Միջազգային

Նիւ Եօրքի քաղաքապետն ութ տարւայ ընթացքում մասնակցել է Թուրքիային առնչւող 80 միջոցառման

Երեք շաբաթ առաջ, երբ առաջին անգամ գրեցի Նիւ Եօրքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշւի՝ Թուրքիայի հետ ունեցած կապերի վերաբերեալ FBI-ի հետաքննութեան մասին, ես չէի պատկերացնում, որ դա կը լինի Պանդորայի արկղի բացումը:

Անցեալ շաբաթ Ադամսը ստեղծեց պաշտպանութեան հիմնադրամ՝ գումար հաւաքելու համար, որպէսզի վճարի իր 2021 թւականի նախընտրական քարոզարշաւի ընդլայնւող դաշնային հետաքննութեան իրաւական ծախսերի համար: Օրէնքը թոյլ է տալիս Ադամսին իւրաքանչիւր անձից ստանալ մինչեւ 5000 դոլար նւիրատւութիւն: Այնուամենայնիւ, նա պէտք է բացայայտի բոլոր նւիրատուների անուններն ու հասցէները:

Ըստ New York Post-ի՝ «Դաշնային իշխանութիւնները հետաքննում են, թէ արդեօք Թուրքիայի կառավարութիւնը կամ Թուրքիայի քաղաքացիներն անօրինական կերպով նւիրատւութիւններ կատարել են Ադամսի քարոզարշաւին՝ օգտագործելով «կեղծ նւիրատուների» մի սխեմա, որտեղ պաշտօնական գրառումներում թւարկւած նւիրատուները ֆինանսաւորման իրական աղբիւրը չեն, եւ արդեօք Ադամսը կատարել է ծառայութիւն ծառայութեան դիմաց»:

Բազմաթիւ աղբիւրներ յայտնել են New York Post-ին՝ «Ադամսի վարչակազմի աշխատակիցը, որը, ինչպէս ենթադրւում է «ոչ պատշաճ կերպով է վարւել» իր քարոզարշաւի դրամահաւաքի վերաբերեալ դաշնային կոռուպցիոն հետաքննութեան ընթացքում, աշխատել է քաղաքի Միջազգային յարաբերութիւնների գրասենեակում, նախքան անակնկալ ժամանակաւոր հեռացումը»: Տեղեկութիւնը հաստատել են քաղաքապետարանից։

Այդ անձնաւորութիւնը Ռանա Աբասովան է, որը քաղաքապետի արարողակարգի տնօրէնն էր: Ծագումով ադրբեջանցի պաշտօնեան կատարել է քաղաքապետի միջոցառումների նախնական պլանաւորումն ու տեխնիկական ապահովումը եւ ճանապարհորդել նրա հետ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 80651 դոլար։ New York Post-ին յայտնել են, որ նա ստել է դաշնային քննիչներին:

Աբասովան նախկինում աշխատել է որպէս համայնքի համակարգող եւ Ադամսի խորհրդական, երբ վերջինս Բրուքլինի շրջանի ղեկավարն էր: Նրա կենսագրականում ասւում է. «Նա պատասխանատու էր միջազգային յարաբերութիւնների եւ շրջանի ղեկավարի ու շահագրգիռ կողմերի միջեւ յարաբերութիւնների պահպանման համար, ներառեալ Մերձաւոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների, մահմեդական եւ ռուսալեզու համայնքների եւ ոչ առեւտրային կազմակերպութիւնների: Նա նաեւ աշխատել է դեսպանատների եւ հիւպատոսութիւնների հետ՝ երկրների եւ Բրուքլինի շրջանի ղեկավարի գրասենեակի միջեւ յարաբերութիւններ հաստատելու համար՝ օգնելու յաղթահարել լեզւական խոչընդոտները եւ մշակութային տարբերութիւնները: Նա նաեւ կազմակերպել է «Թիւրքական ժառանգութեան» միջոցառումները եւ աջակցել քոյր քաղաքների համաձայնագրերին: Աբասովան նաեւ Ադամսի One Brooklyn Fund ընկերութեան վարչական օգնականն էր, երբ նա դեռ շրջանի ղեկավար էր»:

The City լրատւական կայքը յայտնել է, որ 2017 թւականի ապրիլին Աբասովան հանդիպում է կազմակերպել շրջանի ղեկավար Ադամսի եւ «Թիւրքէն» հիմնադրամի միջեւ, որը հիմնադրւել է նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալի կողմից: «Թիւրքէն»-ի խորհրդի անդամներից երեքն ընդհանուր առմամբ 6000 դոլար են ներդրել քաղաքապետի քարոզարշաւին: Նրա ժամանակացոյցը ցոյց է տալիս, որ նա մասնակցել է «Թիւրքէն»-ի չորս միջոցառումներին։ «Թիւրքէն»-ը Արդարադատութեան նախարարութիւնում գրանցւած է որպէս օտարերկրեայ գործակալ։

Աբասովան Ադամսի համար կազմակերպել է առնւազն երեք «հանդիպումներ եւ միջոցառումներ՝ կապւած Թուրքիայի հետ, երբ նա շրջանի ղեկավար էր՝ ըստ նրա ժամանակացոյցի զննման: Դրանց թւում էր 2015 թւականին Բրուքլինում թուրքական ռեստորանի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որը նա նշել էր որպէս «կարեւոր»:

POLITICO-ն հաղորդում է, որ որպէս Բրուքլին շրջանի ղեկավար՝ Ադամսը «ութ տարւայ ընթացքում մասնակցել է մօտ 80 միջոցառման՝ նւիրւած Թուրքիային, այդ թւում՝ 2015 թւականին դրօշի բարձրացմանը, 2018 թւականին բարեգործական պարահանդէսին եւ 2020 թւականին Թուրքիայի հիւպատոսի հետ Zoom հանդիպմանը»։

Ադամսի հազարաւոր հրապարակային ժամանակացոյցերը եւ սոցիալական ցանցերում բազմաթիւ գրառումներն ուսումնասիրելուց յետոյ POLITICO-ն բացայայտել է նրա «անսովոր սերտ յարաբերութիւնները Թուրքիայի հետ, ինչն արժանացել է դաշնային քննիչների ուշադրութեանը»: 2019-ին, երբ Ադամսը «սկսում էր պայքարը Նիւ Եօրքի քաղաքապետի պաշտօնի համար, նա միացել է Մարթա Ստիւարտին՝ «Թուրքական աւիաուղիների» (Turkish Airlines) գալա տօնակատարութեան ժամանակ, մի ընկերութիւն, որն այժմ ներգրաււած է Ադամսի նախընտրական քարոզարշաւի ֆինանսների վերաբերեալ FBI-ի ընթացիկ հետաքննութեան մէջ: Միջոցառման ժամանակ Ադամսը լուսանկարւել է ընկերութեան երկու պաշտօնեաների հետ ձեռքները բռնած տորթի վրայ. քաղաքապետի մրցավազքում յաղթելուց յետոյ նա այդ պաշտօնեաներից մէկին՝ Չենկ Օջալին, նշանակեց իր անցումային թիմում»: CNN-ը յայտնել է, որ նոյեմբերի 2-ին «Թուրքական աւիաուղիների» ղեկավարի տունը եղել է այն վայրերի շարքում, որոնք խուզարկւել են FBI-ի կողմից:

POLITICO-ի վերլուծութիւնը Ադամսի Բրուքլինի շրջանի ժամանակացոյցի վերաբերեալ ցոյց է տւել երեք յիշատակում թուրքական աւիաընկերութիւնների մասին. աւիափոխադրողի համար նախատեսւած երկու բանկետներ 2019 եւ 2020 թւականներին, եւ 2015 թւականի հոկտեմբերի 2-ի թաքուն գրառումը, որտեղ պարզապէս գրւած էր. «Հանդիպումը փոխել 16։00-ին, թուրքական աւիաընկերութիւն. Ռանա [Աբասովա], իմ նւէրները»։

Ադամսը ճնշում է գործադրել այն ժամանակ Նիւ Եօրքի հրդեհային ծառայութեան յանձնակատար Դանիէլ Նիգրոյի վրայ, որպէսզի նա, չնայած անվտանգութեան մտահոգութիւններին, թոյլատրի բարձրայարկ շէնքի բացումը, որտեղ գտնւում էր թուրքական հիւպատոսութիւնը՝ հէնց նախագահ Էրդողանի ժամանման առիթով: Նիգրօն ստացել է դատարանի ծանուցագիրը եւ խօսել FBI-ի գործակալների հետ:

Անցեալ տարի քաղաքապետ դառնալուց յետոյ Ադամսը վիրտուալ ելոյթ է ունեցել Ստամբուլում անշարժ գոյքի համաժողովում, որին մասնակցել են քաղաքի երկու բարձրաստիճան պաշտօնեաներ: Սակայն քաղաքապետի մասնակցութիւնը դուրս էր մնացել իր ամենօրեայ հանրային ժամանակացոյցից եւ չէր զեկուցւել։

Բացի այն տնից, որտեղ քաղաքապետի քարոզարշաւի համար դրամահաւաք էր կազմակերպւել, FBI-ը խուզարկութիւններ կամ հարցազրոյցներ է անցկացրել տասնեակ վայրերում՝ որպէս թուրքական աղբիւրներից քարոզարշաւի նւիրատւութիւնների հետաքննութեան մաս, հաղորդում է CNN-ը:

2022 թւականին «Ադամսը երկու ուղեւորութիւն է կատարել Թուրքիա. մէկը օգոստոսին, որը ֆինանսաւորւել է բազմաթիւ կազմակերպութիւնների, այդ թւում՝ Թուրքիայի հիւպատոսութեան կողմից՝ համաձայն POLITICO-ի ձեռք բերած ֆինանսական բացայայտման: Տեղական THE CITY լրատւականը վերջերս յայտնել է, որ «Թուրքական աւիաուղիները» նոյնպէս մասնակցութիւն են ունեցել այդ ուղեւորութեանը, սակայն դա բաց է թողնւել պահանջւող տարեկան բացայայտման մէջ: Չորս ամիս անց, ըստ ֆինանսական բացայայտման, մի կազմակերպութիւն, որը կոչւում է Զբօսաշրջութեան երիտասարդ առաջնորդների ասոցիացիա, ֆինանսաւորել է Ադամսի եւս մէկ ուղեւորութիւն դէպի Թուրքիա: Այս ճամբորդութիւնները քաղաքապետի կողմից արւած կէս տասնեակ ուղեւորութիւնների մի մասն էին, որն ըստ քաղաքապետի, ինքը կատարել է դէպի այդ երկիր, ներառեալ 2017 թ. այցելութիւնն իր որդու՝ Ջորդանի հետ», ըստ POLITICO-ի:

Ըստ թուրքական «Սաբահ» թերթի՝ Բրուքլինի շրջանի ղեկավարի պաշտօնում Թուրքիա այցելելիս Ադամսն ասել է, որ հետաքրքրւած է Ստամբուլում տուն գնելու հարցում։ Ադամսը նաեւ ասել է, որ այնքան գոհ է «Թուրքական աւիաուղիներից», որ այդ աւիաընկերութեամբ նա թռչում է ոչ միայն Թուրքիա, այլեւ աշխարհի այլ մասեր, օրինակ՝ Հնդկաստան։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button