Ասադ. «Սիրիան համաձայն է կարգաւորել Թուրքիայի հետ յարաբերութիւնները՝ պահպանելով միջազգային իրաւունքի սկզբունքները»
«ԱԼԻՔ» – Սիրիան դրական է վերաբերւում Թուրքիայի հետ յարաբերությունների կարգաւորմանն ուղղւած բոլոր նախաձեռնութիւններին։ Այս մասին, ինչպէս հաղորդել է Al-Ikhbariya-ն, յայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսի ընտրատեղամասերից մէկում ընտրողների հետ զրոյցի ընթացքում:
«Սակայն ես համաձայն եմ նման քայլի գնալ միայն այն դէպքում, եթէ պահպանւեն միջազգային իրաւունքի սկզբունքները։
Բնական է, որ ոչ ոք չի ցանկանում խնդիրներ ունենալ իր հարեւանների հետ, բայց Սիրիան պատրաստ է ընդառաջել Թուրքիային եւ բարելաւել յարաբերութիւնները նրա հետ որոշակի կանոնների համաձայն: Խօսքը միջազգային իրաւունքի սկզբունքների պահպանման մասին է»,- պարզաբանել է Ասադը՝ նշելով, որ չի բացառում Էրդողանի հետ հանդիպման հնարաւորութիւնը՝ «Եթէ խօսք լինի սիրիական տարածքից թուրք զինւորականների դուրսբերման մասին»։
Աւելի ուշ, թուրքական Hürriyet-ը յղում անելով իր աղբիւրներին տեղեկացրել է, որ Ասադը եւ Էրդողանը առաջիկա երկու-երեք ամսւայ ընթացքում կարող են հանդիպել երրորդ երկրում՝ քննարկելու իրենց երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցը։
Յիշեցնենք, որ յունիսի 28-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը յայտարարեց Դամասկոսի հետ 2012 թւականին խզւած դիւանագիտական յարաբերութիւնները վերականգնելու պատրաստակամութեան մասին։