Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Հարաւային Կովկասում ԵՄ-ՌԴ աւելի մեծ առճակատում կայ, քան ՌԴ-ԱՄՆ. ինչի՞ց է կախւած TRIPP-ին ՌԴ մասնակցութեան հարցը

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը TRIPP-ին Ռուսաստանի մասնակցութեան վերաբերեալ հայաստանեան հասարակութեանը պարզաբանումներ կամ դիրքորոշում չի ներկայացնում, սակայն ադրբեջանական կողմին արդէն վստահեցրել են՝ ՌԴ-ն չի մասնակցելու TRIPP-ի երկաթուղային հաղորդակցութեանը։ Այս մասին Երեւանն ու Բաքուն կարծես մօտ դիրքորոշումներ ունեն։

Նախօրէին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովի տարեկան ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրաւ մեկնաբանութիւններ են հնչել։ Դրանցից մէկն այն է, որ Երեւանը Բաքւին յայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատւածը չի վերաբերում Ռուսաստանին։ Նա մասնաւորապէս ասել է. «Հնարաւոր է, Հայաստանը ստանձնելով TRIPP-ի մասով պարտաւորութիւնները, նաեւ հաշւի է առել երկաթուղու մասը»:

Ջէյհուն Բայրամովը նկատել է, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործում է մինչեւ 2038 թւականը, բայց, ըստ նրա, հայկական կողմը Բաքւին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ այդմ՝ Սիւնիքում կառուցւելիք երկաթուղու հատւածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապէս գոյութիւն չունէր:

«Հետեւաբար հնարաւոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապէս չկայ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Այսպիսի մեկնաբանութիւն էր արել նաեւ օրերս Նիկոլ Փաշինեանն իր Կառավարութեան նիստին յաջորդած ճեպազրոյցում՝ ասելով, թէ այդ հատւածում չկայ երկաթուղի, ուստի այն չի կարող լինել ՌԴ կառավարման ներքոյ։

Դեռեւս նոյեմբերին «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութիւնից յայտնել էին, թէ Հայաստանի կառավարութիւնը լիազօրւած է ինքնուրոյն որոշել՝ ինչպէս շարունակել աշխատանքն ու յատկապէս երկաթուղու կոնկրետ Մեղրիի հատւածն ինչպէս շահագործել հետագայում։ «Թէեւ այն յանձնւել է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը, սակայն պատկանում է ՀՀ-ին, ուստի, ըստ ընկերութիւնից ստացւած պարզաբանման, հէնց ՀՀ-ի ցանկութեամբ երկաթուղային գոյքի որոշ մասի կառավարումը կարող է վերադարձւել Հայաստանի կառավարմանը»,-նշել էին ընկերութիւնից։

Դեկտեմբերի կէսին էլ ՌԴ արտգործնախարարութեան ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրէն Միխայիլ Կալուգինն անդրադարձել էր նախագծին եւ նշել, որ պատրաստ են ՀՀ հետ խորհրդակցել Ռուսաստանի հնարաւոր մասնակցութեան շուրջ։ Մոսկւայից նաեւ յայտարարել էին, թէ առանց Ռուսաստանի մասնակցութեան գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը հակադարձել էր՝ TRIPP-ին ՌԴ հնարաւոր ներգրաւման հետ կապւած քննարկումներ չկան։

Իսկ այս յայտարարութիւնից օրեր անց Փաշինեանը նշել էր, թէ TRIPP-ը Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրաււածութիւնը կարող է քննարկւել միայն երկկողմ ձեւաչափով։ Սակայն ուշագրաւն այն է, որ պաշտօնական Երեւանը այս հարցերը, այդ թւում ՌԴ հնարաւոր մասնակցութեան հարցը TRIPP-ի երկաթուղուն, արդէն քննարկել է ադրբեջանական կողմի հետ։ Թէ ինչ խողովակով է քննարկւել, եւս պարզ չէ, քանի որ չի եղել պաշտօնական որեւէ հաղորդագրութիւն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP-ը։

Չի բացառւում, որ հարցը քննարկւած լինի նոյեմբերի վերջին Գաբալայում կայացած Մհեր Գրիգորեան-Շահին Մուստաֆաեւ հանդիպմանը, սակայն հանդիպմանը յաջորդած հաղորդագրութիւնում չկային մանրամասներ դրա վերաբերեալ։

Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ TRIPP-ն, ինչպէս Փաշինեանն է նշում, երկկողմ նախագիծ է, սակայն Երեւանը Բաքւին պարզաբանումներ է ներկայացրել ՌԴ մասնակցութեան վերաբերեալ։

Մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինեանը յայտարարել էր, թէ Հայաստանը ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցութիւններ է վարում Միացեալ Նահանգների հետ TRIPP երկաթուղու իրականացման եւ կառուցման վերաբերեալ, եւ դրանք իսկապէս ներկայացնում են նշանակալի եւ իմաստալից փոփոխութիւններ մեր տարածաշրջանում։

«Եւ այստեղ կան բազմաթիւ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնութեան հետ մեր երկկողմ յարաբերութիւններին առնչւող, եւ այսօր, կարծում եմ, շատ լաւ հնարաւորութիւն է քննարկելու այս բոլոր հարցերը»,- ասել էր Նիկոլ Փաշինեանը:

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ հարաւկովկասեան երկրներն ամենայն հաւանականութեամբ հակւած են եւ աշխատում են այն ուղղութեամբ, որպէսզի Ռուսաստանը որեւէ մասնակցութիւն չունենայ ռեգիոնով անցնող ենթակառուցւածքային ծրագրերին։ Սա, նրա խօսքով, հասկանալի է, հաշւի առնելով վերջին տարիների միտումները եւ այս պրոյեկտները նախաձեռնած կենտրոնների աշխարհաքաղաքական նպատակները, որոնք էլ Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցելն է։ Թէեւ այս ամենին զուգահեռ, նրա կարծիքով, թէ Ռուսաստանը, թէ Չինաստանը փորձում են ներգրաււել այս նախաձեռնութիւններում։

«Հաշւի առնելով այն դիստանցաւորւած քաղաքականութիւնը, որը վարում են Երեւանն ու Բաքուն Ռուսաստանից, բնական է, որ ցանկանում են այս պրոյեկտներում համագործակցել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, ում հետ էլ ակտիւ բանակցում են այս ամենի շուրջ։ Սակայն Ռուսաստանի յայտն էլ մի բան է, որը անտեսել չեն կարող, քանի որ Ռուսաստանը բացի կողմերի հետ բանակցութիւնները, նաեւ աշխարհաքաղաքական խաղացող է, ում քայլերը նաեւ պայմանաւորւած են այլ խաղացողների հետ բանակցութիւններով ու համակարգմամբ։

Ուստի, կարծում եմ, վաղ է վերջնական եզրակացութիւններ անել, քանի որ սա գործընթաց է։ Ռեգիոնում ակտիւօրէն աշխատում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, նաեւ Ռուսաստանը, որը արդէն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ է հաստատել Հայաստանի հետ։ Կարծում եմ՝ ԱՄՆ դիրքորոշումը եւս այս հարցերում նշանակալի է լինելու։ Սակայն պէտք է արձանագրել, որ Հարաւային Կովկասում կայ Եմ-ՌԴ աւելի մեծ առճակատում, քան ՌԴ-ԱՄՆ, սա ինչպէս հնարաւորութիւն է Ռուսաստանի համար, այնքան էլ դժւարութիւն, որից էլ կախւած են հետագայ զարգացումները, այդ թւում՝ ՌԴ հնարաւոր մասնակցութեան հարցը»,- 168.am-ի հետ զրոյցում ասել է Խրամչիխինը։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Related Articles

Back to top button