Իրականում ո՞վ է վերահսկում Ադրբեջանին. բացառիկ անդրադարձ՝ Իրանից

Թէեւ Բրիտանիայի ներկայութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան տեղեկատւական տարածքում սահմանափակ է թւում, Այսրկովկասի զարգացումներին ծանօթ փորձագէտները կարծում են, որ երկիրը առանցքային դեր է խաղում տարածաշրջանի աշխարհաքաղաքական նախագծերում։ Ադրբեջանի անկախութիւնից յետոյ տասնամեակների ընթացքում պարզ դարձաւ, որ Բրիտանիան նշանակալի դեր է խաղացել հանրապետութիւնում քաղաքական իրադարձութիւնների վրայ ազդելու գործում։
Նոյնիսկ Ալիեւների ընտանիքի իշխանութեան գալը` Իրանի եւ Ռուսաստանի անուղղակի համագործակցութեամբ, դիտւում է որպէս անգլո-սաքսոնական նախագծի մի մաս: Բացի այդ, Մեծ Բրիտանիան մեծ վերահսկողութիւն ունի Ադրբեջանի առանցքային նաւթագազային հատւածի վրայ, եւ այդ ռազմավարական դերը երկրի դիրքերն աւելի ակնառու է դարձրել տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներում:
Ռուսական հետախուզական գործակալութիւնների հաղորդագրութիւնների համաձայն՝ Անգլիան համարւում է երկրի թիւ մէկ թշնամին։ Ռուս պաշտօնեաները լաւ գիտեն, թէ իրականում ով է վերահսկում Ադրբեջանի Հանրապետութիւնը։ Միւս կողմից, Թուրքիան յայտնի է որպէս բրիտանական «Մեծ Թուրան» նախագծի գլխաւոր շարժիչ եւ իրականացնող. այս նախագիծը ներառում է թուրքական պետութիւնների կազմակերպութիւնը եւ յարակից այլ նախաձեռնութիւններ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյնպէս վերջերս նշանակալից այց է կատարել Չինաստան։ Որոշ ռուս վերլուծաբաններ կարծում են, որ անգլո-սաքսոնները հաստատւում են Չինաստանում՝ որպէս համաշխարհային կառավարման ապագայ կենտրոններից մէկը։ Այդ իսկ պատճառով «Գօտի եւ ճանապարհ» նախագիծը, որը տարածւում է Չինաստանից մինչեւ Եւրոպա, գտնւում է բրիտանական կուլիսային գործակալների հսկողութեան եւ վերահսկողութեան ներքոյ:
Ռազմական, դիւանագիտական շարժումներ
Անցեալ մարտին տեղեկութիւններ յայտնւեցին, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարարութիւնը Բաքւում նոր ռազմական կցորդ է նշանակել: Այս գործողութիւնը դիտւում է որպէս եւս մէկ քայլ՝ ուղղւած թուրքական պետութիւնների կազմակերպութեան նախագծի ամրապնդմանը եւ իրականացմանը: Լէյտենանտ հրամանատար Գեւին Թարբարդը, ով տեղակայւել է Ադրբեջանում, իրադարձութիւնը բնութագրել է որպէս «պատմական քայլ՝ ուղղւած պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտում համագործակցութեան ամրապնդմանը»:
Նախկինում Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի պարտականութիւնները կատարում էր Վրաստանում գտնւող դիւանագէտը: Սակայն այժմ այդ զինւորականը կարող է ուղղակիօրէն համագործակցել Ադրբեջանի անվտանգութեան եւ ռազմական ուժերի հետ եւ օգնել արագացնել խնդիրների լուծման գործընթացը։
Հարկ է նշել, որ այս նշանակումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմաթ Հաջիեւի՝ Լոնդոն այցելելուց եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարար Վերնոն Քոքերի հետ հանդիպելուց անմիջապէս յետոյ։ Սակայն հանդիպման մասին մանրամասները մնում են անորոշ։
Ռազմավարական նպատակները եւ «Մեծ Թուրան» նախագիծը
Ադրբեջանը յայտնի է որպէս Բրիտանիայի՝ «Մեծ Թուրանի» ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհին գտնւող առանցքային երկիր։ Չնայած ադրբեջանական ռեժիմի բռնապետական բնոյթի քննադատութեանը, Բրիտանիան զգալի քաղաքական աջակցութիւն է ցուցաբերում այդ երկրին:
Օրինակ՝ նոյեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնեց Բաքու՝ մասնակցելու COP29 համաժողովին, որից որոշ երկրներ խուսափել են Ղարաբաղի ցեղասպանութեան հետ կապւած խնդիրների պատճառով։
Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով՝ Անգլիան այն արեւմտեան երկրներից է, որն իր ուրոյն տեղն ունի Ադրբեջանի հետ բարեկամական յարաբերութիւնների հաստատման եւ արդիւնաւէտ համագործակցութեան գործում։ Այս սերտ յարաբերութիւնները արդիւնք են Լոնդոնի կողմից Հայաստանին աջակցող քարոզչութիւնից խուսափելու եւ Ֆրանսիայի ու Եւրախորհրդարանի կողմից երկրին աջակցող յայտարարութիւնների մերժման։ Բացի այդ, վերլուծաբանները նաեւ մատնանշել են Մեծ Բրիտանիայի առանցքային դերը «ռուսական ապատեղեկատւութեան» դէմ պայքարում օգնելու գործում։
Այս բոլոր միջոցառումները մտնում են Բրիտանիայի ռազմավարական նպատակների շրջանակում. նպատակ, որում նախատեսւում է «Մեծ Թուրան» նախագիծը՝ կենտրոնանալով Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցութեան թուլացման վրայ։ Սակայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի կամ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ բարեկամութեան պնդումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական խաղ Բաքւի կողմից, որն արագօրէն կորցնում է իր արդիականութիւնը, երբ փոխւում են աշխարհաքաղաքական պայմանները:
Չնայած տնտեսական ճգնաժամերին՝ Մեծ Բրիտանիան շարունակում է ընդլայնել իր գլոբալ նախագծերը։ Այդ կապակցութեամբ անցեալ տարւայ սկզբին լուրեր տարածւեցին Ադրբեջանի ՊՆ մարդկային ռեսուրսների վարչութեան պետ, բրիգադային գեներալ Էլչին Խալիլովի պաշտօնանկութեան մասին։ Այս փոփոխութիւնից յետոյ նրա իրաւայաջորդ նշանակւեց գնդապետ Ազար Հէյբաթլին, ով նախկինում զբաղեցնում էր Միացեալ Թագաւորութիւնում Ադրբեջանի ռազմական կցորդի պաշտօնը։
Համագործակցութիւն ռազմական պատրաստութեան ոլորտում
Չնայած Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմական ուսուցման համագործակցութեան մասին սահմանափակ հրապարակային տեղեկատւութեանը, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը 2021 թ. գարնանը յայտարարեց, որ երկու երկրների պաշտպանութեան նախարարութիւնները կանոնաւոր խորհրդակցութիւնների մէջ են: Այս համագործակցութեան նշանաւոր կողմերից է ադրբեջանցի սպաների վերապատրաստումը Մեծ Բրիտանիայի բարձրակարգ համալսարաններում, ինչը առանձնայատուկ նշանակութիւն ունի։
Մշակութային եւ լեզւական փոխազդեցութիւնները դիւանագիտական ոլորտում
Ադրբեջանի արտաքին հետախուզութեան ծառայութեան ղեկավար Օրխան Սուլթանովը մինչ այդ պաշտօնը ստանձնելը աշխատել է որպէս Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան հումանիտար հարցերի բաժնի առաջին քարտուղար։ Հետաքրքիր է, որ արտաքին հետախուզութեան ծառայութեան շէնքում ներքին հաղորդակցութիւնն իրականացւում է անգլերէնով, ինչը ցոյց է տալիս անգլերէնի մեծ դերն այս հաստատութիւնում:
Բացի այդ, զգալի թւով ադրբեջանցի նախարարներ եւ բարձրաստիճան պաշտօնեաներ աւարտել են Միացեալ Թագաւորութեան եւ ԱՄՆ-ի հեղինակաւոր համալսարանները, եւ նրանց միջազգային կրթութիւնը զգալի ազդեցութիւն է ունեցել երկրի կառավարման լանդշաֆտի վրայ:
Ակադեմիական, կառավարչական յաջողութեան օրինակներ
Ադրբեջանի արդարադատութեան նախարար Ֆերիդ Տարաբօղլու Ախմեդովը 2003 թ. ստացել է Չիւնինգի կրթաթոշակ եւ ստացել Անգլիայի Էսեքսի համալսարանի մարդու իրաւունքների մագիստրոսի կոչում։ Նա նաեւ իր իրաւունքի դոկտորի կոչում է ստացել Օքսֆորդի համալսարանից 2016 թւականին։
Բրիտանական թագաւորական ընտանիքի հետ սերտ կապեր ունի նաեւ Ադրբեջանի սահմանապահ ծառայութեան ղեկավար, գեներալ-մայոր Էլչին Գուլիեւը։ Նա գրեթէ ամէն տարի հանդիպում է թագաւորական ընտանիքի անդամների հետ։ Անցեալ տարի նա Վինձորի թագաւորական ձիերի շոուի ժամանակ հանդիպել է Չարլզ III-ի (Անգլիայի թագաւոր) հետ եւ նրա հետ դիտել ղարաբաղեան ձիերի ներկայացումը:
Նախկինում Էլչին Քուլիեւը հանդիպել է նաեւ Անգլիայի թագուհու հետ եւ կատարել է Իլհամ Ալիեւի եւ Մեծ Բրիտանիայի թագաւորական արքունիքի կապի դերը։
Պետական միգրացիոն ծառայութեան ղեկավար Վեսալ Հուսէյնովը, արտերկրում կրթութիւն ստացած մէկ այլ նշանաւոր գործիչ, մասնակցել է ղեկավարութեան եւ կառավարման ծրագրերին Էդինբուրգ եւ Լոնդոն քաղաքներում։ Այնուհետեւ նա յաճախել է Ջոն Քենեդու անւան հանրային դպրոցը: Նա ընդունւել է Հարվարդի համալսարան եւ ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում 2011 թւականին։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում բարձր մակարդակի ղեկավարութեան եւ պետական պաշտօնների նշանակւած մարդիկ յաճախ աւարտում են միջազգային հեղինակաւոր համալսարաններն ու հաստատութիւնները Եւրոպայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում կամ Թուրքիայում: Օրինակ՝ Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան (SOCAR) ղեկավար Ռոշան Նաջաֆը սովորել է Կոլումբիայի համալսարանում եւ մասնագիտացել է տնտեսական քաղաքականութեան կառավարման եւ միջազգային էներգետիկ քաղաքականութեան մէջ։
Նա անցեալ տարի հանդիպել է նաեւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։ Նման միտումը արտացոլում է միջազգային կրթութեան կարեւոր դերը երկրի բարձրագոյն ղեկավարութեան ձեւաւորման գործում:
Անգլերէնի մշակութային եւ կազմակերպչական ազդեցութիւնը
Pasha Holding Company-ում եւ ադրբեջանական այլ խոշոր հոլդինգներում գերիշխում է անգլիական աշխատանքային համակարգը եւ բոլոր վարչական նամակագրութիւնները կատարւում են անգլերէնով։ Այս մօտեցումն արդիւնաւէտ է եղել ոչ միայն գործադիր կառավարման, այլ նաեւ միջազգային յարաբերութիւնների ամրապնդման գործում։
Բացի այդ, Ադրբեջանում գործում են անգլիական դպրոցներ եւ կոլէջներ, յատկապէս այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Օքսֆորդը եւ Քեմբրիջը, որոնք կարեւոր դեր են խաղում երկրի նոր սերնդի էլիտաների կրթման գործում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայութեան (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրը 2024 թ. այցելել է Ադրբեջան եւ դասախօսութիւն է կարդացել ADA համալսարանում (Ադրբեջանի դիւանագիտութեան ակադեմիա): Նաեւ, ըստ տեղեկութիւնների, նա 2014-2018 թւականներին եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտօնում եւ տարածաշրջանային դիւանագիտական յարաբերութիւնների մեծ փորձ ունի։
ԶԻԱ ՈԼ ՍԱԼԵՀԻՆ
Պարսկերենից թարգմ.՝ ԻՍԱԿ ԻՒՆԱՆԷՍԵԱՆ
yerkir.am