Շիրազ Խաչատրեան. «Այսօր կանգնած ենք Ադրբեջանի կողմից ոչ միայն Սիւնիքը, այլ նաեւ Վայոց Ձոր-Սիւնիքը կտրելու վտանգի առաջ»
Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնն օրերս նաեւ տեսանիւթով էր ներկայացրել «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը։ Կառավարութիւնը մշակել եւ ներկայացնում է «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը` որպէս խաղաղութեան օրակարգի կարեւոր մի մաս:
Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, յայտարարել էր.
«Հայաստանի հարաւով եւ հիւսիսով անցնող երկաթուղիներն արդէն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաեւ արեւելքն արեւմուտքին կապող բազմաթիւ աւտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ եւ արդիւնաւէտ ուղի կը դառնար՝ թէ՛ երկաթուղային, թէ՛ աւտոմոբիլային:
Նոյն կերպ եւ այդ երկաթուղային եւ աւտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Պարսից ծոցը Սեւ ծովի, այդ թւում` վրացական նաւահանգիստներին կապող արդիւնաւէտ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կը բերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ ես ցանկանում եմ կառավարութիւնների, մասնաւոր ներդրողների ուշադրութիւնը հրաւիրել այս հնարաւորութեան վրայ»:
Ըստ նախագծի՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցւածքների համար հայ-ադրբեջանական սահմանին 5 անցակէտ ստեղծել՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Երասխի, Անգեղակոթի մօտ, ինչպէս նաեւ 2 անցակէտ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում եւ Մարգարայում:
Ինչ ռիսկեր է այս ամէնը ենթադրում, 168.am-ի հետ զրոյցում «Յենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանը նախ նշեց.
«Նախքան սովորական անցակէտերի ռիսկերը, պէտք է հասկանանք՝ Խաղաղութեան պայմանագիր կոչւածը կնքւո՞ւմ է, թէ՞ ոչ, արդեօք դրա մէջ մտնո՞ւմ է անկլաւների հարցը: Ռիսկերն ու վտանգները կարող են առաջանալ նոր տարածքների եւ «անկլաւների» յանձնման խնդրով պայմանաւորւած: Այսինքն, հնարաւոր է՝ անցակէտերը ռիսկեր չպարունակեն եւ լինեն սովորական անցակէտեր: Բայց, կրկնում եմ, եթէ յատկապէս Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Բաղանիս հատւածում այս գաղափարն իրագործւի, եթէ ադրբեջանական կողմի ցանկութեամբ վերադարձւեն Տաւուշի գիւղերը, հէնց այստեղ ենք լուրջ վտանգների բախւելու: Ընդորում, ոչ միայն ճանապարհների վերահսկման առումով, ինչի մասին նախորդ անգամ խօսել ենք, որ Հայաստանն ինքն իր ձեռքով «ականապատում» է իր իսկ տարածքները, եւ Ադրբեջանը փաստացի բլոկադայի է ենթարկում Իրանից դէպի Վրաստան տանող գլխաւոր մայրուղին, այլ եթէ Ադրբեջանն արդէն դրանք համարի իր սեփական տարածքը, կարող է նոր ենթակառուցւածքներ կառուցել, ինչո՞ւ չէ, նաեւ՝ ռազմաբազա, ինչն անվտանգային նոր ռիսկեր է ստեղծելու: Այսինքն, մեր տարածքի խորքում կարող են այնպիսի ենթակառուցւածքներ կառուցել, որ տասնամեակներ անվտանգութեան հետ կապւած լուրջ վտանգներ ունենանք»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին սպառնացող այս պահին առկայ անվտանգային, ռազմական ռիսկերին, ի վերջոյ, ադրբեջանական օկուպացիայի տակ է ՀՀ 200 քկմ. տարածք, որից մօտ 140 քկմ.-ն 2021-2022 թւականների առաջխաղացումների եւ յարձակումների արդիւնքում, Շիրազ Խաչատրեանն ասաց՝ Ադրբեջանը Գեղարքունիքի՝ Կութի հատւածում, առաջխաղացում են ապահովել ոչ միայն նրա համար, որ Ջերմուկից կամ Իշխանասարից յարձակման ծրագիր իրագործեն, այլ, ըստ նրա, Ադրբեջանը լայնածաւալ պատերազմ սկսելու դէպքում, շատ արագ Իշխանասարից կը փակի Մ2 մայրուղին:
«Երկրորդ, ինչու են իրենք խորացել Ալագեօլեր, Կութ, Վերին Շորժա հատւածում, քանի որ Վերին Շորժայի «գլխով» դէպի Սելիմի լեռնանցք ճանապարհը շատ մօտ է, ինչն իրենց յատուկ ջոկատայինների ուժերով կարող են շատ հանգիստ փակել: Շատ մանրամասների մէջ չխորանանք, բայց մենք այսօր կանգնած ենք Ադրբեջանի կողմից ոչ միայն Սիւնիքը, այլ նաեւ Վայոց Ձոր-Սիւնիքը կտրելու վտանգի առաջ: Այս մասին մենք մի առիթով խօսել ենք, երբ դեռ Արցախի դէմ «հակաահաբեկչական» գործողութիւնները չէին իրականացւել: Այս ժամանակ ես ասել եմ, որ Ադրբեջանի նպատակներից մէկը Քարվաճառի կամ Լաչինի ուղղութիւններից (հնարաւոր են նաեւ այլ ուղղութիւններ) ռազմական ճանապարհով դէպի Նախիջեւան կտրել-դուրս գալն է։ Դա դիտարկում ենք նրանց յարձակման պլանի համատեքստում (Սոթք-Սելիմի լեռնանցք, Ջերմուկի, Իշխանասարի ուղղութիւններ), սակայն ցանկացած պետութիւն, ինչպէս ունի յարձակման, այնպէս էլ պաշտպանութեան կազմակերպման պլան»,- շարունակել է փորձագէտը՝ նկատելով, որ դժւար թէ Ադրբեջանը փորձի Կապանով խնդիր լուծել: Միւս կողմից, ըստ Շիրազ Խաչատրեանի, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային խնդիրը միջանցքի կամ թուրքական ճանապարհի, ընդհանուր ուղիների բացումն է:
Յաւելենք, որ 2021-ին Ալիեւը յայտարարել էր, որ Քարվաճառի (Քելբաջար) եւ Քաշաթաղի (Լաչին) շրջաններում ռազմական ճանապարհների շինարարութիւն է իրականացւում, ճանապարհների ընդհանուր երկարութիւնը՝ մինչեւ 700 կմ.: Նա նշել էր, որ ռազմավարական տեսանկիւնից եւ իրենց սահմանների ամրապնդման տեսանկիւնից այդ ճանապարհները շատ կարեւոր են: