«Միասնութեան սիմւոլները խորտակելով միասնական չեն դառնում». Կարէն Խանլարեան
Ապրիլի 4-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամաւոր, տեխնիկական գիտութիւնների դոկտոր, պատմական գիտութիւնների թեկնածու Կարէն Խանլարեանը:
Քննարկւել են ազգային միասնականութեան գաղափարին, միասնականութիւնը խօսքից գործի վերածելու ուղիներին, այդ գործընթացի հիմնական դերակատարների անելիքներն վերաբերող հարցեր:
Կարեւորւել է միասնականութեան սիմւոլների պահպանման եւ դրանց շուրջ ողջ ազգը համախմբելու խնդիրը:
Ըստ Կարէն Խանլարեանի՝ մինչեւ վերջերս էլ այդ սիմւոլներից մէկը Արցախն էր, որ վերանկախացումից ի վեր առնւազն 30 տարի եղել է մեր միասնականութեան ոգեշնչման կարեւորագոյն բաղադրիչներից մէկը եւ ոչ մի պարագայում չի կարելի հրաժարւել այդ սիմւոլից՝ յայտարարելով, թէ Արցախի հարցը փակւած է:
Կարէն Խանլարեանն անդրադարձել է նաեւ հայրենիք–պետութիւն յարաբերութիւններին եւ այդ հասկացութիւնների փոխկապակցութեանը՝ նշելով, որ անհասկանալի են ՀՀ իշխանութիւնների այն յայտարարութիւնները, թէ հայրենիքը պարփակւում է պետական սահմաններով, ընդամէնը 29 հազար ութ հարիւր քառակուսի կիլոմետրում: «Արցախը, Նախիջեւանը, Արեւմտեան Հայաստանը մեր հայրենիքը չե՞ն… Հայրենիքը տւեալ ազգի կամժողովրդի բնօրրանն է, այն միշտ կայ, պարզապէս լինում է կամ ազատագրւած կամ բռնագրաււած: Պաղեստինցիներն, ինչ է, պէտք է հրաժարւե՞ն իրենց հայրենիքից: Ասորիները կամ այլ ժողովուրդներ, որ այսօր պետութիւն չունեն, ի՞նչ է, պէտք է յայտարարեն, որ հայրենի՞ք էլ չունեն»,- նշել է Կարէն Խանլարեանը: