Մշակութային

Հայ Առաքելական Եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների յիշատակութեան օրը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների յիշատակութեան օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից։

Քրիստոսի Եկեղեցու պատմութեան մէջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թւականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մօտ գտնւող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանաւոր հայրապետներ:

Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, ով քարոզում էր, թէ Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծւել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծոյ ցանկութեամբ, որպէսզի նրա միջոցով կատարւի արարչագործութիւնը: «Միակ անծնունդը, միակ յաւիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստւած է: Որդին առաջացել է ոչ թէ Հօր էութիւնից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թէեւ ստացել է Հայր Աստծոյ ողջ շնորհքը եւ որդեգրւել, սակայն անապական չէ, ինչպէս Հայրը, այլ այլայլելի, ինչպէս արարածները»,- Արիոսի այս դատողութիւների պատճառով փաստօրէն մերժւում էր Քրիստոսի Աստւածութիւնը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնէական վարդապետութիւնը:

Արիոսկանութեանը դէմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ յաւիտենական է Աստւած, յաւիտենական է եւ Որդին, Հայրը եւ Որդին միաժամանակ գոյութիւն ունեն: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկեան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտւում է Արիոսի մոլորութիւնը՝ յայտարարելով այն հերետիկոսութիւն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորչի որդին` Արիստակէսը: Ժողովի ընդունած դաւանաբանական բանաձեւը, որը յայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակէս Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հօրը` Ս. Գրիգոր Լուսաւորչին: Վերջինս էլ դրան աւելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք… » հատւածը:

Նիկիայում ընդունւած Հաւատոյ հանգանակն ու Լուսաւորչի աւելացրած հատւածը մինչեւ այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակէսն իր հետ Հայաստան էր բերել նաեւ Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նոյնպէս հաստատւել են Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից:

Related Articles

Back to top button