Հայ Դատ

«Պէտք է առաջ քաշենք Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը». Գասպար Կարապետեան

Արցախի ժողովրդի հայրենադարձութեան եւ հիմնարար իրաւունքների պաշտպանութեան նպատակով Արցախի խորհրդարանի մանդատով ստեղծւած յանձնախմբի կողմից իրականացւելիք գործողութիւնների ծրագրերի մշակման աշխատանքն աւարտին է մօտենում։ Առաջիկայում այդ մասին յայտարարութիւն կարւի, եւ յանձնախումբը կը սկսի գործել։ «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով յանձնախմբի անդամ Գասպար Կարապետեանի հետ։

– Արցախի ադրբեջանական օկուպացիայի պայմաններում ի՞նչ է հնարաւոր անել, որպէսզի առնւազն արցախահայութեան հաւաքական վերադարձի խնդիրը հնարաւոր լինի լուծել։

– Դուք գիտէք, որ յանձնախումբը կազմւել է Արցախի ԱԺ որոշմամբ՝ արցախահայութեան իրաւունքները միջազգային հանրութեանը ներկայացնելու նպատակով։ Յանձնախմբի համակարգողը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանն է, անդամները Եւրոպայի, ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի ու Հայաստանի ներկայացուցիչներն են։ Մեր յանձնախմբի աշխատանքը, հասկանալի է, այստեղ՝ Եւրոպայում, պէտք է համակարգւի թէ՛ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի, թէ՛ «Եւրոպացիներ յանուն Արցախի» հարթակի հետ, որին մասնակցում են 15 երկրների համայնքների նախագահները։ Նպատակը յայտնի է, եւ մենք մի քանի հարթութիւններում պէտք է աշխատենք։ Նախ, հասարակական կազմակերպութիւնների եւ ուղեղային կենտրոնների հետ՝ ազդելու նրանց կարծիքի վրայ եւ այդկերպ ազդելու իւրաքանչիւր երկրի կամ ԵՄ օրէնսդիր ու գործադիր մարմինների վրայ։ Հասկանալի է, որ կապեր պէտք է լինեն նաեւ պետական կազմակերպութիւնների հետ, որպէսզի նրանց կողմից եւս հարկ եղած օժանդակութիւնը ստացւի։ Կարեւոր է ՄԱԿ-ի եւ այն կառոյցների հետ տարւող աշխատանքը, որոնք կարող են օգտակար լինել Արցախի ժողովրդին՝ իրենց պապենական հողեր վերադարձի հարցում։ Վերադարձի իրաւունքը պէտք է տեղի ունենայ միջազգային պաշտպանութեան հարթակով, եւ արցախահայերն իրենք պէտք է որոշեն, թէ ինչպէս են ցանկանում ապրել իրենց հողի վրայ։

Երկրորդն իրաւական ուղղութիւնն է։ Արդէն կան դատական որոշումներ, ինչպէս Հաագայի դատարանի որոշումը։ Այս ուղղութեամբ արդէն գործակցութիւն ենք սկսել միջազգային իրաւաբանական կազմակերպութիւնների հետ, որոնք կարող են յանձնախմբի աշխատանքին օգտակար լինել առաջարկներով։ Երրորդ մակարդակը պետական մակարդակում համագործակցութիւնն է՝ օտար երկրների գործադիր եւ օրէնսդիր մարմինների հետ։ Այստեղ կարելի է օգտագործել սփիւռքի հաստատւած կապերը, մեր սփիւռքեան կառոյցները շատ երկրների հետ բաւականին լայն յարաբերութիւններ ունեն, որոնց միջոցով կարելի է տեղ հասցնել յանձնախմբի տեսակէտները եւ ստանալ հարկ եղած աջակցութիւնը։ Հիմնական աշխատանքային ուղղութիւնը, հասկանալիօրէն, Եւրոպան է, բայց յանձնախումբը, իբրեւ թիրախ, պէտք է նաեւ Ռուսաստանն ունենայ, որովհետեւ Ռուսաստանը տարածաշրջանում հիմնական դերակատար է, որքան էլ այսօր կան որոշ հարցեր։

Չորրորդ հարթակն ազդեցիկ մարդկանց հետ յարաբերութիւններն են, ինչպիսին է, օրինակ, Լուիս Մորենօ Օկամպոն՝ Հաագայի միջազգային դատարանի առաջին դատախազը, ով լայն ուսումնասիրութիւն է իրականացրել եւ փաստում է՝ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը ցեղասպանութիւն է, եւ, ուրեմն, դրա հետեւանքների համար միջազգային ատեաններում Ադրբեջանի հանդէպ պահանջատէր պէտք է լինեն։ Մենք՝ իբրեւ Եւրոպայի յանձնախումբ, հրաւիրեցինք Օկամպոյին Բրիւսէլ, նա Եւրոպական խորհրդարանում ելոյթ ունեցաւ, խորհրդաժողովին մասնակցեց նաեւ Լեմկինի ինստիտուտի համանախագահ եւ համահիմնադիր Իրենէ Մասիմինոն։ Խորհրդաժողովը մեծ ազդեցութիւն ունեցաւ, ԵԽ մեծ թւով երեսփոխաններ մասնակցեցին, եւ աւելի ուշ դրա արդիւնքը տեսանք՝ ԵԽ վերջին բանաձեւի տեսքով, որտեղ յստակ նշւում է միջազգային պաշտպանութեան ներքոյ Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի մասին։ Հինգերորդը, որը չափազանց կարեւոր է, Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան հարցն է։ Որքան էլ այսօր ՀՀ իշխանութիւնը մոռացել է Արցախի հարցը եւ զանազան պատճառաբանութիւններով համարում է, որ Արցախի հարց գոյութիւն չունի, մեզ համար կարեւոր է, որ Հայաստանն է Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորը։ Ինքը՝ վարչապետը, գնաց Արցախ եւ արեց այն յայտարարութիւնը, թէ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Դրանից յետոյ սկսւեցին այս բոլոր խնդիրները։

Միւս օղակը, անշուշտ, սփիւռքեան կառոյցներն են, որոնց մեծ մասն աջակցում է Արցախի հարցին։ Սփիւռքեան կառոյցների գերակշիռ մեծամասնութիւնը պատրաստ է համագործակցել մեր յանձնախմբի հետ։ Եւ վերջին հարթակը, որտեղ պէտք է աշխատենք, լրատւամիջոցներն են, հարցի միջազգայնացումն է։ Դուք գիտէք, որ այսօր ամբողջ ուշադրութիւնը Գազայի վրայ է, որոշ չափով՝ Ուկրաինայի, Արցախի հարցն այլեւս մոռացւած է։ Ադրբեջանի ցեղասպանական ակտից յետոյ որոշ ժամանակ միջազգային մամուլը խօսեց այս մասին, բայց հիմա այն մոռացւած է, եւ այդ ուղղութեամբ եւս յանձնախումբն անելիք ունի։ Ամփոփելով ասեմ, որ բոլոր ծրագրերն աւարտին են մօտենում, որպէսզի կարողանանք դրանց հիման վրայ աշխատանքները սկսել։ Թէ՛ յանձնախմբի համակարգող Վարդան Օսկանեանը, թէ՛ միւս անդամները, այդ թւում` ես, տարբեր հանդիպումներ ենք ունեցել, բայց ծրագրւած, կանոնաւոր աշխատանքը մօտ է մեկնարկին, ինչի մասին յանձնախմբի յայտարարութեամբ տեղեակ կը պահւի։ Նաեւ սերտ յարաբերութիւնների մէջ ենք Արցախի ԱԺ մեր գործընկերների հետ, որոնց որոշմամբ այս յանձնախումբը ստեղծւել է։

 

– Խնդրում եմ գնահատական տալ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութեանը, որը վերաբերում էր Արցախի վտարանդի կառավարութեանը։

– Վարչապետի յայտարարութիւնը, թէ Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտները սպառնալիք են ստեղծում ՀՀ-ի համար, հերթական սուտն է, որպէսզի հայ ժողովուրդն իր ուշադրութիւնը շեղի եւ չտեսնի, թէ ինչ է կատարւում երկրում։ Վարչապետն ու նրա շրջապատն ամէն շաբաթ փոխում են իրենց յայտարարութիւնները եւ փորձում դա, որպէս նոր իրականութիւն, ծախել ժողովրդին։ Ամօթ է ՀՀ կառավարութեան համար` իբրեւ Հայաստանի սպառնալիք նկատել արցախցիներին՝ այն մարդկանց, որոնք այդ վիճակում են յայտնւել հէնց իրենց դիրքորոշման համար՝ Պրահայում Փաշինեանի յայտարարութեան պատճառով, երբ նա խօսեց Ադրբեջանի 86 հազար 600 ք/կմ-ն ճանաչելու մասին։ Վերջին շրջանում վարչապետն իր ձեռքը մետաղէ մի քարտէզ է վերցնում ու Տաւուշի 4 գիւղերի հարցն է բարձրացնում, թէ, ահա, սա է Հայաստանը։ Թող նա ասի՝ քանի՞ ք/կմ-ի մասին է խօսում, որովհետեւ ասում էր՝ 29 հազար 800 է, հիմա ինչո՞ւ չի խօսում այդ մասին, որովհետեւ լաւ գիտի` ՀՀ սահմանների 200-300 ք/կմ-ն արդէն Ադրբեջանի գերիշխանութեան տակ է, դա է պատճառը, որ երբեք չլսեցինք ու չենք լսելու, որ Ադրբեջանը յայտարարի, թէ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն: Հետեւաբար, ինչի՞ մասին է խօսում Փաշինեանը, ի՞նչ իրաւունքով է պատմութիւններ պատմում, իբրեւ թէ Ադրբեջանը յարձակում է գործելու, եթէ այդ գիւղերը չտանք։ Ես վերլուծութիւն եմ լսել, որ այդ շրջաններում բոլոր բարձունքները մերն են, ազերիները 3 կողմից շրջապատւած են, եթէ մենք տանք այդ դիրքերը նրանց, առանց մի փամփուշտի մնայուն վտանգի տակ են պահելու Տաւուշը։ Վաղը վարչապետը կասի՝ եթէ չտանք Նոյեմբերեանը, եթէ չտանք Բաղանիսը, եթէ չտանք միւս գյուղերը, Ադրբեջանը պատերազմ կը յայտարարի, յետոյ կասի․ եթէ չտանք հարաւը՝ Սիւնիքը, եթէ չտանք Ջերմուկը, կրկին պատերազմ կլինի։ Ո՞ւր է այն սահմանը, որտեղ խաղաղութիւն կը բերի։ Այդ խաղաղութիւնն իր քաղաքականութեամբ չի գալու, միայն ինքն է, որ պատերազմի մասին է խօսում, իր յայտարարութիւններով ինքն է ստեղծում պատերազմի սպառնալիք, փոխանակ զօրացնի բանակը։ Ես շատ անգամ եմ յայտարարել՝ հակառակ մեր տարաձայնութիւններին, Հայաստանի Հանրապետութիւնը մեզ համար սրբութիւն է, թող բանակը զօրացնի, մենք իրենց զօրավիգ կլինենք։ ՀՀ դեսպանութիւնները լաւ գիտեն, թէ մենք՝ ե՛ւ Եւրոպայում, ե՛ւ ԱՄՆ-ում, որքան ջանք ենք գործադրում Հայաստանի համար, ուստի ես կասեմ՝ պարոն վարչապետը պէտք է շատ զգոյշ խօսի Արցախի ժողովրդի մասին։

 

– Այն պայմաններում, երբ Փաշինեանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Արցախի խնդիրը որքանո՞վ է ընկալելի միջազգային հանրութեան համար, չէ՞ որ նրանք 30 տարուց աւելի Հայաստանի Հանրապետութիւն պետութիւնից մի բան են լսել, հիմա տրամագծօրէն հակառակն են լսում։

– Շատ մարդիկ, այդ թւում՝ Եւրոպայում, զարմացած են, թէ ինչու նա Պրահայում արեց այդ յայտարարութիւնը։ Անհիմն փաստարկների հիման վրայ ճանաչեց Ադրբեջանի 86․600-ը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ յղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, բայց պարոն վարչապետը չասաց, որ օրւայ Ազգային ժողովն Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունել է Արցախի մասին վերապահումով։ Հիմա թող լաց չլինեն, թէ ռուսն է յանցաւոր, եւրոպացին է յանցավոր, չեկան, չօգնեցին, Ամերիկան չսանձեց Ադրբեջանին․․․ Ինչո՞ւ պէտք է ուրիշներն անեն մեզ համար։ Այո, ռուսներն ունեն խաղաղապահ զօրքեր, բայց ինքը ստորագրեց նոյեմբերի 9-ը եւ ինքն է Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը, բայց հէնց ինքը ստեղծեց այս վիճակը։ Ես Ձեզ ասեմ, որ մեր եւրոպացի ու ռուս գործընկերների հետ զրոյցներում մեզ շատ անգամ ասում են, որ մենք շոկի մէջ ենք, մենք փորձում ենք Արցախի ժողովրդի իրաւունքները պաշտպանել, բայց ձեր կառավարութիւնը բոլորովին այլ բան է ասում, ինչպէ՞ս աշխատենք։ Օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարն Արցախի ժողովրդի էթնիկ զտման մասին խօսելիս ասաց՝ պարոն Միրզոյեան, ինչի՞ մասին էք խօսում, ձեր վարչապետն է ասում, որ նման վտանգ չկայ։ Այս աստիճանի ենք հասել այսօր, եւ ես կոչ ունեմ ՀՀ կառավարութեանը՝ սթափւել։ ՀՀ-ի դերակատարումը շատ կարեւոր է Արցախի ժողովրդի վերադարձի խնդիրը լուծելու համար։ Մենք պէտք է անենք հնարաւորը, որ մեր հայրենակիցներին համոզենք՝ իրենց ճնշմամբ ստիպել իշխանութիւններին՝ դիմել ճիշտ որոշումների, որովհետեւ առանց Արցախի իրաւունքների պաշտպանութեան, վաղը նոյնը պէտք է պատահի ՀՀ ժողովրդի հետ։

 

– Հաշւի առնելով ներկայ իրողութիւնները՝ արցախցիների վերադարձի հնարաւորութեան համար ի՞նչ երաշխիքներ կարող են լինել։ Միջազգային հանրութիւնն այս պայմաններում ռեսուրս ունի՞ Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելու, ստիպելու՝ համապատասխան պայմաններ ապահովել։

– Ներկայ իրավիճակը նկատի ունենալով՝ այս պահին երաշխիքներ դժւար է ունենալ եւ դժւար է ասել, թէ ով պէտք է ապահովի դրանք։ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբը եւ «Եւրոպացիները յանուն Արցախի»-ն որոշ քայլեր արել են, տարբեր նամակներ ուղղել ենք պատասխանատուներին, բայց հիմա պէտք է սկսենք այդ ուղղութեամբ ծրագրւած աշխատանքը՝ ե՛ւ այս յանձնախումբը, ե՛ւ սփիւռքի կառոյցները՝ յուսալով, որ կունենանք հայ ժողովրդի օժանդակութիւնը։ Պէտք է առաջ քաշենք Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ եւ ազատ ինքնորոշման իրաւունքը պաշտպանելով։ Դա անսակարկելի իրաւունք է, եւ այն ոչ մի դէպքում չի կարելի անտեսել։ Մենք քննարկում ենք նաեւ այդ հարցերը՝ Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելու: Անշուշտ, լուրջ ռեսուրսներ կան, բայց հիմա դրանք չեմ բացայայտի, քանի որ մեր ծրագրերի մաս են։

Related Articles

Back to top button