«Անթոյլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպութիւնները մէկ վայրում կենտրոնացնելը». ԳԱԱ
Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովը «ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազօտական կազմակերպութիւնների հետ միաւորման գործընթացի մասին» որոշում է ընդունել:
ԳԱԱ որոշման մէջ, մասնաւորապէս, ասւում է, որ տեղային ու աշխարհաքաղաքական իրողութիւնների ներկայ պայմաններում գիտութեան եւ բարձրագոյն կրթութեան աւանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխութիւնը նպաստաւոր չէ երկուոլորտների համար էլ։
«Անթոյլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպութիւնները մէկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով։ Անհրաժեշտ է ապահովել գիտական գործունէութեան կազմակերպման ձեւերի բազմազանութիւն` բուհերը պէտք է ունենան ժամանակակից գիտահետազօտական բաղադրիչ/միաւորներ, սակայն պէտք է լինեն նաեւ ինքնուրոյն, առանձին գործող, հիմնականում գիտական եւ գիտատեխնոլոգիական գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւններ կամ դրանց համակարգեր»,- ասւած է որոշման մէջ:
ՀՀ ԳԱԱ–ն գտնում է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտութեան եւ կրթութեան ինտեգրման առաւել արդիւնաւէտ եւ քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է.
1. ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրւում են այն բուհերը եւ գիտական կազմակերպութիւնները եւ/կամ դրանց կառուցւածքային միաւորները, որոնց գործունէութիւնը գերազանցապէս համընկնում է տւեալ կլաստերի գործառոյթների հետ (փոխադարձ համաձայնութեամբ),
2. ռիսկային գործօնները բացառելու նպատակով կլաստերների ձեւաւորումն իրականացւում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի տեսքով),
3. ակադեմիական քաղաքի կլաստերների ձեւաւորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունէութեան ոլորտներով մօտ գիտական կազմակերպութիւնների հէնքի վրայ ձեւաւորւում են գերազանցութեան գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպութիւններ (գլոբալ հետազօտական ուղղութիւններով մէկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետութեան բոլոր բուհերի հետ,
4. հանրապետութեան գիտական, տեխնոլոգիական եւ/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձեւաւորւում են յատուկ նշանակութեան գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպութիւններ, որոնք գործում են վերոնշեալ երկու կառոյցներից դուրս։