Ադրբեջանում Առնօ Բաբաջանեանի երաժշտութիւնն անւանել են «Բաքւի բանահիւսութիւն». Արա Բաբաջանեանը դիմել է իրաւաբաններին

«ԱԼԻՔ» – Առնօ Բաբաջանեանի որդին՝ Արա Բաբաջանեանը, Sputnik Արմենիային տւած հարցազրոյցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիւը» (տեքստը՝ Եւգէնի Եւտուշենկոյի, երաժշտութիւնը՝ Առնօ Բաբաջանեանի) երգի ներքոյ, որը կատարում է«հարեւան հանրապետութիւնից երգիչ», որպէս տեքստի հեղինակ նշւած է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստւենսկին, իսկ երաժշտութեան հեղինակ՝ «Բաքւի բանահիւսութիւն»։
Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանեանն արդէն դիմել է իրաւաբաններին։
«Տեսնենք՝ ինչ արդիւնքներ կը լինեն … Այդպէս յաճախ է լինում, երբ Մուսլիմ Մագոմաևին նւիրւած համերգներ են անցկացնում։ Ընդ որում, ես մեծ յարգանքով, սիրով եմ վերաբերւում Մուսլիմին։ Մենք նրան ընդունում էինք որպէս ընտանիքի անդամ, ես այն ժամանակ նոր էի սկսում կարիերաս։ Նա գալիս էր մեր տուն եւ ժամերով կարող էր նստել դաշնամուրի մօտ, երգել, շփւել»,- ասել է անւանի կոմպոզիտորի որդին։
Առնօ Բաբաջանեանը եւ Մուսլիմ Մագոմաեւը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիւ հիթեր («Գեղեցկութեան թագուհի», «Մեղեդի», «Շնորհակալ եմ քեզ»): Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։
Նրանց համագործակցութիւնը սկսւել էր դեռեւս 1960-ականներին։ Բաբաջանեանի եւ Մագոմաեւի առաջին երգը «Յիշում եմ Բուլղարիան»-ն էր, ապա «Աշխարհի ամենալաւ քաղաքը» (1964 թ., տեքստը՝ Լէոնիդ Դերբենիովի), «Գեղեցկութեան թագուհին» (1965 թ., տեքստը՝ Անատոլի Գորոխովի), «Սատանայի անիւը» (1969 թ., տեքստը՝ Եւգէնի Եւտուշենկոյի), «Հարսանիք» (1971 թ., տեքստը՝ Ռոբերտ Ռոժդեստւենսկու), «Վերադարձրու ինձ երաժշտութիւնը» (1975 թ., տեքստը՝ Անդրէյ Վոզնեսենսկու): Այդ ժամանակաշրջանում, անշուշտ, Բաբաջանեան–Մագոմաեւ զոյգը փայլում էր բեմում։
Tert.am



