Հայաստանի եւ Արցախի մի խումբ հասարակական գործիչներ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան

«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Արցախի մի խումբ հասարակական գործիչներ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:
«Մենք՝ ներքոստորագրեալ իրաւապաշտպաններս եւ քաղհասարակութեան ներկայացուցիչներս, խստօրէն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարութեան կողմից կազմակերպւող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի (Craig Oliphant) այցը Հայաստան, ով այս տարւայ ապրիլ ամսին օկուպացւած Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։
Կրեգ Օլիֆանտը (Craig Oliphant), հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականութեան կենտրոնի աւագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ս.թ. ապրիլի 7-10-ը, որպէս խօսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին, որն անց է կացւել օկուպացւած Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շէնքում։
Մինչ հայ իրաւապաշտպաններն ու քաղհասարակութեան անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստօրէն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկւած Արցախ եւ, առաւել եւս, նման միջոցառումների անցկացումը այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրաւիրում այդ անձանց Երեւան՝ լուռ ընդունելով եւ ողջունելով նման այցերի թոյլատրելիութիւնը։
Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից յստակ պարզաբանում տալ, թէ ինչու է նշւած անձը հրաւիրւել Yerevan Dialogue համաժողովին, ինչպէս նաեւ անյապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցութիւնը նշւած միջոցառմանը:
Արտակ Բեգլարեան, «Արցախ Միութիւն» ՀԿ,
Սիրանուշ Սահակեան, «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոն» ՀԿ,
Արաքս Մելքոնեան, «Իրավունքների պաշտպանութիւն առանց սահմանների» ՀԿ,
Արա Ղազարեան, փաստաբան,
Արփի Աւետիսեան, իրաւապաշտպան,
Արման Թաթոյեան, «Իրաւունքի եւ Արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամ»,
Գեղամ Ստեփանեան, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան
Գառնիկ Կերկոնեան, «Հայ իրաւական պաշտպանութեան ճակատ»»: