«Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկ»-ը 1,5 մլրդ. եւրօ է յատկացնում՝ Հայաստանին Սիւնիքից կտրելու ծրագրին
Բաքուն կը ստանայ 1,5 մլրդ. եւրօ, եթէ իրականացնի «ՆԱՏՕ-ի թուրքական միջանցք» նախագիծը
«ԱԼԻՔ» – «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկ»-ը պատրաստակամութիւն է յայտնել «Արեւելք-Արեւմուտք» տրանսպորտային միջանցքի կառուցմանը յատկացնել 1,5 մլրդ. եւրօ: Այս մասին տեղեկացնելով, ադրբեջանական Yeni Musavat-ը յաւելել է, որ Բաքւի նախկին վարչապետ Ֆիքրատ Իւսոֆովն այս մասին յայտարարութիւն անելով նշել է, որ սա նշանակում է, որ Արեւմուտքը վճռական է «Զանգեզուրի միջանցք» ծրագիրն իրականացնելու հարցում, քանի որ այս նախագիծը կարող է լինել այլընտրանքային շնչափող Ռուսաստանի եւ Իրանի երթուղիների դիմաց:
Նախկին այս պաշտօնեայի կարծիքով, Արեւմուտքն անհանգստացած է, որ Իրանն ու Ռուսաստանը քաղաքական նպատակներով ցանկացած պահի կարող են փակել իրենց ճանապարհները դէպի Արեւմուտք, սակայն Արեւմուտքը նման մտահոգութիւն կամ վտանգ չի տեսնում Ադրբեջանի Հանրապետութեան, կամ եւ Հայաստանի (կարողութիւնների) առնչութեամբ՝ ճանապարհ արգելափակելու հարցում:
Թերթը նոյնին յղում անելով յաւելել է, որ Բաքւի ու Եւրոխորհրդի միջեւ շարունակւող վէճերը չեն դառնայ Ադրբեջանի Հանրապետութեան դէմ եւրոպական պատժամիջոցների գործօն, իսկ այդ տարակարծութիւնները պայմանաւորւած են մակերեսային քաղաքական տարաձայնութիւններով, որոնք չեն կարող տարածւել երկու կողմերի ռազմավարութեան վրայ:
Նոյն կապակցութեամբ իրանական փորձագիտական շրջանակների հրապարակած թւիթներից կարելի է պարզել, որ հրապարակւած տեղեկատւութիւնը Բաքւի իշխանութիւնների ու համընթաց քարոզչամեքենայի նենգափոխած քարոզչութիւն է, քանի որ բոլորին է պարզ, թէ Բաքուն ինչ կարգի հրապարակային ինքնանւաստացում է ապրում ընդունելով Արեւմուտքի ոտքերի տակ սողալը:
X-ում նշումներ կան այն մասին, որ յանուն ժողովրդավարութեան՝ Արեւմուտքի համար հալ ու մաշ եղողները կարող են շարունակել աչքերը փակել իրենց հետ տեղի ունեցող իրականութիւնների վրայ: Սա այն դէպքում, երբ Բաքուն տառապում է ուժեղ լինելու պատրանքից, կամ նոյն պատրանքից ելնելով միջազգային երթուղիներ է փակում հարեւանների, յատկապէս Իրանի վրայ, իբր ճնշում բանեցնելու լծակ՝ միաւորներ վաստակելու նպատակով: