Մակրոնը խոստացել է, որ Լուվրից գողացւած թանկարժէք իրերը կը գտնւեն

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը խոստացել է, որ Լուվրից գողացւած թանկարժէք իրերը կը գտնւեն։
«Լուվրում կատարւած գողութիւնը ոտնձգութիւն է այն ժառանգութեան նկատմամբ, որը մենք գնահատում ենք, քանի որ այն մեր պատմութիւնն է։
Մենք կը վերադարձնենք այդ ստեղծագործութիւնները, իսկ մեղաւորները կենթարկւեն պատասխանատւութեան։ Դրա համար ամենուր ձեռնարկւում են բոլոր միջոցները՝ Փարիզի դատախազութեան ղեկավարութեամբ։
«Լուվրի նոր վերածնունդ» նախագիծը, որը մենք գործարկեցինք յունւարին, նախատեսում է անվտանգութեան միջոցառումների ուժեղացում։ Այն կը լինի այն ամենի պահպանման եւ պաշտպանութեան երաշխիքը, ինչը կազմում է մեր յիշողութիւնն ու մեր մշակոյթը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Յիշեցնենք, որ երէկ անյայտ անձինք սկուտերով յանդուգն յարձակում են գործել Փարիզի Լուվրի թանգարանի վրայ։ ԶԼՄ-ների հաղորդագրութիւնների համաձայն, նրանք գողացել են, ենթադրաբար, Նապոլէոն III-ի եւ նրա կնոջ՝ կայսրուհի Եւգենիայի թանկարժէք իրերը։



