Հանդիսաւոր ս. պատարագ Ս. Աստւածածին Երից ամաց ի տաճարն ընծայման եւ համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան տօնի առիթով
Նոյեմբերի 21-ին տօնն է Ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան:
Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի ծնողները մինչեւ նրա ծնւելը ուխտել էին, որ իրենց զաւակին պիտի ընծայեն Տիրոջը: Երբ լրացաւ Մարիամի առաջին տարին, ծնողները նւէրներով հանդերձ նրան տաճար տարան Աստծուն ընծայելու: Իսկ երբ նա բոլորեց երեք տարեկանը, ծնողները, կրկին վերցնելով իրենց հետ ընծաներ, տաճար տանելով յանձնեցին Ս. Յովհաննէս Մկրտչի հօր՝ Զաքարիա քահանայապետին: Երբ երեքամեայ Մարիամը տաճար մտաւ, առանց օգնութեան բարձրացաւ տաճարի տասնհինգ աստիճաններով (որոնք տանում էին դէպի Մեծ սեղանը), եւ բոլորին զարմացրեց: Ամէն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչեւ լրացաւ նրա եօթը տարեկանը: Այսպիսով իրական Ուխտի տապանակը մուտք գործեց Աստծու տաճար, ով մարդկութեանը պիտի պարգեւէր, Յարութիւնը, Կեանքը եւ Աստծու Բանը։
Այս տարի, նոյեմբերի 20-ին եւ 21-ին Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն եւ կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում:
Երկուշաբթի երեկոյեան, հսկումի արարողութիւնը կատարեց Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը: Իսկ երեքշաբթի, նոյեմբեր 21-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը:
Յընթացս քարոզի Սրբազան Հայրը Ս. Աստւածածնին նւիրւած տօներին անդրադառնալով ասաց. «Աստւածամայրը Քրիստոնէական եկեղեցու այն անձնաւորութիւնն է, որ երկնքի եւ երկրի միջեւ միջնորդ հանդիսացաւ եւ այսպիսով Աստւածամայր կոչւեց եւ այդ իսկ առիթով այս օրը եկեղեցու համար մեծ տօն է եւ իսկ պատճառով է, որ Ուղղափառ եկեղեցին մեծ շուքով է տօնակատարում այս տօնը։ Նա յաւելեց, որ մենք այսօր եկեղեցի ենք եկել այդ պատմական իրադարձութիւնը ոգեկոչելու եւ սա մեզ համար մեծ տօն է, որով մենք մեր կարգին Աստւածամօր հետ մենք մեզ Աստծուն ենք ընծայում, որպէսզի Աստծու օրհնութիւնն ու շնորհքը թափւի մեզ վրայ եւ մենք էլ նրա կեանքի օրինակով ապրենք ու լինենք եկեղեցու օրինակը, ինչպէս Աստւածամայրը իր կեանքի ընթացքում իր հաւատքով ու քաջութեամբ եղաւ եկեղեցու օրինակը»: Նա Աստւածածնին, Քրիստոսին ծառայելու տիպարը ներկայացնելով ասաց, որ ծառայութիւնը քրիտոնէական եկեղեցու ամենակարեւոր առաքինութիւններից մէկն է եւ յաւելեց. «Մենք բոլորս էլ Աստծու, եկեղեցու ու ժողովրդի ծառաներն ենք, հետեւաբար երբ մենք տօնում ենք Երից ամաց ընծայման տօնը, մենք իրականութեան մէջ մեր ուխտն ենք կատարում Աստծու հետ, որպէսզի նորոգւած կերպով մատուցենք մեր ծառայութիւնը»։
Սրբազան Հայրը աղօթք բարձրացնելով առ Աստւած մաղթեց, որ բոլորիս Սուրբ Կոյսի շնորհներին արժանացնի, որպէզի կարողանանք աշխարհում լինենք նրա նման օրինակելի անհատներ։ Սրբազան Հայրը նաեւ գնահատեց պատկան եկեղեցու խորհրդին եւ Քահանայ Հօրը եկեղեցու պայծառութեան համար տարած աշխատանքների համար։
Արարողութեանը ներկայ էին, Թեմական խորհրդի անդամ Հայկազ Շիրւանեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ։
Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի դահլիճում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ