրող նաւ, Իրանի ուժերի նախազգուշացումից յետոյ, հրաժարւել է Հորմոզի նեղուցի հարաւային հատւածով անցնելուց եւ փոխել է իր երթուղին։
«Ֆարս» գործակալութեան հաղորդմամբ՝ վերջին դէպքում, կիրակի օրը, երկու լցանաւ եւ հեղուկացւած բնական գազ (LNG) փոխադրող մէկ նաւ, «ՍԵՓԱՀ»-ի ռազմածովային ուժերի նախազգուշացումից յետոյ, վերադարձել է մեկնման կէտ։
Իրանը նախապէս յայտարարել էր, որ սահմանւած արգելւած ուղիներով անցնող նաւերը կը գրանցւեն որպէս կանոնները խախտող նաւեր։ Այդ տեղեկութիւնները կարող են օգտագործւել Հորմոզի նեղուցով նրանց hետագայ անցումների ժամանակ։
Միաժամանակ, նաւագնացութեան տւեալները վկայում են նեղուցով երթեւեկութեան կտրուկ նւազման մասին։ «Reuters-ի հրապարակած Kpler ընկերութեան տւեալների համաձայն՝ երկուշաբթի Հորմոզի նեղուցով անցել է ընդամէնը եօթ բեռնատար նաւ, որոնք կամ իրանական են եղել, կամ պահպանել են Իրանի սահմանած պայմանները։
Իրանը նաեւ յայտարարել է, որ առաջիկայ օրերին կը ներկայացնի Պարսից ծոցում եւ Հորմոզի նեղուցում սահմանափակւած ծովային գօտու եւ նաւագնացութեան նոր երթուղու մանրամասները։



