Նւէր Փաշինեանից Իլհամ Ալիեւին ծննդեան օրւայ կապակցութեամբ
(Ալիեւի նարատիւներն ապացուցում են, որ Ադրբեջանը չի պատրաստւում խաղաղութեան Հայաստանի հետ)

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Իլհամ Ալիեւի ելոյթն Աղդամում ոչ միայն «Մեծ վերադարձ» ծրագրի ընթացքի մասին հաշւետւութիւն էր, այլեւ ծրագրային մանիֆեստ, որն ամրագրում է Բաքւի անցումը ռազմական յաղթանակից դէպի Հայաստանի դէմ քաղաքական եւ իրաւական ճնշման երկարաժամկէտ ռազմավարութեան։ Ադրբեջանի նախագահի թէզերի վերլուծութիւնը թոյլ է տալիս առանձնացնել մի քանի առանցքային հանգոյցներ, որոնք առաջիկայ տարիներին կորոշեն տարածաշրջանային օրակարգը։
Ալիեւի ելոյթի ամենանշանակալի ազդակներից մէկն այն պնդումն էր, որ Աղդամի աւերման պատասխանատւութիւնը կրում է ոչ թէ «Ղարաբաղի անջատողական վարչակարգը», այլ անմիջապէս հայկական պետութիւնը։ Սա քաղաքականութեան վերափոխման հանգուցային պահ է։ Եթէ նախկինում Բաքուն շեշտը դնում էր Ղարաբաղի տեղական ուժերի վրայ, ապա այժմ թիրախն աւելի յաճախ դառնում է պաշտօնական Երեւանը։
Այս ձեւակերպումն ունի հեռագնայ հետեւանքներ։ Այն հիմք է նախապատրաստում Հայաստանին լայնածաւալ նիւթական պահանջներ ներկայացնելու համար։ Քաղաքների աւերումն անւանելով «հայկական պետութեան նպատակաուղղւած քաղաքականութիւն»՝ Ալիեւը փաստացիօրէն ազդարարում է անցումը «տնտեսական եւ իրաւական հատուցման» փուլին։ Այս պահանջների ներկայիս անորոշութիւնը Բաքւին մանեւրելու լայն դաշտ է թողնում՝ ռեպարացիաների պահանջից մինչեւ խաղաղութեան պայմանագրի շրջանակներում նոր տարածքային ու հումանիտար պայմանների պարտադրում։
Ելոյթում առանձնայատուկ տեղ էր զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի քննադատութիւնը։ Ալիեւն ուղղակիօրէն յայտարարեց, որ համանախագահների գործունէութիւնն ուղղւած էր «օկուպացիայի պահպանմանը» եւ ստատուս քւոյի պահպանմանը։ Բաքւի տեսանկիւնից՝ միջազգային միջնորդները տասնամեակներ շարունակ աշխատել են այն ուղղութեամբ, որ Արցախը մնայ հայկական՝ փորձելով Ադրբեջանին «հաշտեցնել» տարածքների կորստի փաստի հետ։
Այստեղ առաջանում է սուր քաղաքական պարադոքս, որը հարւածում է Նիկոլ Փաշինեանի ներքին լեգիտիմութեանը։ Մինչ Հայաստանի վարչապետը տարիներ շարունակ ներքին լսարանին համոզում էր, որ ԵԱՀԿ ՄԿ ժառանգութիւնը «աղետալի» էր եւ տանում էր Ղարաբաղի յանձնմանը, Ալիեւը պնդում է հակառակը՝ միջնորդները Հայաստանի կողմից էին։ Այս հակասութիւնը Փաշինեանին դնում է ծայրայեղ բարդ կացութեան մէջ. եթէ նոյնիսկ թշնամին հաստատում է, որ դիւանագիտական մեխանիզմներն աշխատել են յօգուտ Հայաստանի, ապա Փաշինեանի փաստարկը՝ «վատ բանակցային ժառանգութեան» պատճառով տարածքային կորուստների անխուսափելիութեան մասին, փլուզւում է։
Չնայած պաշտօնապէս ընթացող խաղաղութեան գործընթացին՝ Ալիեւի հռետորաբանութիւնը մնում է ծայրայեղ կոշտ եւ ուղղւած դէպի անցեալը։ «Սումգայիթի ողբերգութեան» յիշատակումը եւ շեշտադրումն այն մասին, որ Ադրբեջանը «երբեք չի մոռանայ օկուպացիան», վկայում են, որ երկրի բարձրագոյն ղեկավարութեան մակարդակով չեն հնչում հասարակութիւնների իրական հաշտեցմանն ուղղւած նարատիւներ։
Ընդհակառակը, Ալիեւն ընդգծում է, որ Ադրբեջանը պէտք է լինի «հակառակորդից մի քանի անգամ ուժեղ», իսկ «յաղթական երթի» պատմութիւնը պէտք է ուսումնասիրւի դպրոցներում՝ որպէս ազգային ինքնութեան հիմք։ Սա խօսում է այն մասին, որ սահմանին տիրող ներկայիս անդորրը ժամանակաւոր է եւ ունի աւելի շուտ տեխնիկական բնոյթ։ Ճնշումը վերսկսելու գաղափարական հիմքը ոչ միայն պահպանւել է, այլեւ ամրապնդւում է։ Բաքուն Հայաստանին չի առաջարկում «խաղաղութիւն՝ համագործակցութեան դիմաց», նա առաջարկում է «խաղաղութիւն՝ նոր իրողութիւններին լիակատար ենթարկւելու դիմաց»։
Ալիեւը յստակ ձեւակերպում է. յաղթանակը ձեռք է բերւել ի հեճուկս համաշխարհային խոշոր խաղացողների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան), որոնք «վիզաներ էին տրամադրում անջատողականների առաջնորդներին»։ Այս թէզը ստեղծում է «պաշարւած ամրոցի» հոգեբանութիւն, որին թոյլատրւած է գործել կոշտ՝ ելնելով բացառապէս ուժի իրաւունքից։ Շուշիի ուղղութեամբ «Իսկանդեր-Մ» հրթիռների կիրառման յիշատակումը ուղղակի ակնարկ էր Ռուսաստանի հասցէին։
Ելոյթի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ Բաքւի հետագայ քաղաքականութեան հիմնական ուղղութիւններն են լինելու. Իրաւական ագրեսիա (հայցեր անմիջապէս ՀՀ-ի դէմ), Դիւանագիտական մեկուսացում (ԵԱՀԿ ՄԿ-ի ժառանգութեան վերջնական լուծարում), Ռազմական գերազանցութիւն՝ որպէս միակ երաշխաւոր։
Աղդամի ելոյթը հաստատում է. խաղաղութեան պայմանագիրը Բաքւի համար հակամարտութեան աւարտը չէ, այլ միայն գործիքակազմի փոփոխութիւն։ Սահմանին տիրող ներկայիս անդորրը փխրուն է, իսկ նոր պահանջների գաղափարական հիմքն արդէն լիովին պատրաստ է։
Մտածէ՛ք այդ մասին․․․
Alphanews.am



