Իրան

«Գազայի խնդիրը պաղեստինեան ժողովրդի շարունակական պայքարի եւ դիմադրութեան խորհրդանիշն է». Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատանը կազմակերպւեց քննարկում՝ նւիրւած Պաղեստինում, մասնաւորապէս Գազայի հատւածում տիրող իրավիճակին:

Քննարկմանը ներկայ էին ՀՀ-ում Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ինչպէս նաեւ իրանագէտներ, փորձագէտներ, քաղաքագէտներ ու վերլուծաբաններ:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին իր խօսքում նշեց, որ քննարկման բուն թեման վերաբերում է մի խորը վերքի, որն աւելի քան եօթանասունհինգ տարի ցաւ է պատճառում առաջադէմ մարդկութեանը եւ մասնաւորապէս իսլամական աշխարհին:

«Պաղեստինն առանձին վերցրած ժողովրդի կամ ազգի խնդիր չէ, այն մի կողմից միջազգային իրաւունքի ճնշման ու անտեսման, միջազգային կազմակերպութիւնների անարդիւնաւէտ աշխատանքի նշան է, միւս կողմից մարկանց հիմնարար իրաւունքների պաշտպանութեանը միտւած պաղեստինեան ժողովրդի շարունակական պայքարի եւ դիմադրութեան խորհրդանիշն է: 1948 թւականից ի վեր պաղեստինցիների սերունդները տեղահանւել են ու սփռւել աշխարհի տարբեր կողմերում: Նրանց ժառանգութիւնը ոչ այլ ինչ է, քան տառապանք, տեղահանում, խոշտանգում եւ նահատակութիւն»,- ասաց Սոբհանին:

Դեսպանի խօսքով՝ տասնամեակներ շարունակ Պաղեստինի ճնշւած ժողովրդի հողերի իւրացումը եւ նրանց պատմական ու քաղաքակրթական ինքնութիւնը փոխելուն ուղղւած նպատակային ջանքերն աստիճանաբար կործանարար արդիւնքներ բերեցին համաշխարհային խաղաղութեան, անվտանգութեան եւ մարդկութեան համար:

«Արեւմուտքի երկակի քաղաքականութիւնը Պաղեստինի ժողովրդի հանդէպ այլ ելք չի թողել, քան դիմակայել օկուպացիային, ագրեսիային, իւրացմանը, բացայայտ ճնշումներին ու կոտորածին: Այս ողբերգութիւնները դեռ շարունակւում են ամենավատ դրսեւորումներով, եւ մենք այսօր ականատես ենք լինում, թէ ինչպէս են ամբողջ աշխարհի աչքերի առաջ Գազայի անպաշտպան մարդկանց ենթարկում կոտորածի: Եթէ որեւէ մէկը կարող է լռել Գազայի աղէտալի ցեղասպան պայմանների մասին, ուրեմն նա ոչինչ չգիտի մարդկայնութեան մասին: Ի՞նչ արդարացում կարող է ունենալ դպրոցների, հիւանդանոցների, անմեղ մարդկանց բնակարանների ռմբակոծումը: Գազայում այս ժամանակահատւածում սպանւած երեխաների թւաքանակը աւելին է, քան Աֆղանստանում եւ Իրաքում մի քանի տարւայ պատերազմի ու արիւնայեղութեան ընթացքում զոհւած երեխաների թւաքանակը: Պատերազմի վեց ամիսների ընթացքում սիոնիստական ռեժիմն այդ տարածքում իրականացրել է յանցագործութեան ու զանգւածային սպանութեան 2675 գործողութիւն, որոնց արդիւնքում 37534 մարդ նահատակւել կամ անհետ կորել է, 75298 մարդ վիրաւորւել»,- նշեց Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանը:

Սոբհանին տեղեկացրեց, որ զոհւածներից 13430-ը երեխաներ են, 8900-ը կանայք, 634-ը բուժաշխատողներ, իսկ 132-ը լրագրողներ են: Ներկայումս 17000 պաղեստինցի երեխաներ կորցրել են ծնողներից մէկին կամ երկուսին: Տեղահանութեան պատճառով Գազայի բնակիչներից 700000 մարդ տառապում է վարակիչ հիւանդութիւններով:

«Գազայի դէմ սիոնիստական ռեժիմի յարձակման հետեւանքով շուրջ երկու միլիոն մարդ տեղահանւել է: Տեղի մզկիթներից 217-ն ամբողջութեամբ աւերւել են, իսկ 284-ը ենթարկւել մասնակի աւերածութեան: 200 հնագոյն մշակութային կոթողներ ոչնչացւել են իսրայէլցի զինւորականների կողմից: Սիոնիստական ռեժիմի թիրախում են յայտնւել նաև երեք եկեղեցիներ: Յարձակումների ժամանակ ամբողջապէս աւերւել են 70000 բնակելի շէնքեր: Մինչ այժմ աւելի քան 70000 տոննա պայթուցիկ նիւթեր է կիրառւել Գազայի բնակչութեան դէմ: Այս ընթացքում շարքից դուրս է եկել 32 հիւանդանոց, 53 առողջապահական կենտրոն դադարեցրել է աշխատանքը, թիրախաւորւել են 355 առողջապահական հաստատութիւններ ու շտապօգնութեան մեքենաներ»,- մանրամասնեց դիւանագէտը:

Սոբհանիի բնութագրմամբ՝ Գազայի խնդիրը լոկ ՀԱՄԱՍ-ի խնդիրը չէ, այն Պաղեստինի էութիւնն է եւ արտայայտում է եօթանասունհինգ տարի շարունակ Իսրայէլի ճնշումների տակ գտնւող ժողովրդի տառապանքն ու ցաւը: Գազան, ըստ նրա, մէկ ամբողջութեան մի մասն է:

Related Articles

Back to top button