Մշակութային

Մի պահ

Եկեղեցու մէջ
Վառւում են մոմեր,
Ես նկատելով
Այդ վառ մոմերին,
Մի պահ խորհեցի
Թէ՞ մեր կեանքն էլ,
Ինչքան նման է
Այդ մոմերին վառ:

Ամէն մի մոմը
Մի նպատակի,
Ու երազանքի
Համար է վառւում:

Որոշ մոմերը
Թեքւում են ընկնում՝
Կիսատ, անաւարտ,
Իսկ որոշները
Թեքւած էլ վառւում
Յուսավառ ու խենթ:

Իսկ յամառները
Կանգուն ու հպարտ
Վառւում են վառւում՝
Ջերմ ու տաքարիւն
Մինչեւ սպառման
Կաթիլը վերջին:

Բախտաւոր է նա
Ում կեանքի մոմը
Երբեք չի մարում՝
Կիսաճամբէքին,
Այլ լոյս է տալիս
Ուրախ, անվրդով
Խաւար աշխարհին,
Մինչեւ իր վերջին
Շնչով կենսունակ:

Եկեղեցու մէջ
Վառւում են մոմեր
Եւ իրենց լոյսը
Խառնելով մարդկանց
Աղօթքներին ջինջ.
Համբառնում երկինք,
Որ յաւերժ մնայ
Մարդու եւ Աստծու
Կապը հաստատուն:

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՀՄԱԶԵԱՆ
6.1.2024
Թեհրան

Related Articles

Back to top button