ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (փետրւարի 15-մարտի 1)
Հայ դատի կենտրոնական գրասենեակ
Ս.թ. փետրւարի 24-25-ը Մադրիդում անցկացւեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը` Իսպանիայի սոցիալիստական աշխատաւորական կուսակցութեան կենտրոնատեղիում։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն քաղաքական այս կազմակերպութեանը ՀՅ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թւականից։ ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի եւ նախագահութեան նիստերին եւ ընտրւել ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի անդամ։ Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչէսը կազմակերպութեան նախագահութեան եւ խորհրդի նիստերի բացման ելոյթներում ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ։
Սոցինտերնի նախագահութեան եւ խորհրդի նիստերին Մարիօ Նալբանդեանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետեւանքով ստեղծւած իրավիճակն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեանն ուղղւած բռնութեան քայլերը, սպառնալիքներն ու պահանջները։ Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձեւ, որտեղ, ի թիւս այլնի, ասւում է. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիարժէք իրացումը՝ ապահովել ժողովրդի հաւաքական, անկաշկանդ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխաւորւած միջանկեալ կարգավիճակ ապահովել՝ երաշխաւորելով քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների ամբողջ ծաւալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան արդիւնաւէտ երաշխիքներ, ինչպէս նաեւ Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ»։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրէսում, մարտի 13-ին, կայացել է «Ցեղասպանութեան հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրաւունքների եւ անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` աւելի քան մէկ տասնեակ կոնգրեսականների, փորձագէտների, կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների եւ լրատւամիջոցների ներգրաւածութեամբ։ Մասնաւորապէս, ուշագրաւ ելոյթներով են հանդէս եկել Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրէն Էլիզա ֆոն Եօդէն-Ֆորգին, միջազգային իրաւունքի փորձագէտ եւ վերջերս ստեղծւած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնեանը, վերջերս Հայ դատի Ամերիկայի յանձնախմբին միացած, իսկ նախկինում Հայ դատի Արցախի յանձնախմբի աշխատակից Գեւ Իսկաջեանը։
Կոնգրեսականներից ելոյթ են ունեցել սենատոր Էդ Մըրքին, Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, կոնգրեսի ՆՓ անդամներ Գաբէ Ամոն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Սէթ Մագազիները եւ Բրադ Շնայդերը։ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործընկեր համայնքային կազկակերպութիւններից քննարկմանը ներկայ էին «Ամերիկա-յունական առաջնորդութեան խորհուրդ» եւ «Քրիստոնեաների պաշտպանութիւն» կազմարեպութիւնների ներկայացուցիչները։ Քննարկման մոդերատորն էր Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Յամբարեանը։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Յամբարեանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնօրէն ճնշում գործադրել Բայդէնի վարչակազմի վրայ, որպէսզի վերջինս անյապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողութիւններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու եւ արցախահայութեան անվտանգ եւ ապահով վերադարձի իրաւունքն ուժով պաշտպանելու ուղղութեամբ։
Մարտի 21-ին Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեանը, զոյգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայութիւնների եւ յատկացումների յանձնաժողովների նախագահներին հասցէագրւած նամակով՝ Յամբարեանը խիստ հանդիմանել է Բայդէնի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանութիւնը կանխելու եւ բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատւութեան ենթարկելու գործում։ Յամբարեանը նկատել է՝ վարչակազմը շարունակապէս հրաժարւում է ականջալուր լինել տասնեակ օրէնսդիրների կոչերին, բարձրաձայնւած մի շարք նամակներում եւ բանաձեւերում, որտեղ կոչ է արւում անյապաղ արձագանգել անցեալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետեւանքով տարածաշրջանի 120 հազար հայերը 10 ամսով զրկւեցին սննդի, վառելիքի, դեղորայքի եւ մարդասիրական ապրանքների հասանելիութիւնից: Յամբարեանը յայտարարել է՝ Բայդէնի վարչակազմը «ոչ միայն չկարողացաւ կաշկանդել Ադրբեջանին, այլեւ բազմիցս խթանել եւ քաջալերել է Բաքւի ագրեսիան»։
Եւրոպա
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը, փետրւարի կէսերին, նամակ է յղել Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահին՝ 2024թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցութիւնից զրկելու վերաբերեալ եւ կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցութեան դէմ։ Նամակն ուղարկւել է նաեւ Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտէին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտէին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպէս նաեւ սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։
Ելնելով Արցախի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից իրականացւած էթնիկ զտման փաստից` «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին՝ որպէս պետութիւն, ներկայացւած լինել գալիք Օլիմպիական խաղերում եւ թոյլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդէս գալ միայն չէզոք դրօշի ներքոյ։
Եւրոպական խորհրդարանը փետրւարի 28-ի իր լիագումար նիստում ընդունել է 2023թ. ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման, ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ տարեկան զեկոյցներ։
Եւրոպական խորհրդարանի երկու զեկոյցներն էլ կարեւոր դրոյթներ են պարունակում Ղարաբաղեան հակամարտութեան, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացւած էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպէս նաեւ ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների վերաբերեալ։
Մասնաւորապէս, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման զեկոյցը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ նախապէս ծրագրւած եւ չարդարացւած յարձակումը, կոչ անում Ադրբեջանի իշխանութիւններին թոյլ տալ հայ բնակչութեան անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրաւունքների պաշտպանութեան ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաեւ պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական եւ կրօնական ժառանգութիւնը՝ ԻՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին եւ Ադրբեջանի միջազգային պարտաւորութիւններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքւի յարձակումը որակում է որպէս միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների, 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան, ինչպէս նաեւ ԵՄ միջնորդութեամբ ընթացող բանակցութիւններում ձեռք բերւած պարտաւորութիւնների կոպիտ եւ ակնյայտ խախտում։
Եւրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եւրոպական միութեան եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի անհրաժեշտութեան մասին» բանաձեւը։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի դիրքորոշումը յիշեալ բանաձեւի վերաբերեալ հետեւեալն է․ «Հայ դատի Եւրոպայի գրասենեակը երախտապարտ է Եւրոպական խորհրդարանին՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութեան վերաբերեալ օբիեկտիւ դիրքորոշման համար։ Իբրեւ համաեւրոպական բնոյթի համայնքային կազմակերպութիւն՝ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը եւ իր տեղական յանձնախմբերն ակտիւօրէն աշխատել են եւ աշխատելու են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ աւելի ամուր, սերտ եւ դինամիկ կապերի հաստատման համար: Միեւնոյն ժամանակ, հաշւի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողութիւնները, փոխլրացնող արտաքին քաղաքականութիւնը Հայաստանի համար այն ուղին է, որով պէտք է առաջ շարժւել՝ յանուն ամուր եւ կենսունակ հայկական պետականութեան»։
Մարտի 24-ին Բրիւսէլում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նոր գրասենեակի բացման արարողութիւնը․ նշանակալի իրադարձութիւն նրա հիմնադրութիւնից՝ 2002 թւականից ի վեր: Ի խորհրդանշում Հայ դատի առաքելութեան օժանդակման՝ կարմիր ժապաւէնը կտրել են Մայք եւ Էւելինա Սարեանները, որոնց ընտանիքի առատաձեռն նւիրատւութեան շնորհիւ էլ ձեռք է բերւել նոր գրասենեակը։ Բացման արարողութեանը ներկայ են գտնւել տասնեակ հիւրեր, այդ թւում՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի երկարամեայ բարերարներ Րաֆֆի Արսլանեանը և Ատոմ Թենջուկեանը, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ դատի յանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, Եւրոպական միութիւնում ՀՀ առաքելութեան ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսեանը, բելգիացի պատգամաւորներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, ինչպէս նաեւ Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի եւ Միացեալ Թագաւորութեան հայ համայնքների ներկայացուցիչներ։
Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարաւային Կովկասում. կիզակէտում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմէյքերի եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի համագործակցութեան արդիւնքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիւանագէտներ, լրագրողներ եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ:
Քննարկման առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծութեան ենթարկել 2020 թ․ սեպտեմբերից ի վեր Հարաւային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնաւորապէս՝ Արցախեան հակամարտութեան լոյսի ներքոյ։ Բանախօսները միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների եւ միջազգային հանրութեան արձագանքի տեսանկիւններից ներկայացրեցրել են տարածաշրջանային զարգացումները։ Յատուկ ուշադրութիւն են արժանացել միջնորդական ջանքերի կարեւորութեան վերաբերեալ քննարկումները` անդրադարձ կատարելով յատկապէս Եւրոպական միութեան դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագայ հեռանկարները, հնարաւոր զարգացումները եւ կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրաւունքները պաշտպանելու համար:
«Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրիւսէլում, համախմբել է Եւրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանութեան ուղղութեամբ առաջիկայ անելիքները քննարկելու համար։ Քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացեալ Թագաւորութեան հայ համայնքների ներկայացուցիչները։ Հիմնական քննարկումները ծաւալւել են նաեւ ինքնորոշման եւ Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի հիմնարար իրաւունքների շուրջ։ Ընդգծւել է Հայաստան տեղահանւած 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրեւ ժամանակաւոր բնակութեան վայրերում նրանց արժանապատիւ կեանքն ապահովելու անհրաժեշտութիւն, մինչեւ իրաւունքների միջազգային պաշտպանութեամբ Արցախի հայութիւնը կարողանայ ապահով վերադառնալ հայրենիք:
Միացեալ Թագաւորութիւն
Միացեալ Թագաւորութեան եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի հրաւէրով Լոնդոնում գտնւող Հայաստանի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը մարտի 17-ին Լոնդոնի «Նաւասարդեան» կենտրոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հետ։ Միջոցառումն անցկացւել է Միացեալ Թագաւորութեան եւ Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքոյ, Միացեալ Թագաւորութեան Հայ դատի յանձնախմբի համակազմակերպմամբ:
Արման Թաթոյեանը ներկայացրել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած սահմանից ներս՝ յատկապէս Ներքին Հանդ, տեղում ստեղծւած հումանիտար իրավիճակը, քննարկել ցեղասպանական շրջափակումից յետոյ Արցախի բնիկ հայ բնակչութեան էթնիկ զտումները եւ անդրադարձել Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների խնդրին։ Միջոցառման մասնակիցները նաեւ շեշտել են սփիւռքի համախմբման կարեւորութիւնը՝ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան գործում։ Համայնքի անդամները բանախօսին հարցեր ուղղելու հնարաւորութիւն են ունեցել։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի կազմակերպմամբ եւ յանձնախմբի նախագահ Ա. Մոսկոֆեանի ուղեկցութեամբ՝ մարտի 18-ին Թաթոյեանն այցելել է Վեսթմինսթերեան պալատ եւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամների, այդ թւում խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ: Թաթոյեանը խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթումները, Արցախի էթնիկ զտումները, սահմանային անվտանգութեան եւ սահմանամերձ գիւղերի ու քաղաքների բնակչութեան իրաւունքների խախտումները եւ այլն։
Կանադա
Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրիւ Թըրները փետրւարի 22-ին այցելել է Տորոնտոյի «Հայ կենտրոն» եւ հանդիպում ունեցել ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկւել են Կանադա-Հայաստան երկկողմ յարաբերութիւնները։ Մտքեր են փոխանակւել Արցախեան հիմնախնդրի, ինչպէս նաեւ ՀՀ ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան հանդէպ կանադական կառավարութեան դրական դիրքորոշումների վերաբերեալ։
Արդէն փետրւարի 26-ին դեսպան Թըրներն այցելել է Մոնրէալի եւ Լաւալի «Հայ կենտրոններ» եւ մօտիկից ծանօթացել հայկական կենտրոնների եւ դրանց հովանու տակ գործող կազմակերպութիւնների տասնամեակների պատմութիւն ունեցող աշխատանքներին։
Դեսպանը նախ առանձնազրոյց է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ, որից յետոյ Հայ դատի Կանադայի յանձնախմբի գործադիր տնօրէնի, յանձնախմբի անդամների եւ համայնքային այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբը մարտի 3-ին, ի պատիւ կանադացի սենատոր Լէօ Հուսակուսի, կազմակերպել էր յատուկ ընդունելութիւն՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ համայնքային մի շարք կազմակերպութիւնների ղեկավարների ներկայութեամբ։ Միջոցառման բացման խօսքում Հայ դատի Լաւալի յանձնախմբի ատենապետ Հերակ Հերակլեանը ողջունել է սենատորին՝ բարձր գնահատելով վերջինիս երկարամեայ հայանպաստ գործունէութիւնը, նրա աշխատանքն Արցախեան հիմնախնդրի եւ դրան առնչւող տարբեր զարգացումների վերաբերեալ։
Իր հերթին սենատոր Հուսակուսը հաւաստել է Հայաստանին ու հայ ժողովրդին կանադական պետութեան բազմամեայ բարեկամութիւնը։ Սենատորը հանգամանօրէն անդրադարձել է Ղարաբաղեան հակամարտութեանը, Արցախի շրջափակմանն ու հայաթափմանը։ Հուսակուսը իր քննադատական կարծիքն է արտայայտել վերջերս կանադական կառավարութեան կողմից Թուրքիայի հանդէպ կիրառւած զինամթերքի արտահանման արգելքի մասին որոշման չեղարկման կապակցութեամբ։ Նա կանադահայ համայնքային կոչ է արել նոյն թափով շարունակել ակտիւ մասնակցութիւն ունենալ Կանադայի հասարակական-քաղաքական կեանքի բոլոր ոլորտներում եւ նաեւ այդպիսով հետապնդել Հայ դատի պայքարը։
Մարտի 16-ին Մոնրեալի «Հայ կենտրոն» է այցելել Կանադայի պահպանողական կուսակցութեան փոխնախագահ Մելիսա Լանթսմանը սենատոր Լէօ Հուսակուսի ուղեկցութեամբ եւ հանդիպել Հայ դատի Կանադայի յանձնախմբի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Հայ դատի Կանադայի յանձնախմբի նախագահ Խորէն Տիմիթեանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Ադրբեջանում կալանքի տակ գտնւող հայ ռազմագերիներին, Արցախի պատմական յուշարձանների դէմ իրագործւող ատրբեջանական վայրագութիւններին եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքին՝ շեշտելով, որ Արցախի եւ արցախահայութեան այսօրւայ իրավիճակը Կանադայի հայ համայնքին յուզող գլխաւոր հարցն է։
Իր խօսքում Մելիսա Լանթսմանը ներկայացրել է Կանադայի ներքաղաքական կացութիւնն ու ընդդիմադիր պահպանողական կուսակցութեան քաղաքական հայեցակարգը՝ նշելով, որ իշխանութեան հասնելու պարագայում, պահպանողական կուսակցութիւնը ինչպէս անցեալում, շարունակելու է համագործակցել Կանադայի հայ համայնքի եւ յատկապէս Հայ դատի յանձնախմբի հետ։
Իրան
Հայ Դատի Թեհրանի հանձնախմբի նախաձեռնութեամբ՝ փետրւարի 15-ին եւ 16-ին կազմակերպւեց «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Հայաստանից, Արցախից հրաւիրւած հիւրերի եւ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչների ու ազգային մարմինների մասնակցութեամբ:
15-րդ խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար»: Խորհրդաժողովի հիմնական թեմաներն էին Արցախի հիմնահարցն ու կորուստը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, տարածաշրջանային իրավիճակը, ապագայ հնարաւոր զարգացումները, ինչպէս նաեւ Հայ դատի յանձնախմբի անելիքները։
Խորհրդաժողովին մասնակցել եւ զեկոյնցեր են ունեցել ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ ԳՄ անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը, ՀԱԵ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանեանը, ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը, վերլուծաբան Արտոյտ Զոհրաբեանը, Սպահանի հայոց թեմից Վարուժ Մովսիսեանը եւ այլք։
Նոյն խորհրդաժողովի շրջանակում, փետրւարի 18-ին արդէն իրանական փորձագիտական շրջանակների եւ հիւրերի համար անցկացւեց «Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգութիւնը, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային սպառնալիքների շրջագծում» վերատառութեամբ խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի ընթացքում ելոյթներ ունեցան եւ տարածաշրջանային քաղաքական ու անվտանգային զարգացումներին անդրադարձան հայ եւ իրանցի մի խումբ փորձագէտներ:
Հայկական իրաւական կենտրոն
«Միջազգային եւ համեմատական իրաւունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակեան), Հայ դատի համակարգում գործող «Արդարադատութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնի» հովանու ներքոյ, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապէս հայ ութ զինւորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամայ անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Բոլոր գործերը ներկայացւել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։
ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդի կողմից ստեղծւած յիշեալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց հարկադիր անհետացումների մանրակրկիտ հետաքննութիւն՝ բացայայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպէս նաեւ մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելու իրաւական հիմքի ձեւաւորում։
Ներկայացւած գործերից իւրաքանչիւրում տուժած զինւորական անձինք եղել են կամ զօրակոչւած, կամ կամաւոր զինծառայողներ։ Ցաւօք, որոնողափրկարարական աշխատանքների արդիւնքում յայտնաբերւած աճիւնները չեն նոյնականացւել որպէս անյայտ կորած անձանց մասունքներ։
«Հայկական իրաւական կենտրոնը» ու «Միջազգային եւ համեմատական իրաւունքի հայկական կենտրոնը» շարունակում են աշխատանքը հայ ռազմագերիների, անհետ կորած անձանց, ինչպէս նաեւ կատարած պատերազմական յանցագործութիւնների համար Ադրբեջանին պատախանատւութեան ենթարկելու ուղղութեամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
02.04.2024 թ.