Ստեփան Դանիէլեան. «ԱՄՆ-ն Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել, Ադրբեջանին էլ ասում են՝ հրաժարւիր ՀՀ նկատմամբ այլ տարածքային պահանջներից»
«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչ Մեթիւ Միլլերի յայտարարութեանը, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնութիւնը հնարաւոր է, բայց դա երկու կողմից կը պահանջի բարդ ընտրութիւններ եւ բարդ փոխզիջումներ կատարել:
Հարցին՝ հայկական կողմն արդէն բաւականաչափ զիջումներ կատարել է, ի՞նչ նոր ու բարդ փոխզիջումներ են սպասւում, կամ ադրբեջանական կողմն ի՞նչ պէտք է զիջի, Դանիէլեանն ասել է.
«Միացեալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Արցախի մնացած մասն ինչո՞ւ յանձնւեց Հայաստանի կառավարութեան կողմից, որովհետեւ իրենք ասում էին, որ ռուսական վերահսկողութեան Մեղրիի միջանցքը չեն տալիս, համաձայն չեն եւ դրա համար Լաչինը փակւեց, դրա համար 2023 թւականին Արցախում տեղի ունեցաւ այն, ինչ տեղի ունեցաւ»:
Դանիէլեանի խօսքով՝ հիմա պահանջում են միջանցք յանձնել միջազգային, ըստ էութեան, ամերիկեան վերահսկողութեան տակ:
«Ստացւում է՝ Արցախը զոհաբերւեց, որ ռուսական ԱԴԾ-ի վերահսկողութիւն չլինի Մեղրիում: Հիմա այդ միջանցքն արդէն այլ երկրի կամ այլ կազմակերպութիւնների են, որոնք այլ երկրներն են ներկայացնում: Բնականաբար, համապատասխան հարցեր են առաջացնում, դրա համար Հայաստանից զիջումներ են պէտք», – նշել է քաղաքագէտը:
Ըստ նրա՝ Ադրբեջանից պահանջւող զիջումն այն է, որ տարածքային նոր պահանջներ չներկայացնեն Հայաստանին, ինչին Ադրբեջանը համաձայն չէ:
Հարցին՝ միջանցքի տրամադրմանը կը գնա՞ն ՀՀ իշխանութիւնները, նա արձագանգել է. «Նրանք արդէն ինչ-որ ձեւով համաձայնւել են, ուղղակի ձեւակերպումներ են որոնում, թէ ինչպէս ներկայացնեն Հայաստանի հանրութեանը»:
Ինչ վերաբերում է խաղաղութեան պայմանագրին, Դանիէլեանն ասաց, որ եթէ նոյնիսկ ստորագրւի էլ այդ փաստաթուղթը, ոչ մի խաղաղութիւն էլ չի լինի:
«Խաղաղութիւն կարող է լինել այն դէպքում, եթէ 6 երկիր՝ Կովկասի երեք երկիր եւ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան գան որոշակի միասնական համաձայնութեան Հարաւային Կովկասի ապագայի մասին, եւ Արեւմուտքը չխոչընդոտի։ Դա միակ տարբերակն է»,- նշել է քաղաքագէտը: