Նիւ Եօրքի հանրային գրադարանի Հումանիտար հետազօտութիւնների կենտրոնն անւանակոչւել է հայազգի Վարդան Գրիգորեանի պատւին
Նիւ Եօրքի հանրային գրադարանի Հումանիտար հետազօտութիւնների կենտրոնն անւանակոչւել է ամերիկահայ պատմաբան, «Աւրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորեանի պատւին։ Այս մասին նշւած է Հայաստանի ազգային գրադարանի «Ֆէյսբուք»-եան էջում:
Հումանիտար հետազօտութիւնների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենեակներից, երկու անւանական սրահներից։ Կենտրոնն ունի նաեւ այլ ծրագրային տարածքներ հետազօտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնօրէն կիրառւում են գրադարանի հաւաքածուները: Դրանք ընդգծում են հետազօտութիւնների համար գրադարանում ստեղծւած հնարաւորութիւնները:
«Վարդան Գրեգորեան» կենտրոնը գիտաշխատողներին առաջարկում է աշխատասենեակներ, կրթաթոշակներ եւ ուսումնական սենեակի հասանելիութիւն հետազօտողների եւ գրողների համար, որոնց աշխատանքը կը շահի գրադարանի հաւաքածուների ինտենսիւ օգտագործումից:
Վարդան Գրիգորեանը մեծապէս նպաստել է Նիւ Եօրքի հանրային գրադարանի վերականգնմանն ու վերածննդին։ Նա գրադարանի նախագահն էր 1981-1989 թւականներին։ Գրիգորեանի ղեկավարութեամբ գրադարանը համաշխարհային ճանաչման կրթական հաստատութիւն դարձաւ։